Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան

Written by

in





ՔՊ դեզերտիրը։

«Իշխանության քաղաքական դեզերտիրությունը և լեգիտիմության ճգնաժամը»

Այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, պարզապես տնտեսական անբավարարության կամ հանրային հռետորաբանության վրիպակ չէ։ Մենք ականատեսն ենք քաղաքական պատասխանատվության համակարգային փլուզման։

Երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը բողոքում է գնաճից և սեփական եկամուտների անբավարարությունից, դա քաղաքագիտական լեզվով կոչվում է իշխանական դեզերտիրություն։

Ի՞նչ է սա նշանակում․

1. Իշխանության և պատասխանատվության դիխոտոմիայի խախտում

Ժողովրդավարական և իրավական պետությունում իշխանությունը միայն լծակների ու արտոնությունների (արտոնությունների) փաթեթ չէ։ Իշխանությունը, նախ և առաջ, մոնոպոլ պատասխանատվություն է երկրում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացների համար։ Երբ իշխանավորը փորձում է իրեն դիրքավորել որպես «համակարգի զոհ» կամ շարքային սպառող, նա կատարում է քաղաքական մանիպուլյացիա․ նա վայելում է իշխանության բարիքները, բայց հրաժարվում է դրա հետևանքների պատասխանատվությունից։

2. Ինստիտուցիոնալ անգործության խոստովանություն

Գնաճը ինքն իրեն (պատահականորեն) ձևավորվող բնական աղետ չէ։ Գնաճը մակրոտնտեսական ցուցանիշ է, որը կառավարելի է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության գործիքակազմով։ Երբ իշխող թիմի անդամը դժգոհում է թանկացումներից, նա ուղղակիորեն խոստովանում է սեփական կառավարության անկարողությունն ու ձախողումը։ Սա սեփական քաղաքական թիմին ներսից տրվող անվստահության վեթո է։

3. Հանրային պայմանագրի խզում

Իշխանության լեգիտիմությունը հենվում է քաղաքացիների հետ կնքված սոցիալական պայմանագրի վրա․ «մենք ձեզ տալիս ենք իշխանություն, դուք ապահովում եք կայունություն և բարեկեցություն»։ Երբ իշխանավորն իր սոցիալական վիճակը հավասարեցնում է քաղաքացու ծանր վիճակին, նա չեղարկում է այդ պայմանագիրը։ Քաղաքացին իրավացիորեն հարց է տալիս․ «Եթե դուք նույնքան անօգնական եք գնաճի առջև, որքան մենք, որոնք չունենք ո՛չ լծակներ, ո՛չ պետական բյուջե, ապա ինչո՞ւ եք զբաղեցնում այդ աթոռները»։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Սա քաղաքական հասունության բացակայության և իշխանական իներցիայի դասական օրինակ է։ Չի կարելի միաժամանակ լինել և՛ ղեկավար, և՛ բողոքավոր, և՛ որոշում կայացնող, և՛ որոշման զոհ։

Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ, կա՛մ դադարեցնել էժանագին պոպուլիզմը և անցնել երկրի տնտեսությունը կառավարելու բուն գործին։

 


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *