Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք նրա «Բացակայություններ» նոր ժողովածուի մասին, որը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։
– 2016 թվականին զրուցում էինք քո առաջին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծական ժողովածուի մասին։ Նոր գիրքը գալիս է լրացնելո՞ւ տասը տարվա բացակայությունը, թե՞ ասելու՝ որքան լեցուն էր բացակայությունդ։
-Տասը տարին այնքան շատ է թվում, երբ ապագայում է, իսկ երբ արդեն անցել է՝ մեկ ակնթարթ։ Դժվար է գրելը, իսկապես։ Հրապարակելը գրածներդ՝ առավել դժվար։ Եվ եթե մենք ապրեինք մի աշխարհում, որտեղ ոչինչ տեղի չի ունենում բացի նրանից, որ տարվա եղանակները հաջորդում են իրար, գուցե հեշտ լիներ։ Բայց մեր կյանքը այլ է։
Ամեն օր ապրում ենք, այսպես ասած, պատմական իրադարձություններ, որոնք ցնցում են մեր դրսի ու ներսի աշխարհները։ Հետեւաբար նաեւ տեքստերը։ Գիրքը հրատարակության պատրաստելուց առաջ կարդում էի հին գործերս ու հասկանում, որ դրանք լրիվ այլ մարդ է գրել, լրիվ այլ ժամանակներում։ Ես չեմ, հաստատ ո՛չ այսօրվա Արմենը։ Այդ մտքերը վաղուց պոկվել ու հեռացել են ինձնից։ Պետք չէ ստիպողաբար դրանք բերել ու կարել ինձ, իմ գրքին։ Եվ ահա այս ներքին վեճերը ստեղծեցին տասնամյա բացակայությունս։ Բայց նաեւ ներկայությունս։
– Տարիները փոխո՞ւմ են ձեռագիրը, լեզուն, ասելիքը, հայացքը։
– Տարիները շատ խելացի են։ Փորձում են քեզ էլ այդ հոսանքի հետ տանել։ Այս ընթացքում՝ տասը տարում, փոխվել է իմ ամեն ինչը։ Կյանքս, մտքերս, ընկալումներս, մարմինս, հետեւաբար նաեւ տեքստերս։ Հիմա առավել զգույշ եմ ընտրում բառերը։ Դրանք խոցում են, ծակում, նույնիսկ՝ սպանում։ Ուրեմն զենքին պետք է զգուշորեն վերաբերվել։ Այս գրքում, օրինակ, հղումները շատ են։ Ոչ թե ինտելեկտուալ սնոբիզմի անվճար ախտորոշում ունեմ եւ իմ բանաստեղծությունները այդպիսին եմ կարծում, այլ պարզապես հղումներով են դրանք գրվել, ոչ հատուկ, իհարկե, երբեմն ինքնովին, ինքնահոսի։ Եվ գուցե մի օր ընթերցում կազմակերպեմ գրքիս եւ փորձեմ կարդալ ու մեկնաբանել տեքստերս։
– Գրքիդ պոլիգրաֆիական ինքնատիպ լուծումները (կոպտակար, հաստ կազմի բացակայություն) ցույց են տալիս տպագիր գրքի անցած ճանապարհը՝ միաժամանակ ընդգծելով բացակայությո՞ւնը, որից ծնվել է այս ժողովածուն։
– «Վերնատուն» հրատարակչության հետ երկար ճանապարհ ենք անցել։ Ներսեսի, Լիլիթի, Կարինեի, Արփինեի։ Նրանց հետ անթիվ-անհամար գրքեր ենք հրատարակել։ Հեշտ է կարծիք ասելը գրքի մասին, որը քոնը չէ։ Բայց վիճակը կտրուկ փոխվում է քո՛ գրքի դեպքում։ Եվ ահա եղավ հենց այդպես։ Լիլիթ Ալթունյանին, որը հրաշալի կյանք ու ծնունդ է տվել իմ տեքստերին իր ձեւավորմամբ, ասացի, որ լրիվորեն վստահում եմ իրեն եւ չեմ ուզում միջամտել բոլոր դետալներին։
Լիլիթը կարդաց գիրքը, ու հանդիպեցինք։ Երբ տեսա էսքիզը, հասկացա, որ ամբողջովին ճիշտ է զգացել ու շոշափել բացակայությունները։ Եվ ահա դրանք արտահայտված են պոլիգրաֆիական ու ձեւավորման անշփոթելի լուծումներում։ Շնորհակալ եմ նրան, միշտ ասում եմ, որ նաեւ իր շնորհիվ է, որ մարդիկ հաճույքով են ձեռքում պահում գիրքս։ Դեռ կարդալուց առաջ պետք է այն պինդ բռնել։
– Իսկ ի՞նչ է ասում գրքի վրա նրբորեն փորագրված չարենցյան «Գիրք ճանապարհին»։
– Մտածում էինք ժամանակակից գրողների գործերի հրատարակման համար նոր շարք ստեղծելու ուղղությամբ։ Բայց, չգիտես ինչու, անընդհատ թողնում էինք վաղվան։ Երբ հերթը իմ գրքին հասավ, ասացի, որ այն արժանի չէ «Կարդալիք» մատենաշարով հրատարակվելու։ Դա՝ մեկ։ Եվ հետո՝ ես չէի ուզում ունենալ կոշտ կազմով գիրք։ Պոեզիան պետք է սրտին մոտ լինի։ Կոշտ կազմը սրտին չես սեղմի։ Կար նոր շարքի գաղափարը, բայց դեռ չէր տրվել անունը։ Պետք է լիներ գիրք, որը կվերցնես հետդ ու կտանես՝ ուր որ ուզես։ Ճանապարհին կարդալու համար։ Այսինքն՝ պետք է լիներ մի գիրք, որը ճանապարհի ընկեր էր հավակնում լինելու։ Գիրք ճանապարհի։ Ե՛վ այս իմաստն է, եւ՛ իհարկե հղում է Չարենցի հայտնի ժողովածուին։ Եթե մեկ հարվածով կարող էինք երկու նապաստակ խփել, ինչո՞ւ ոչ։
– Ալեքսանդր Թոփչյանը բանաստեղծություններդ նմանեցրել է գեղեցիկ բնանկարների, որոնք օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ են ընկալվում (2019)։ Չգիտեմ՝ երջանկահիշատակ գրականագետի դիտարկման ազդեցությամբ է, թե ընթերցողական պարզ ընկալմամբ, բայց իսկապես կային գործեր, որոնք, թվում է, բառերով նկարել ես։
– Հիմա եթե սկսեմ խոսել պարոն Թոփչյանի մասին, գուցե իմ մասին խոսեմ։ Միշտ խուսափում եմ։ Հավակնոտ խոսակցություն է։ Նրա հետ երկար նամակագրություն ունեմ գրականության մասին, որ մի օր կհրապարակեմ։ Մեր զրույցները մեծապես ազդել են ինձ վրա։ Գիտեք, ընկերություն ենք արել։ Իսկապես ընկերներ ենք եղել։ Չկար գոնե մեկ շաբաթ, որ Փարիզից չզանգեր, կամ ես չզանգեի, ու չզրուցեինք։ Պատմում էինք մեր կարդացած հին ու նոր գրքերի մասին։ Նա շա՜տ մեծ է, դեռ լիովին չենք գիտակցում նրա դերը։ Գարունականներ, նոր սերնդի մուտք։ Ինչեր ասես, որ չի արել։ Հարյուրի հասնող գրքերի թարգմանություն ֆրանսերենից։ Եվ երբ մի օր զանգեց ու ասաց, որ գրախոսել է գիրքս, աշխարհն իմն էր։ Իմ գրքի մասին հոդված էր գրել 20-րդ ու 21-րդ դարերի մեծագույն ու նրբաճաշակ գրաքննադատներից մեկը, իսկ ուրիշ ի՞նչ կարելի է երազել արթմնի։ Հա, նկարելու ու նկարագրելու մասին հարցրիք։ Այո, սակավաբառությունը մղում է նկարելու։ Կամ էլ հակառակը։
– Դու նկարում ես քաղաքն ու նույնանում նրա հետ, ներհյուսվում հրապարակի շատրվաններին, աղմուկին, փողոցով անցնող մարդկանց։ Ի՞նչ է քաղաքը քեզ համար՝ հանգի՞ստ, անհանգստությո՞ւն, շարժո՞ւմ, բացակայությո՞ւն, ինքնությո՞ւն, թե՞ հոգեվիճակ։
– Քաղաքն ու քաղաքներն այնքան մեծ տեղ ունեն իմ գրքում, որ դրանց առանձին շարք եմ նվիրել։ Քաղաքը՝ մերը՝ մայրաքաղաքը, ինձ համար երկրորդ տուն է։ Ինչու երկրորդ, որովհետեւ ես գյուղում եմ ծնվել ու իմ տունը գյուղն եմ համարում։ Ժամանակին, երբ Երեւանը հեռավոր մի վայր էր, ձգտում էի իմը դարձնել։ Պարտադիր ապրել ու աշխատել։ Բնակարան գնել։ Իսկ ի՞նչ է լինում, երբ հասնում ես այդ ամենին։ Դե, ինչպես միշտ։ Այն երազանքից վերածվում է նպատակի, հետո իրականության, հետո սովորական մի բանի։ Բայց այդ սովորականությունն է, որ ինձ տվեց թեւեր, կյանք, ընկերներ ու միջավայր, որտեղ ես ձեւավորվեցի ու թռիչքի համար թեւեր կարեցի ուսերիս։ Երեւանը այդ թեւերն է։ Բայց Դեդալոսի պես ինձ զգուշացրել է շատ բարձր չթռչել, որ չայրվեն։
– Ու ոչ միայն քաղաքը. լսվում է նաեւ արտերի վրայով անցնող քամու սվվոցը։ Շատ կշեղվե՞նք գրքիդ թեմայից, եթե պատմես՝ ինչպես ես հոգ տանում աշխատասենյակիդ ծաղիկներին։
– Եթե ես ծնված լինեի ժառանգություն ստացած, այնքան մեծ, որ չաշխատեի երբեք, կլինեի գյուղատնտես։ Զարմանալի՞ է։ Տատս ջերմոցներ ուներ եւ բանջարեղեն էր աճեցնում։ Գիտակից տարիքից, ինչ ինձ հիշում եմ, նրան օգնել եմ, խնամել բույսերը։ Եղունգներիս տակ միշտ հող է եղել։ Դա շատ հաճելի մի բան էր, որ իմ սրտում պահել եմ գրասենյակային իմ այս կյանքում։ Եվ կարոտելով հողը՝ չեմ ուզում այն լրիվորեն բաց թողնել իմ կյանքից։ Քառասունչորսօրյա պատերազմը ավարտվել էր, բայց իմ դեպրեսիան՝ ոչ։ Եվ ծաղիկներ աճեցնելը ինձ օգնեց։ Դուրս եկա մելամաղձությունից։ Վան Գոգի բառն է։ Խնամելը, հոգ տանելը օգնեցին։ Եվ այդ տասնյակ բույսերը, որ տեսնում ես իմ աշխատասենյակում, աճեցրել եմ, խնամել ու խնամում։ Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։
– Ընթերցո՞ղը, գրական միջավա՞յրը, թե՞ ժամանակն է գրողին դարձնում գրող։ Գիրքդ հասցեատե՞ր ունի, եւ ո՞վ է նա՝ համաժամանակյա՞, թե՞ տարաժամանակյա ընթերցողը, հա՞յը, թե՞ օտարը։
– Գրող ծնվում են։ Պապս չուներ կրթություն, միայն տառերն էր սովորել, որ կարողանար գրել անունն ու ազգանունը։ Բայց միայն լսեիք, թե ինչպես էր պատմում։ Ի՜նչ պատմող էր։ Վարպետ պատմող։ Իսկական գրող կլիներ, եթե գրի առներ այդ պատմությունները։ Ռոբերտո Արլտն էլ է եռամյա կրթություն ունեցել, բայց այսօր համարվում է լատինամերիկյան գրականության նոր վեպի հիմնադիրը։ Գրողի համար կրթությունը փաստորեն կարող է եւ կարեւոր չլինել։ Ես գրել սկսել եմ ինը տարեկանից։ Ձեռագիր տետրեր կամ, այսպես ասած, գրքույկներ շատ ունեմ։ Եթե դրանք տպագրեի ժամանակին, այս նոր գիրքս չգիտեմ՝ որերորդը կլիներ։ Հաստատ ոչ երկրորդը։
Արմեն Սարգսյանը
Գրող դարձել եմ, հետեւաբար, իմ ամբողջ գիտակից կյանքի խմորումների արդյունքում։ Եվ ազդել է տեքստերիս վրա ամեն բան։ Բոլոր գրողներն ուզում են համաժամանակյա ընթերցողներ ունենալ։ Գրականությունը ծնվում է իր ժամանակում ընթերցվելու համար։ Այլ բան է, որ հանգամանքների բերումով երբեմն այդպես չի լինում։ Բայց գրել այսօր ու կարդացվել այսօր բանաձեւը ամենաճիշտն է։
– Ի դեպ, հայերենի քո իմացությունից զերծ չեն մնացել տողերդ։
– Հայերենը միակ բանն է, որ ես գիտեմ այս կյանքում։ Կամ փորձում եմ իմանալ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը՝ բանասիրությունը։ Եվ գիտելիքներս, չգիտեմ, ինձ օգնո՞ւմ են գրելիս, թե՞ խանգարում։ Օգնում են, որովհետեւ գիտեմ, թե ինչպես գրել։ Խանգարում են, որովհետեւ դարձյալ գիտեմ, թե ինչպես գրել։ Իսկ հաճախ ավելի լավ է չիմանալը։
– Գրքում ծանոթ կերպարներ ու պատմություններ կան՝ Լուսինե Հովհաննիսյանի Երեւանը, Արամ Ավետիսի քաղաքը, վազվզող Ռոզան, սցենարներ գրող Արթուրը, Ալիս Գեւորգյանն ու նրա լուսավոր որդին՝ Դավիթը… Մի ողջ սերնդի կենդանի տարեգրություն։ Բանաստեղծությունը եւ՛ ապրում է, եւ՛ վավերագրությո՞ւն։
-Այդ ամենի անունը կյանք է։ Իմ ընկերները իմ կյանքն են։ Այդ բոլոր մարդկանց, որոնց անունները տվեցիր, եւ նրանք, որ մնացին անանուն, բայց կան իմ տեքստերում։ «Բացակայություններ»-ը մաքուր վավերագրություն չէ, բայց վավերագրություն է, այո։ Վավերագրական պոեզիա չէ, բայց վավերագրող պոեզիա է։ Բառախաղ չեմ անում։
Ինչպե՞ս ասեմ, որ ճիշտ լինի։ Կյանքի մասին տեքստեր են։ Կյանքը մարդիկ են, որ ապրում են մեզ հետ։ Շատերը գուցե չգիտեն, որ հայտնվել են իմ գրքում։ Կարդան, կիմանան։ Երբեմն ընկերներիս հետ նամակագրություններն եմ վերածել բանաստեղծությունների՝ ցույց տալով, որ բանաստեղծությունը սուրբ բան չէ, շատ վեհ չէ, այլ հողակցված երեւույթ է։
– «Կենսաբանություն» վերնագրված գործում գրում ես. «Կյանքը թափանցում է կյանքը»։ Իսկ կյանքը կարո՞ղ է նաեւ բացակայել կյանքում։ Գիտեմ՝ այս հարցս մի տեսակ նման է «Ի՞նչ է կյանքը» հարցին։
-Ինչ լավ է, որ հարցրիր այս բանաստեղծության մասին։ Սա մաքուր փորձարարություն է։ Վերցրել եմ կենսաբանության դպրոցական դասագիրքը։ Բացել պատահական էջ ու բանաստեղծություն դարձրել այդ էջի տեքստը։ Քանի որ նաեւ ստեղծագրություն եմ դասավանդում, օրինակ եմ ստեղծել, որ ամեն բան պոեզիա է, պարզապես պետք է պոետական աչքով նայել կյանքին։
– «Որքան կարճ է ճանապարհը Երաժշտությունից մինչեւ պատերազմ»։
Կարելի է նաեւ այսպես գրել պատերազմի մասին, ու անհնար է չանդրադառնալ դրան։ Արմեն, ի՞նչ է փոխել քո բանաստեղծության մեջ 2020 թվականը։
– Պատերազմը գլխիվայր շրջել է այն ճանապարհները, որոնցով ընթանում էինք։ Փոխել է մարդկանց, ինձ։ Երկու տարբեր մարդիկ են նախկին ու այսօրվա Արմենը։ Երազանքների ու նպատակների ցանկերն է թարմացրել։ Եվ ամենակարեւոր բանը՝ առաջնահերթությունների ցանկը։
Եթե առաջ ապրում էինք ինչ-որ անիրական նպատակակետի հասնելու համար, ապա այսօր, վերագնահատելով ունեցածը, ես ապրում եմ եւ անչափ երջանիկ եմ ապրելու հնարավորության համար։ Եվ հասկանում ես, որ կյանքը պետք չէ փնտրել ապառնի ժամանակներում, այն անկատար ներկա է։
– Գրքի երեւանյան փառատոնին ուղարկված անձնագրի պատճենը իրակա՞ն պատմություն է, թե՞ խաղարկում։
– Լրիվ իրական է։ Պատմել եմ բառացիորեն։ Գրքում էլի կան այդօրինակ վերապատմումներ։ Բեռնատարի շրջվելու լուրն էլ է իրական։ Հավաքարար կնոջ պատմությունը եւս։ Անիրական ոչինչ չկա։
Արմինե Սարգսյան
Leave a Reply