Քաղաքական հայացքները կարող են տարբեր լինել, կուսակցական պատկանելությունը՝ նույնպես, բայց կա մի սկզբունք, որը պետք է միավորի բոլորին՝ հանրային շահը վեր է անձնական հակակրանքից, իսկ պետականամետ մտածողությունը՝ սեփական քաղաքական էգոյից։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործունեությունը գնահատելիս չպետք է առաջնորդվել միայն քաղաքական համակրանքներով կամ հակակրանքներով։ Եթե մարդը տարիներ շարունակ աշխատանք է կատարել համայնքի զարգացման, բնակիչների խնդիրների լուծման և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ, ապա այդ ամենը չի կարելի պարզապես սևացնել՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով։Իհարկե, ցանկացած պաշտոնյա կարող է քննադատության ենթարկվել։ Քննադատությունը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ պարտավոր է հաշվետու լինել քաղաքացիներին։ Սակայն քննադատությունը պետք է լինի փաստարկված, իսկ գնահատականները՝ արդար։ Տարիների աշխատանքը չի կարելի անտեսել միայն այն պատճառով, որ տվյալ պաշտոնյայի քաղաքական դիրքորոշումը բոլորին չէ, որ ընդունելի է։
Իսկ ի՞նչ է նշանակում պետականամետ մտածողություն։Պետականամետ լինելը սեփական քաղաքական հավանություններն ու հակակրանքները պետական և համայնքային շահերից վեր չդասելն է։ Դա նշանակում է հասկանալ, որ իշխանությունները փոխվում են, քաղաքական ուժերը գալիս ու գնում են, բայց պետությունը մնում է, իսկ համայնքի բնակիչները շարունակում են ապրել իրենց ամենօրյա հոգսերով ու խնդիրներով։
Այո՛, այսօր Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք ունի գործող իշխանության նկատմամբ, համայնքի ղեկավարի առաջնային պարտականությունը սեփական համայնքի շահն ապահովելն է։ Եթե կառավարության հետ համագործակցությունը կարող է նպաստել Գորիսի զարգացմանը, նոր ծրագրերի իրականացմանը,ճանապարհների բարեկարգմանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը, ապա այդ համագործակցությունը պետք է դիտարկել ոչ թե անձնական կամ կուսակցական դիրքերից, այլ հանրային շահի տեսանկյունից։
Համագործակցելը պարտադիր չի նշանակում համաձայնել ամեն ինչի հետ։ Հնարավոր է ունենալ սեփական քաղաքական համոզմունքները, չհամաձայնել իշխանության որոշումների հետ, քննադատել սխալները և միաժամանակ աշխատել հանուն համայնքի ու պետության։
Ահա՛ սա է պետականամետ մտածողությունը՝ կարողանալ տարբերել քաղաքական պայքարը պետական ու հանրային շահից։Իսկ երբ անձնական վիրավորանքը, քաղաքական հակակրանքը կամ սեփական էգոն դառնում են որոշումների հիմնական շարժիչ ուժը, առաջին հերթին տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ հասարակ քաղաքացիները։
Գորիսին պետք են աշխատանք, զարգացում, կառուցողական համագործակցություն և պատասխանատու կառավարում։ Գորիսին պետք չեն քաղաքական հակադրություններ, որոնք խոչընդոտում են համայնքի առաջընթացին։
Առուշ Առուշանյանին կարելի է քննադատել, նրա որոշումների հետ կարելի է չհամաձայնել, բայց նրա գործունեությունը պետք է գնահատել փաստերով, ոչ թե քաղաքական պիտակներով։
Ի վերջո, պաշտոնյաների իրական գնահատականը տալիս են նրանց աշխատանքը, ընդունած որոշումները և համայնքի կյանքում արձանագրված արդյունքները։
Քաղաքական հայացքները ժամանակի ընթացքում կարող են փոխվել, իշխանությունները՝ փոխվել, բայց կատարած գործը մնում է պատմության մեջ։Եվ ամենակարևորը՝ պետականամետ մարդը նա չէ, ով առաջնորդվում է սեփական էգոյով, այլ նա, ով նույնիսկ քաղաքական տարաձայնությունների պայմաններում կարողանում է ընտրել համայնքի և պետության շահը։
Leave a Reply