Նախարար Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Ֆինանսների և կենսաբազմազանության օրվա» բացման նիստին

Written by

in

Նախարար Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Ֆինանսների և կենսաբազմազանության օրվա» բացման նիստին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Երևանում ընթացող COP17-ի շրջանակում մասնակցել և ելույթ է ունեցել «Ֆինանսների և կենսաբազմազանության օրվա» բացման նիստին՝ «Ռիսկերից դեպի դիմակայունություն․ ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին» թեմայով։

Բացման նիստում ելույթ են ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունների դերը չի սահմանափակվում բյուջետային միջոցների հատկացմամբ․ նրանց որոշումները ձևավորում են տնտեսական խթանները, ներդրումային առաջնահերթություններն ու երկրների երկարաժամկետ զարգացման ուղղությունները։ Այս համատեքստում նախարարը կարևորել է բնապահպանական անգործության գնի հստակ գնահատումը՝ նշելով, որ այսօր բնության պահպանության անտեսումը վաղը կարող է վերածվել ծանր հարկաբյուջետային բեռի, մինչդեռ այսօր կատարվող ներդրումների օգուտները կզգան նաև հաջորդ սերունդները։

Նախարարը շեշտել է պետական աջակցության, մասնավոր կապիտալի և միջազգային ֆինանսավորման համադրման անհրաժեշտությունը։ Պետական միջոցներն ու կանխատեսելի քաղաքականությունը պետք է նպաստեն մասնավոր ներդրումների ներգրավմանը։ Միաժամանակ, քանի որ բնության պահպանության համար կենսական նշանակություն ունեցող ոչ բոլոր նախաձեռնություններն են ապահովում անմիջական առևտրային եկամուտ, դրամաշնորհներն ու արտոնյալ ֆինանսավորումը շարունակում են մնալ անհրաժեշտ գործիքներ։

Անդրադառնալով COP17-ի՝ Հայաստանի երկամյա նախագահությանը՝ Վահե Հովհաննիսյանը կարևորել է կառավարությունների, ֆինանսական հաստատությունների և համայնքների համագործակցությունը՝ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը գործնականում կյանքի կոչելու համար։ Նա նաև ընդգծել է COP-ի հարթակում փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման դերը՝ ազգային քաղաքականությունների կատարելագործման ու նպատակային բարեփոխումների իրականացման գործում։

«Մեր աշխատանքի արժեքը կչափվի ոչ միայն հայտարարված հանձնառություններով, այլև գործնականում արձանագրվող իրական փոփոխություններով՝ մեր պահպանած էկոհամակարգերով, համայնքների համար ստեղծված հնարավորություններով և հաջորդ սերնդին փոխանցվող բնական ժառանգությամբ»,– նշել է նախարարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *