Օրհան Փամուքի գրական ճամփան հարթած «պարոն Գևորգը»

Written by

in

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուքը բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հունիսին, հրատարակել է իր նոր գիրքը՝ «Բառեր և նկարներ» վերնագրով, որտեղ տեղ են գտել նրա հուշերի ընտրանին, հոդվածներ, հարցազրույցներ։ Պատմելով իր գրական գործունեության սկզբնական փուլի մասին՝ գրողն անդրադառնում է այն փաստին, որ 1980-ականների սկզբին, երբ պատրաստ է եղել նրա առաջին վեպը, մեծ դժվարությունների է հանդիպել դա հրատարակելու հետ կապված։ Տարբեր հրատարակչություններ մերժել են սկսնակ գրողին, իսկ մի հրատարակչություն չնայած որ սկզբում համաձայնվել է տպագրել գիրքը, հետո սկսել է շարունակ հետաձգել, և Փամուքը ստիպված է եղել մոտ երեք տարի անարդյունք սպասել։ Այդ ամենը լրջագույն հոգեբանական խնդիրներ էր ստեղծել գրողի մոտ, իսկ նրա ընտանիքում անհանգստություն առաջ բերել իրենց որդու ճակատագրի հետ կապված։ 

Ի վերջո, տարիներ տևած այդ վիճակից հետո, հարցը կարգավորվել է և Փամուքը հետևյալ կերպ է նկարագրում դրա հանգուցալուծումը․ 

«Իմ Գյոնուլ հորաքրոջ ամուսինը՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան, մեր փեսա Իլհան Աքընըն էլ ինձ համար անկեղծորեն անհանգստանալով՝ փորձում էր ինչ-որ բան անել և մասնակցում էր ընտանեկան բազմամարդ քննարկումներին։ Եվ մի օր ասաց հետևյալը. «Մեր ֆակուլտետից Գևորգը առևտրական հարցերով շատ լավ իրավաբան է և փաստաբան: Նա ասում է, որ կարող է քեզ օգնել»: 

Այնուհետև երիտասարդ Օրհան Փամուքը իր հորաքրոջ ամուսնու միջոցով ծանոթանում է հայազգի իրավաբան և ներկայումս համաշխարհային անուն ունեցող տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հոր՝ Գևորգ Աջեմօղլուի հետ: «Նոբելյան դափնեկիր տնտեսագետ Դարոն Աջեմօղլուի հոր՝ դոցենտ Գևորգ Աջեմօղլուի հետ ահա այդպես ցանոթացանք: Շատ հաճելի, հումորով և խելացի մարդ էր պարոն Գևորգը», – գրում է Փամուքը: Հայազգի փաստաբանը Օրհան Փամուքի հետ գնացել է «Քարաջան հրատարակչություն», որի ղեկավար Ուլքու Թամերը մի քանի տարի շարունակ ձգձգել և ի վերջո մերժել է հրատարակել գրողի առաջին գիրքը: «Մեր այցի ժամանակ պարոն Գևորգը Ուլքյու Թամերին շատ բարեհամբույր էր վերաբերվում, նրան չսպառնաց, զրուցում էին այստեղից-այնտեղից: Սակայն զրույցի ընթացքում հանկարծակի ինձ մատնացույց անելով՝ ասես վիրավորված երեխայի է ցույց տալիս, ասաց. «Եթե նրա վեպը չհրատարակեք, ապա դատի կտամ, շատ լուրջ եմ ասում»: Թամերը, որը երեք տարի բացարձակ ուշադրություն չէր դարձնում իմ բոլոր խնդրանքներին, իմ համառ այցերին, իմ երկար սպասելուն, այդ «դատի կտամ» արտահայտությունից շատ ազդվեց: Ես այդպես էլ երբեք լիովին չհասկացա, թե այդ բանաստեղծ-խմբագիրը՝ Թամերը ինչո՞ւ միանգամից վախենալով՝ մի վայրկյանում միտքը փոխեց: …«Քարաջան հրատարակչությունը» 1982 թ. մարտ ամսին հրատարակեց իմ առաջին վեպը՝ «Ջևդեթ բեյը և որդիները»»: 

Արդեն դրանից հետո հրատարակվել են Օրհան Փամուքի մյուս գրքերը և սկսվել է նրա գրական ճանապարհը, որը բերել է համաշխարհային ճանաչման, փառքի, իսկ 2006 թվականին՝ Նոբելյան մրցանակի: Փաստորեն ապագա Նոբելյան դափնեկրի գրական ուղին իրավական, կազմակերպչական առումով հարթվել է հայազգի իրավաբանի շնորհիվ, սակայն նկատենք, որ Օրհան Փամուքը շնորհակալությամբ հիշելով Գևորգ Աջեմօղլուին՝ չի նշում նրա հայ լինելու փաստը: Հարկ է նաև փաստել, որ Գևորգ Աջեմօղլուն լինելով ձախակողմյան քաղաքական գաղափարների կրող՝ ոչ միանշանակ կերպար է և թուրքական մամուլում տարբեր տարիներին հրապարակել է հոդվածներ հայկական թեմատիկայով, որոնք մի կողմից փաստերի ոչ ճիշտ մեկնաբանություն են պարունակում, մյուս կողմից՝ համընկնում են Թուրքիայի պետական թեզերին։ 

Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *