TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին գործերի նախարարության ներկայացրած միգրացիոն ցուցանիշները։
«Իշխանությունը թվային մանիպուլյացիաներով փորձում է համոզել, թե արտագաղթը Հայաստանում դադարել է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հպարտանում է առաջին կիսամյակի ընդամենը 1300-ի դրական սալդոյով՝ պնդելով, թե երկիրը դարձել է մուտքի ու տարանցման պետություն։ Բայց ո՞ւմ հաշվին՝ օտարերկրյա էժան աշխատուժի՞, թե օտարերկրյա տարանցիկ ուղևորների»,- նշվում է տեսանյութում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրապարակային հայտարարություններն ու պաշտոնական վիճակագրությունը՝ պարզելու, թե արդյոք նախարարը հայտարարել է արտագաղթի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում սահմանահատումների դրական հաշվեկշիռը և որքանո՞վ է հիմնավորված Հայաստանը մուտքի ու տարանցման երկիր համարելը։
Ի՞նչ է հայտարարել Արփինե Սարգսյանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի փետրվարի 13-ի ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությանը։
Նախարարի ներկայացմամբ՝ 2025 թվականին Հայաստան է մուտք գործել 5 մլն 201 հազար 747, իսկ երկրից դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ։ Արդյունքում բոլոր սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է դրական 30 477։
Հայաստանի քաղաքացիների դեպքում դրական տարբերությունը կազմել է 8660։
Նախարարը նաև նշել է, որ 2020 թվականին ևս դրական հաշվեկշիռ էր գրանցվել, սակայն այն պայմանավորված էր COVID-19 համավարակով և տեղաշարժի սահմանափակումներով։
2025 թվականի ցուցանիշը Սարգսյանը գնահատել է որպես բացառիկ՝ այն կապելով երկրի ներքին կայունության, անվտանգության միջավայրի և տնտեսական ակտիվության հետ։ Նրա խոսքով՝ այս գործոնները նպաստել են արտագաղթի տեմպերի նվազմանը և ներգաղթի միտումների ձևավորմանը։
Այսպիսով, փետրվարյան ասուլիսում նախարարը խոսել է արտագաղթի տեմպերի նվազման, ոչ թե արտագաղթի ամբողջական դադարեցման մասին։
Սեպտեմբերի 8-ին արդեն Սիվիլնեթի հետ հարցազրույցում նախարարը շեշտել է, որ Հայաստանը աստիճանաբար վերածվում է մուտքի և, տարանցման երկրի և 2026 թվականի առաջին կիսամյակի դրական հաշվեկշիռը համեմատելով նախորդ տարիներին արձանագրված բացասական ցուցանիշների հետ, ընդգծել է՝ վիճակագրությունը վկայում է արտագաղթից դեպի ներգաղթ միտումների փոփոխության մասին։
Այսպիսով, ուսումնասիրված հայտարարություններում ՆԳ նախարարը չի պնդել, թե Հայաստանից արտագաղթն ամբողջությամբ դադարել է։ Նա խոսել է արտագաղթի տեմպերի նվազման և ներգաղթի միտումների ձևավորման մասին։
Մինչդեռ տեսանյութի հեղինակը հայտարարում է, թե իշխանությունները «թվային մանիպուլյացիաներով փորձում են համոզել», որ արտագաղթը դադարել է։ Այս ձևակերպմամբ իշխանություններին վերագրվում է հասարակությանը մոլորեցնելու մտադրություն, որի վերաբերյալ ապացույցներ տեսանյութում չեն ներկայացվում։
Մյուս կողմից, առանձին հարց է՝ արդյոք նախարարի օգտագործած սահմանահատումների տվյալները բավարար են արտագաղթի տեմպերի նվազման մասին եզրակացության համար։
Ի՞նչ է ցույց տալիս առաջին կիսամյակի 1300 դրական հաշվեկշիռը
Տեսանյութի երկրորդ պնդումը վերաբերում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների դրական հաշվեկշռին։
ՆԳՆ-ի՝ օգոստոսի 14-ին հրապարակած տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների 871 409 մուտք և 870 062 ելք է գրանցվել։ Այսպիսով, սահմանահատումների հաշվեկշիռը (նշված թվերի տարբերությունը-հեղ․) կազմել է դրական՝ +1347։
Այս տվյալը ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ոչ թե անձամբ Արփինե Սարգսյանը։ Սակայն նախարարը հետագայում ևս անդրադարձել է նույն ցուցանիշին։
Նախորդ տարիների համադրելի ժամանակահատվածների տվյալները հետևյալն են՝
| Ժամանակահատված | ՀՀ քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռ |
| 2024 թ․ առաջին կիսամյակ | −22 893 |
| 2025 թ․ առաջին կիսամյակ | −20 065 |
| 2025 թ․ ամբողջ տարի | +8 660 |
| 2026 թ․ առաջին կիսամյակ | +1 347 |
Տեսանյութում 2026 թվականի առաջին կիսամյակի դրական հաշվեկշիռը ներկայացվում է «ընդամենը 1300» ձևակերպմամբ։ Թեև թիվը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը, սակայն դրա ներկայացումն ուղեկցվում է գնահատողական շեշտադրմամբ՝ առանց նախորդ տարիների համադրելի ցուցանիշների։
Մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը բացասական էր՝ −20 065, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ դրական 1347։ Այսինքն՝ հաշվեկշիռը բարելավվել է 21 412-ով։
Միաժամանակ, 2025 թվականի ամբողջ տարվա արդյունքներով ևս արձանագրվել էր դրական հաշվեկշիռ՝ 8660։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու գրանցված դեպքերն ավելի շատ են եղել, քան երկրից մեկնելու դեպքերը։
Սակայն սահմանահատումների դրական հաշվեկշիռը չի նշանակում, որ նույնքան մարդ վերադարձել է Հայաստան մշտական բնակության կամ որ արտագաղթը նվազել է։
Պատճառն այն է, որ սահմանահատումների վիճակագրությունը ցույց է տալիս մուտքերի և ելքերի գրանցված դեպքերը, ոչ թե մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնած կամ Հայաստան վերադարձած անձանց թիվը։
Օրինակ՝ արտերկրում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացին կարող է ժամանակավորապես այցելել Հայաստան և հաշվառվել որպես մուտք, սակայն դա չի նշանակում, որ նա վերադարձել է մշտական բնակության։ Նույն կերպ, Հայաստանից աշխատանքի, ուսման, զբոսաշրջության կամ այլ նպատակներով ժամանակավորապես մեկնած քաղաքացին չի նշանակում, որ արտագաղթած է։
Ավելին՝ նույն անձը տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ հատել պետական սահմանը։
Հետևաբար, պաշտոնական թվերը ցույց են տալիս սահմանահատումների հաշվեկշռի բարելավում, սակայն միայն դրանցով հնարավոր չէ հաստատել արտագաղթի տեմպերի նվազումը կամ ներգաղթի աճը։
Հայաստանը դարձե՞լ է մուտքի և տարանցման երկիր
Տեսանյութի հաջորդ պնդումն առնչվում է նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը վերածվել է մուտքի և տարանցման երկրի։
Հոկտեմբերի 10-ին ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ հոկտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրությունում նախարարությունը նշել է, որ Հայաստանը ելքի երկրից վերածվել է մուտքի և տարանցիկ ուղղության։
Հոկտեմբերի 14-ին կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Սարգսյանը հայտարարել է, որ միգրացիոն միտումները փոխվել են, և Հայաստանը վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը, ըստ նրա, հատկապես ընդգծված է 2022 թվականից։
Այստեղ անհրաժեշտ է տարբերել երեք հասկացություն։
Ելքի երկիր ասելով՝ միգրացիոն համատեքստում սովորաբար մասնագետները նկատի են ունենում այն երկիրը, որտեղից մարդիկ մեկնում են այլ երկրներ՝ այդ թվում՝ բնակություն հաստատելու նպատակով։
Մուտքի երկիր կարող է նշանակել երկիր, ուր ժամանում են օտարերկրյա քաղաքացիներ՝ աշխատանքի, ուսման, բնակության կամ այլ նպատակներով։
Տարանցման երկիր է համարվում այն երկիրը, որի տարածքով մարդիկ անցնում են մեկ այլ երկիր հասնելու նպատակով։
Սակայն այս երեք երևույթները փոխադարձաբար բացառող չեն։ Հայաստանը միաժամանակ կարող է լինել արտագաղթի, ներգաղթի և տարանցիկ տեղաշարժերի երկիր։
Ավելին՝ սահմանահատումների դրական հաշվեկշիռը դեռևս բավարար չէ հաստատելու, որ Հայաստանը միգրացիոն առումով արդեն դարձել է ներգաղթի երկիր։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ օտարերկրացիների բնակության տևողության, կացության կարգավիճակների, ներգաղթի և արտագաղթի իրական ծավալների վերաբերյալ։
Այսպիսով, նախարարի հայտարարությունը վերաբերում է միգրացիոն հոսքերի կառուցվածքի փոփոխությանը։ Սահմանահատումների հրապարակված տվյալները ցույց են տալիս տեղաշարժերի հաշվեկշռի փոփոխություն, սակայն միայն դրանցով հնարավոր չէ ամբողջությամբ հաստատել երկրի միգրացիոն կարգավիճակի փոփոխությունը։
Օտարերկրյա էժան աշխատո՞ւժ, թե՞ տարանցիկ ուղևորներ
Տեսանյութում հարց է բարձրացվում՝ արդյոք Հայաստանը մուտքի և տարանցման երկիր է դարձել օտարերկրյա էժան աշխատուժի, թե տարանցիկ ուղևորների հաշվին։
ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է դրական 57 953։
Այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիների գրանցված մուտքերը 57 953-ով գերազանցել են ելքերին։
Սակայն այս ցուցանիշից հնարավոր չէ պարզել, թե այդ մարդկանցից քանիսն են ժամանել աշխատանքի, քանիսը՝ զբոսաշրջության, ուսման, մշտական բնակության կամ տարանցման նպատակով։
Նույն կերպ, հնարավոր չէ եզրակացնել, որ մուտք գործած օտարերկրացիները հիմնականում էժան աշխատուժ են։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ նրանց զբաղվածության ոլորտների, աշխատանքային պայմանների և վարձատրության վերաբերյալ։
Մյուս կողմից, բոլորին տարանցիկ ուղևոր համարելու համար ևս անհրաժեշտ է պարզել, թե նրանցից քանիսն են Հայաստանը օգտագործել որպես միջանկյալ ուղղություն՝ մեկնելով երրորդ երկիր։
Այսպիսով, տեսանյութում բարձրացված այս հարցադրումը մանիպուլյատիվ է, քանի որ դրանց բացատրության համար չեն ներկայացվում հիմնավորող տվյալներ:
Եզրակացություն
Այսպիսով, «Իրական օրակարգ» էջի տեսանյութը մանիպուլյատիվ է․ դրանում իրական վիճակագրական տվյալներն ու պաշտոնական հայտարարությունները համադրվում են գնահատողական ձևակերպումների, չապացուցված մտադրությունների վերագրման և ուղղորդող հարցադրումների հետ։
Մասնավորապես, իշխանություններին վերագրվում է հասարակությանը արտագաղթի դադարեցման մեջ համոզելու նպատակ, իսկ օտարերկրյա աշխատուժի և տարանցիկ ուղևորների վերաբերյալ հարցադրումը ներկայացվում է առանց այն հիմնավորող տվյալների։ Արդյունքում ձևավորվում է միգրացիոն իրավիճակի միակողմանի պատկեր։
Արեն Նահապետյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:
Leave a Reply