Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) համայնքում իշխանության սրտի թեկնածուն է Նորայր Սարգսյանը, ով արդեն 27 տարի է՝ նույն համայնքի ղեկավար է աշխատում։ Հետաքրքիրն այն է, որ Նորայր Սարգսյանն ամենաշատն աչքի է ընկնում իր նկատմամբ հարուցված քրեական գործերով։ Ներկայացնում ենք փաստեր Նորայր Սարգսյանի գործունեության մասին, որպեսզի ընտրողները և սատարողները հասկանան, թե ում են օգնում․
Փաստ 1
2007 թվականից Եղվարդ քաղաքում գործում է սառնարանային տնտեսություն, որի սեփականատերն է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին։ Հատկանշական է, որ 2007-ից գործող այդ տնտեսության հողատարածքի պատկանելիությունը եղել է համայնքային՝ այսինքն սառնարանային բիզնեսը գործել է ապօրինի։
2017-ին նշված հողատարածքը (ծածկագիր 07-004-0391-0001, մոտ 0․7 հա) աճուրդով վաճառվել է Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բլոկի 2 աշխատակիցներին՝ 230 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։ Գործարքից հետո արդեն ՛՛նոր սեփականատերերը՛՛ նվիրել են այդ հողատարածքը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն։ Այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի օժանդակությամբ և ՛՛քավորությամբ՛՛։
Նկարագրած գործընթացի մասով կա հարուցված քրեական գործ, որը ՛՛քնեցված է՛՛։
Փաստ 2
2024 թվականի հուլիսի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից գրություն է ստացել՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 11-րդ փողոց 90-2/1 հասցեում նախատեսվող մանկական զարգացման կենտրոնը սնող գազատարի կառուցման աշխատանքների ընթացքում պետական կառավարման մարմնի կողմից իր լիազորությունների իրացման օրինականության և արդյունավետության վերաբերյալ տվյալներով։
Նշված գազատարի կառուցման համար շինարարության թույլտվությունը ստացվել է առերևույթ կեղծիք և անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա, իսկ գազատարը կառուցվել է մի շարք խախտումներով։ Մասնավորապես՝ համայնքի Զովունի բնակավայրի 41-րդ փողոցում նոր d=315մմ պոլիէթիլենի գազատար խողովակի կառուցման ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից պահանջվող հեռավորությունը չպահպանելու արդյունքում շինարարական աշխատանքներն իրականացնելիս վնասվել են ՛՛Չարենցավան-Երևան՛՛ d=900մմ ե/բ կոյուղատարը, d=150 երկու անհատական կոյուղագծերը և d=25մմ վեց անհատական պոլիէթիլենի ջրագծերը։ Պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության մեջ առկա են եղել մի շարք խախտումներ և անհամապատասխանություններ, իսկ գազատարը կառուցվել է մի շարք խախտումներով։ Միևնույն ժամանակ, Կոմիտեի, կառուցող ընկերության և համայնքապետարանի կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել ստեղծված իրավիճակը շտկելու և առաջացած հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 11-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62258624 քրեական վարույթը։
Գործը ՛՛քնեցված է՛՛։
Փաստ 3
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանը 2024 թվականի մայիսի 22-ին հաղորդում է տվել այն մասին, որ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքներ իրականացնելիս ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում (Արևաբաց ռեստորանային համալիրի դիմացի հատված) հայտնաբերվել է հողագրունտի և շինարարական թափոնների տեղադրման դեպք։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքում և Զովունի գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած թափոնները և հողագրունտը (ինչպես նաև կենցաղային աղբը) տեղափոխվել և տեղադրվել են վերոնշյալ տարածքում։
Գործին լիարժեք ընթացք տալու, թափոններով լցված տարածքի հստակ պատկանելիությունը և մակերեսը պարզելու նպատակով, իրականացվել են չափագրման աշխատանքներ։ Չափագրումների արդյունքներով պարզվել է, որ Զովունի գյուղի վարչական 07-029-0143-0155,07-029-0143-0194,07-029-0143-0212,07-029-0143-0365,07-029-0143-0372,07-029-0423-001 և 07-029-0660-0001 կադասրային ծածկագրեր ունեցող ընդհանուր 57520 մ2 մակերեսով տարածքներում լցվել է շինարարական և կենցաղային աղբ։
Հաղորդման հիման վրա Նաիրիի քննչական բաժնում 2024 թվականի հունիսի 22-ին Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է թիվ 46-0293-24 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածով։
Գործը ՛՛քնեցված է՛՛։
Փաստ 4
Առանձնահատուկ հետաքրքիր է այն, որ 31․10․2021 թվականին իշխող ՛՛Քաղաքացիական Պայմանագիր՛՛ կուսակցությանը, որի սրտի թեկնածուն է այժմ Նորայր Սարգսյանը, պատկանող Civic.am կայքը հրապարակել էր ՛՛Ի՞նչ քանակությամբ հողատարածքներ ունեն Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն ու իր հարազատները․ արդյոք այդ ամենն օրինական է՛՛ վերնագրով նյութ, որում մանրամասն տեղադրել էին հողատարածքները և դրանց բնութագրերը։
Ստորև ներկայացնում ենք ցանկը․

Հոդվածում նաև նշված էր, որ կփորձեն իրավապահներից ճշտել այս քանակի հողատարածքներ ունենալու օրինականությունը։ Հետաքրքիր է՝ արդյոք Civic.am կայքը ստացե՞լ է իր հարցի պատասխանը, թե՝ ոչ։
Առաջանում է նաև այլ հարց, ինչպե՞ս կարող է այսքան քրեական գործերով անցնող և փաստացի կոռուպցիոն սխեմաների հետ կապվող թեկնածուին սատարել որևէ քաղաքական ուժ՝ առավել ևս այնպիսի ուժ, որը հայտարարում է, թե իբր կոռուպցիայի դեմ պայքարի ուղենիշ է որդեգրել։ Տպավորություն է, որ գործող իշխանությունը պատրաստ է սատարել ցանկացած անձի առանց բացառության, միայն թե կարողանա վերարտադրվել այդ անձի միջոցով, ուղղակի Նորայր Սարգսյանի դեպքում վերարտադրվելու պոտենցիալն էլ է հարցական։
Leave a Reply