Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական ճեպազրույցում խոսել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մասին և այդ մարմինների լիազորությունների մասին սխալ տեղեկություն փոխանցել։
Նախընտրական շրջանում հանդիպող ընտրախախտումների վերաբերյալ խոսելիս վարչապետը, մասնավորապես, ասել է․ «Հայաստանում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կան, թող իրենց աշխատանքը անեն։ Բայց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին էլ ասում ենք՝ ինչի՞ չեք․․․, ձեր ռեակցիան ո՞րն է, իրենք էլ ասում են՝ մենք դիմում չենք ստացել, իսկ օրենքով մենք կարող ենք գործել միայն դիմումի հիման վրա»։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի փոխանցած տեղեկությունը չի արտացոլում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ օրենքով սահմանված լիազորությունների ամբողջ շրջանակը։
Իրականում ԸԸՀ լիազորությունների շրջանակը միայն դիմում ստանալով կամ չստանալով չի սահմանափակվում, և դիմումի հիման վրա որևէ գործողություն ձեռնարկելը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորություններից մեկն է։
Այսպես, Ընտրական օրենսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները։ Ըստ այդմ, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերապահված է իր սպասարկման տարածքում Ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։ ԸԸՀ-ն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկություններ է պարտավոր հաղորդել, այդ թվում՝ հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված օրենսդրական միջոցների մասին։ Նշված դրույթներից ոչ մեկում վերահսկողությունը պայմանավորված չէ նախապես դիմում ստանալով։
Նույն հոդվածում առանձին կետով նշվում է նաև, որ «ԸԸՀ-ն քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումները․․․»։
Բացի այդ, Ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածը որոշակի դեպքերում նախատեսում է ընտրական հանձնաժողովների՝ սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ իրականացնելու հնարավորություն։ Մասնավորապես, եթե ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին և դրա հիման վրա վարչական վարույթ չի հարուցվում, հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնել վարչական վարույթ։
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, ընդ որում՝ նման դեպքերում առանձին ակտի տեսքով որոշում ընդունելը պարտադիր չէ։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների խնդիրների մասին
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերահսկողական գործունեության վերաբերյալ խնդիրներ է արձանագրել նաև «Անկախ դիտորդ» դաշինքը։ Հոկտեմբերի 21-ին հրապարակված զեկույցում դիտորդներն արձանագրել են 70 խախտում, որոնց մեծ մասը վերաբերել է քարոզչական պաստառների տեղադրման կանոններին։
Զեկույցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Մարտունի համայնքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ոչ հետևողական վարքագծին։ Դիտորդների արձանագրմամբ՝ համայնքում բազմաթիվ քարոզչական պաստառներ տեղադրված են եղել չնախատեսված վայրերում, այդ թվում՝ առևտրային օբյեկտների մակերեսներին, սակայն դրանց վերաբերյալ գործողություններ չեն ձեռնարկվել։
Դաշինքն իր եզրակացությունում նաև գնահատել է, որ արձանագրված խախտումների քանակը և տարբեր համայնքներում դրանց կրկնվող բնույթը վկայում են, պետական շատ մարմինների և մասնավորապես, Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից պատշաճ ու անկողմնակալ վերահսկողության բացակայության մասին։
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակայնորեն փոխանցած պնդումը, թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները միայն դիմումների հիման վրա են գործում, չի համապատասխանում Ընտրական օրենսգրքով սահմանված լիազորությունների ամբողջ շրջանակին։
Օրենսգրքի 52-րդ հոդվածով ԸԸՀ-ներին վերապահված է ոչ միայն ստացված դիմումների քննարկումը, այլև ընտրական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Ընդ որում, օրենքը այդ վերահսկողական լիազորության իրականացումը չի պայմանավորում պարտադիր դիմումի առկայությամբ։
Ավելին՝ Ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածը որոշակի դեպքերում ուղղակիորեն նախատեսում է ընտրական հանձնաժողովների՝ սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ իրականացնելու հնարավորություն։
Հասմիկ Համբարձումյան
Leave a Reply