Քննարկվել են կլիմայական և բնության հետ կապված ռիսկերը ֆինանսական քաղաքականություններում ներառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է COP17-ի շրջանակում Հայաստանի տաղավարում կայացած «Բնության և կլիմայի հարցերի ներառումը ֆինանսների նախարարությունների քաղաքականություններում» թեմայով պանելային քննարկմանը։
Արշալույս Հարությունյանը ներկայացրել է այս ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախարարության հանձնառությունը՝ զարգացնելու կլիմայական և բնության հետ կապված ռիսկերի մակրոտնտեսական ու հարկաբյուջետային ազդեցությունների գնահատման կարողությունները։ Նշվել է, որ այդ գնահատումների ներառումը մակրոտնտեսական կանխատեսումների, կայունության գնահատման և բյուջետային որոշումների կայացման գործընթացներում նախարարության կարևոր առաջնահերթություններից է։
Իր ելույթում վարչության պետն ընդգծել է այդ ռիսկերի՝ տնտեսության վրա ազդեցությունը համապարփակ գնահատելու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով տնտեսական աճի, առանձին ոլորտների, բնակչության եկամուտների և պետական ֆինանսների վրա դրանց հնարավոր հետևանքներին։
Ներկայացված մոտեցումը հնարավորություն կտա առավել հիմնավորված սահմանել հանրային ներդրումների առաջնահերթությունները և միջոցներն ուղղել հարմարվողականության առավել արդյունավետ լուծումներին՝ նպաստելով երկարաժամկետ տնտեսական կայունությանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու պետական ֆինանսների դիմակայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում կարևորվել է Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցությունը՝ վերլուծական գործիքակազմի կատարելագործման և նախարարությունում երկարաժամկետ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ։
Leave a Reply