Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»

Written by

in

Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով ստեղծում է ճնշումների համակարգ, մյուսով՝ քաղաքացիներին կոչ է անում պայքարել դրա հետևանքների դեմ։ Սա ոչ թե սկզբունքայնություն է, այլ քաղաքական պատասխանատվությունը տեղական պաշտոնյաների և ընտրողների ուսերին բարդելու փորձ։ Պոպուլիզմի և մանիպուլյացիայի դասական օրինակ՝ սեփական թիմի կարգազանցներին չխնայող, արդար ու ժողովրդավար առաջնորդի կերպար ստեղծելու համար։

Վարչական ռեսուրս չարաշահող և ապօրինություններ թույլ տվող թեկնածուներին չընտրելու և նրանց դեմ դուրս գալու կոչը թերևս կարելի էր ժողովրդավարական սկզբունքների պաշտպանություն համարել, եթե այն հնչեր ոչ թե իշխանության պատասխանատվությունը քողարկելու, այլ իրական հաշվետվողականություն ապահովելու պայմաններում։

Առավել ուշագրավ է, որ Փաշինյանի կոչերին զուգահեռ՝ ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են նաև գաղտնի վերահսկողության և ձերբակալությունների գործիքներ։ Եթե գաղտնի տեսախցիկներով հնարավոր է բացահայտել ընդդիմադիրների ենթադրյալ խախտումները, ապա միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն չափանիշները չեն կիրառվում նաև իշխանական թիմի նկատմամբ։ Ո՞վ է երաշխավորում, որ ՔՊ գրասենյակներում ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ինչո՞ւ վերահսկողությունն ու իրավապահների ուշադրությունը պետք է միակողմանի լինեն։ Եթե իշխանությունն իսկապես պայքարում է ապօրինությունների դեմ, թող ապացուցի դա նաև սեփական թիմի նկատմամբ նույնքան խիստ և անաչառ վերահսկողությամբ։ Հակառակ դեպքում խոսքը ոչ թե օրինականության պաշտպանության, այլ ընտրովի արդարադատության մասին է։

Երբ վարչական լծակները չարաշահվում են, ընդդիմադիրներին հետապնդում են, իսկ պետական համակարգը վերածվում է քաղաքական պայքարի գործիքի, ապա հարցը միայն առանձին թեկնածուների վարքագիծը չէ։ Հարցն այն իշխանական միջավայրն է, որտեղ նման գործելակերպն իրականացվում է անմիջապես երկիրը ղեկավարող անձի՝ այս դեպքում Փաշինյանի թողտվությամբ, հրահանգներով ու անմիջական մասնակցությամբ։

Այսօր շատերի համար ընդդիմադիր ցուցակում հայտնվելը պարզապես քաղաքական ընտրություն չէ․ այն կարող է նշանակել աշխատանք, եկամուտ և անձնական անվտանգություն կորցնելու վտանգ։ Երբ մարդիկ վախենում են անգամ սեփական կարծիքն արտահայտել, ընտրական գործընթացը ձևականորեն կարող է շարունակվել, բայց ժողովրդավարական մրցակցությունն արդեն լուրջ վնաս է կրում:

Ահա Փաշինյանի կոչի գլխավոր հակասությունը․ եթենա իսկապես դեմ է վարչական ռեսուրսիչարաշահմանը, թող սկսի սեփական թիմից և,առաջին հերթին, իրենից՝ ապահովելովխախտումների անկախ քննություն ու իրականպատասխանատվություն: Հակառակ դեպքում ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական ծխածածկույթ։

Փաշինյանը չի կարող միաժամանակ լինել ճնշումների համակարգի ճարտարապետը և ներկայանալ որպես դրա դեմ պայքարի գլխավոր հերոս։ Իսկ եթե քաղաքացիներին վերջում ասելու են՝ «դուք եք ընտրել», ապա նախ պետք է պատասխանեն՝ արդյոք նրանց տվե՞լ են ազատ, անվտանգ և առանց վախի ընտրելու իրական հնարավորություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *