Տիգրանաշենի հարցը՝ քաղաքական ռումբ. ինչո՞ւ իշխանությունները հետքայլ արեցին միակողմանի զիջումներից․ «Փաստ»

Written by

in

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:

Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների

Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:

Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ.

«Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»: Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *