Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է թիմի նախկին հարձակվող, ողբերգական ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի կյանքին, կարիերային և թողած ժառանգությանը նվիրված կենսագրական գրքի լույսընծայման մասին։ Աշխատությունը կրում է խորհրդանշական «Հավերժ մեր սրտերում» (Forever in our Hearts) խորագիրը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Գրքի հեղինակը պորտուգալացի գրող և նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ժոզե Դելգադոն է։ Ստեղծագործությունը ներկայացնում է Ժոտայի անցած ուղին՝ Պորտուգալիայում արված առաջին քայլերից մինչև իր սերնդի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկը դառնալն ու «մերսիսայդյան» ընտանիքի անբաժան մասնիկը լինելը։ Այն ընդգրկում է հարձակվողի կարիերայի փայլուն շրջանը, որը պսակվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ տոնած չեմպիոնությամբ և Պորտուգալիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի գավաթը նվաճելով։
Կենսագրականը բացառիկ է նրանով, որ հիմնված է ավելի քան 90 մարդկանց հետ անցկացված ծավալուն հարցազրույցների վրա, որոնք ամենից լավ են ճանաչել ֆուտբոլիստին։ Հուշերով կիսվել են Ժոտայի կինը՝ Ռուտեն, ծնողները՝ Իզաբելն ու Ժոակիմը, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինչպես նաև բազմաթիվ թիմակիցներ ու ընկերներ։ Գիրքը բացահայտում է ոչ միայն Ժոտա ֆուտբոլիստի տաղանդն ու նպատակասլացությունը, այլև նրա մարդկային տեսակն ու բացառիկ համեստությունը։
Առանձնահատուկ տեղ է հատկացված Դիոգուի և նրա կրտսեր եղբոր՝ Անդրեի միջև եղած ամուր կապին, ինչպես նաև մանկության սիրո՝ Ռուտեի հետ ամուսնությանը հաջորդած ողբերգական իրադարձություններին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային աշխարհը ցնցած ողբերգությունը տեղի ունեցավ 2025 թվականի հուլիսի 3-ին։ Իսպանիայի Սամորա նահանգի Պալասիոս դե Սանաբրիա մունիցիպալիտետի շրջանում՝ A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրին, Lamborghini մակնիշի ավտոմեքենան կեսգիշերնանց ենթարկվեց ծանր վթարի։ Մեքենայում գտնվող Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ պորտուգալական «Պենաֆիել» ակումբի ֆուտբոլիստ Անդրե Սիլվան, տեղում մահացան։
«Այս գիրքը ստեղծվեց խորը վշտի պահին՝ որպես Դիոգուի հիշատակը վառ պահելու հնարավորություն։ Իմ նպատակն էր նրա պատմությունը ներկայացնել հոգատարությամբ, ազնվությամբ և մեծ հարգանքով։ Ինձ ամենից շատ հուզեց նրա մտերիմների մեծահոգությունը. նրանց սերը երկու եղբայրների հանդեպ զգացվում է յուրաքանչյուր էջում։ Հուսով եմ՝ այս գիրքը արժանի հարգանքի տուրք կլինի և կշարունակի ոգեշնչել ապագա սերունդներին», — նշել է գրքի հեղինակ Ժոզե Դելգադոն։
«Հավերժ մեր սրտերում» գիրքն արդեն հասանելի է «Լիվերպուլի» պաշտոնական խանութներում և առցանց հարթակներում։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամին՝ ֆինանսավորելու Ժոտայի անունը կրող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
դիտվել է 223 անգամ
Leave a Reply