Հանքարդյունաբերությունը բարձր ռիսկային ոլորտ է, և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի համարժեք։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Նա ընդունել է, որ Հայաստանում լուրջ խնդիր կա ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման հարցում։
Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ գործող կարգավորումներով Տեսչական մարմինն այսօր սոսկ հետևանքներն է արձանագրում, իսկ ռիսկային իրավիճակները բացահայտվում են միայն տնտեսվարող սուբյեկտներ այցելելիս։
«Այս խնդիրը լուծելու համար մենք նախաձեռնել ենք վերահսկողության թվային համակարգի ստեղծումը, որտեղ առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները, և հենց դրանց վերլուծության հիման վրա էլ կկայացվեն որոշումները։ Համակարգը նախատեսում ենք գործարկել 2029 թվականի հունվարից»,— նշել է նա։
Հավելենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։
Leave a Reply