Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին իր գործերին միջամտելու համար

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը երկրի «ներքին գործերին միջամտելու փորձ» է որակել Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրման մասին:

«Ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր երկրի ներքին գործերին, ներառյալ դրա կրթական քաղաքականությունը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

 

Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց «զբաղվել սեփական երկրի խնդիրներով»:

 

Մասնավորապես, նախարարությունում նշել են, որ Իրանի վարած քաղաքականության հետեւանքով այդ երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներեն լեզվով: Ադրբեջաներենով ուսուցում չի իրականացվում նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

«Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչները տեղաբնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ ի վեր զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», – նշվում է հայտարարության մեջ:

 

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը եւ հայտարարել է «ազատ կրթական միջավայր» ստեղծելու անհրաժեշտության մասին:

 

Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի ուսումնական հաստատությունները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ «հագուստի ձեւը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն»:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *