Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ փոխնախագահ Վեմպի Սապուտրան քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմպի Սապուտրային։
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է էապես ընդլայնել կապիտալ ծախսերի ծավալները՝ առաջնահերթություն տալով տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում ենթակառուցվածքների զարգացմանն ու խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Քննարկվել են նաև Հայաստանի՝ «Միջին միջանցքում» ռազմավարական դերակատարության ընդլայնման, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տրանսպորտային և լոգիստիկ ուղիների գործարկման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման խթանման և արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում քննարկվել են ԱԶԲ-ի ֆինանսական գործիքակազմն ու աջակցության ծրագրերը, որոնք կարող են նպաստել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և միջազգային նոր շուկաներ ելք ապահովելուն։
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը COP17-ի նախապատրաստման և կազմակերպման գործընթացում, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվող տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։
Կողմերն ընդգծել են նաև ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը 2027 թվականի մայիսին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման գործում։
Leave a Reply