Փաստաբան Արփինե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՖՖ-ի դեմ «Նոա» ֆուտբոլային ակումբի և վերջինիս զարգացման տնօրեն Աննա Օհանյանի հայցադիմումին: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույն հետևողականությունը ցուցաբերեր իր իրավասության շրջանակներում գտնվող բոլոր հարցերում, հավանաբար այսօր հայկական ֆուտբոլում մի փոքր այլ իրավիճակ կունենայինք։
Նախ՝ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել 15 լեգեոներների սահմանափակման իրավաչափությանը։ Հայցը թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ վեճը ենթակա է արբիտրաժային քննության։ Այդ որոշումը ենթակա է բողոքարկման, ինչը մենք պատրաստվում ենք անել։ Այսինքն որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ուստի վերջնական տոնով սխալ պնդումները նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ են։ Ակնկալում եմ, որ ՀՖՖ-ն նույն փութաջանությամբ հանրությանը կտեղեկացնի նաև դատական գործընթացի մյուս՝ ոչ պակաս կարևոր արդյունքի մասին։
Դատարանը մերժել է ՀՖՖ-ի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը՝ անհիմն համարելով ներկայացված փաստարկները։ Այսինքն՝ հայցի ապահովման միջոցը շարունակում է գործել, և 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված։ Իհարկե, ես ՀՖՖ-ի օրինակին չեմ հետևի և չեմ շրջանցի այն փաստը, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռ պետք է քննվի։ Բայց նաև չեմ կարող չնշել, որ այդ բողոքում, որևէ լուրջ և իրավաբանորեն հիմնավոր փաստարկ չկա, որը կարող է արդարացնել հայցի ապահովման միջոցի վերացումը։Ուղղակի չկա ու վերջ:
Ավելին՝ դատական նիստի ընթացքում ՀՖՖ-ի ներկայացուցչի ներկայացրած դիրքորոշումներն ավելի ամրապնդեցին մեր համոզմունքը, որ իրական նպատակը ոչ թե հայկական ֆուտբոլի զարգացումն է, որքան «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումը։ Այդ մասին մարդիկ բաց տեքստով են ասել: Իսկ սա արդեն ոչ միայն սպորտային քաղաքականության, այլև մրցակցության իրավունքի լրջագույն խնդիր է՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով։ Հետևությունները դուք արեք»:
Leave a Reply