«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում

Written by

in

2026 թվականի հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆե եւ Լա Պալմա կղզիներում տեղի ունեցավ ութերորդ Starmus փառատոնը, որի կարգախոսն էր «Ճշմարտության որոնումը» (The Search for Truth):
Հիմնադրումից 15 տարի անց գիտությունն ու արվեստը միավորող այս բացառիկ փառատոնը վերադարձավ «ծննդավայր». առաջին Starmus փառատոնը կայացել էր Տեներիֆեում եւ Լա Պալմայում 2001 թվականին: 
Starmus VIII փառատոնի մեկնարկից առաջ նրա հիմնադիրները՝ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը եւ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, մեկնաբանել էին կարգախոսի ընտրությունը:
Բրայան Մեյը, մասնավորապես, ասել էր. 
«Գիտությունն այս պահին սպառնալիքի տակ է: Ճշմարտությունն էլ է սպառնալիքի տակ: Եվ շատ շուտով մեզ համար շատ դժվար կլինի իմանալ, թե որն է ճշմարտությունը: Սա է Starmus-ի հաջորդ թեման՝ ճշմարտության որոնումը: Ինչպե՞ս ենք որոշում, թե ինչ է ճշմարտությունը: Ինչպե՞ս ենք այն գտնում: Ինչպե՞ս ենք խոսում դրա մասին»: 
Հոկտեմբերի 17-ին կայացավ փառատոնի բացման «Symphony of the Stars» համերգը, որի հիմնական դերակատարներն էին Բրայան Մեյը, իտալացի տենոր Անդրեա Բոչելին եւ անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը: 
Նախքան բուն համերգի մեկնարկը կայացավ նաեւ 10 տարի առաջ հիմնադրված Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհման արարողությունը: 
Մեդալին արժանանում են մարդիկ, որոնք հանրահռչակում են գիտությունը՝ ամենատարբեր եղանակներով: Ավելի վաղ այս տարի Գարիկ Իսրայելյանն ու Բրայան Մեյը Սթիվեն Հոքինգի անվան մեդալը շնորհել էին ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթին ու բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսին: 
Հոկտեմբերի 17-ին Տեներիֆեում մեդալին արժանացան ս.թ. ապրիլին Լուսնի շուրջ տասնօրյա թռիչք կատարած Artemis II առաքելության չորս անդամներից երեքը՝ NASA-ի տիեզերագնաց, տիեզերանավի հրամանատար Ռիդ Ուայզմանը, NASA-ի տիեզերագնաց Վիկտոր Գլովերը եւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը: 
Մրցանակները նրանց հանձնեց Starmus-ի երկարամյա բարեկամ եւ աջակից, տիեզերագնաց, Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատար Քրիս Հեդֆիլդը:
Ռիդ Ուայզմանն ասաց, որ «երբ Լուսնից նայում ես Երկրին, որն այնտեղից բթամատի չափ է երևում, ուզում ես սիրո, խաղաղության, հույսի և միասնության կոչ անել»:
Ջերեմի Հանսենն էլ նշեց, որ «երբ Երկիրը տեսնում ես Լուսնի հեռավորությունից, առաջին միտքը սա է՝ ի՞նչ ենք մենք անում այդ կապույտ կետի վրա»։ 
Վիկտոր Գլովերը փոխանցեց անձնակազմի չորրորդ անդամի՝ Քրիստինա Քոքի ողջույնները։ Վերջինս չէր կարողացել Տեներիֆե ժամանել զբաղվածության պատճառով. նոյեմբերի 1-ից նա դառնալու է NASA-ի գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնակատար։ Գովասանքի խոսքեր ասելով Starmus-ի հիմքում կանգնած տեսլական ունեցող մարդկանց հասցեին, Գլովերը մեջբերեց Օտտավայում՝ Կանադայի խորհրդարանի շենքում, փորագրված արտահայտությունը. 
«Որտեղ տեսլական չկա, ժողովուրդը կործանվում է»։
Գարիկ Իսրայելյանը խոստովանում է, որ «STARMUS-ը շատ ավելի մեծ երեւույթ դարձավ, քան մենք երբեւէ պատկերացնում էինք»։ 
«Տարիների ընթացքում Սթիվեն Հոքինգի անվան մեդալը դարձավ գիտական հաղորդակցության «Օսկար» եւ պատվեց նրանց, ովքեր ամենաբարձր մակարդակով գիտելիք եւ ոգեշնչում են պարգեւում հասարակությանը», – նշեց նա: 
Ինչպես միշտ, այս անգամ եւս Starmus փառատոնի բոլոր օրերին գործում էր «գիտական ճամբարը»: Սանտա Կռուզ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղակայված ճամբարի այցելուները հանդիպում էին Starmus-ի խոսնակներին, դասախոսություններ էին լսում, իսկ երեկոյան հավաքվում էին համերգներ վայելելու:
«Starmus-ը պարզապես փառատոն չէ: Այն հարթակ է գիտությունը պաշտպանելու, քննական մտածողությունը խթանելու եւ հեղինակավոր ու պատասխանատվությամբ խոսող ձայները միավորելու համար: Եթե ուզում ենք պաշտպանել գիտությունը, ճշմարտությունը եւ կյանքը Երկրի վրա, մեզ անհրաժեշտ են հզոր գործընկերներ (հաստատություններ, լրատվամիջոցներ, կրթողներ), որոնք պատրաստ են լրջորեն զբաղվել սրանով», – ասում է Գարիկ Իսրայելյանը:
Առաջիկա օրերին ձեզ կպատմեմ Starmus VIII փառատոնի հետաքրքիր դրվագների եւ մասնակիցների մասին:
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: 


Dexatel
-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։ 

Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *