Գիտությունից՝ պետություն․ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմանկարը եւ անարձագանք մնացած խոսքը

Written by

in

1990-ականների Հայաստանը միաժամանակ պատերազմում էր, փորձում հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, ստեղծում պետական կառավարման համակարգ եւ փնտրում իր տեղը միջազգային քաղաքականության մեջ։ Ինչպե՞ս էին ընդունվում որոշումները, ի՞նչ սկզբունքներով էր առաջնորդվում երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ինչո՞ւ խաղաղության ու Արցախի ապագայի շուրջ նրա պատկերացումները վերածվեցին քաղաքական խոր հակասության։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս հարցերին է անդրադառնում լրագրող եւ վավերագրող Տիգրան Պասկեւիչյանի «Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» ֆիլմը, որի ցուցադրությունը հոկտեմբերի 16-ին կազմակերպել էին «Ֆակտում» փաստագրական կենտրոնը եւ «Անտարես» մեդիա հոլդինգը։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու 35-ամյակի օրը։

 

Արխիվային նյութերի եւ իրադարձությունների մասնակիցների հիշողությունների միջոցով ներկայացվում են պետական ինստիտուտների ձեւավորումը, տնտեսական բարեփոխումները, արտաքին քաղաքականությունը, Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններն ու 1998 թվականի քաղաքական ճգնաժամը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլմի առանցքում ոչ միայն առաջին նախագահի քաղաքական կենսագրությունն է, այլեւ այն որոշումները, որոնց անհրաժեշտ էր գնալ նորանկախ պետության ապագան կառուցելու համար։ Հեղինակը դիտարկում է պետական կառավարման սկզբունքները, քաղաքական պատասխանատվության հարցը եւ այն հակասությունները, որոնք ուղեկցել են Հայաստանի զարգացման ուղին։

 

Բացման խոսքում ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանն անդրադարձավ պատմության ընկալմանը՝ վիճարկելով վերջերս տարածված միտքը, թե պատմությունն այն է, ինչ եղել է, կամ այն, ինչ դեռ լինելու է:

Տիգրան Պասկեւիչյանը Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատմությունը ոչ այն է, ինչ եղել է, ոչ այն է, ինչ լինելու է։ Պատմությունն այն է, ինչ լինում է», – ասաց Պասկեւիչյանը՝ բացատրելով, որ անցյալում տեղի ունեցածը պարտադիր չէ համարել ավարտված կամ սպառված գործընթաց։ Նրա խոսքով՝ ֆիլմը ոչ թե խիզախության ու սխրանքի փաստագրում է, այլ ուղեցույց՝ հասկանալու, թե ինչպիսին պետք է լինի պետությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պասկեւիչյանը շնորհակալություն հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, Խաչիկ Հարությունյանին, ֆիլմի ստեղծման վրա ամիսներ շարունակ աշխատած թիմին եւ ցուցադրության կազմակերպիչներին։ Նա ընդգծեց, որ դահլիճի լեցուն լինելը հուսադրող նշան է՝ վկայելով, որ առողջ եւ կենսարար գաղափարները դեռ տեղ ունեն հասարակության մեջ։

Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրհնության խոսք հնչեցրեց Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը՝ փոխանցելով Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա խոսեց անկախության շարժման նշանակության, իր՝ այդ տարիների հիշողությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի մասին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով առաջին նախագահի քաղաքական գործունեության եւ հասարակական ընկալումների միջեւ եղած տարբերություններին՝ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանն հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հասարակությունը կկարողանա վերարժեւորել իր պատմական գործիչներին՝ կոչ անելով չհիասթափվել եւ շարունակել առաջ շարժվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ նաեւ «Անտարես» հրատարակչության լույս ընծայած «Անկախություն» պատկերագրքի շնորհանդեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլմն ավարտվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստով՝ վերադառնալով այն քաղաքական հանգրվանին, որտեղ անձնական որոշումն ու պետության ապագայի շուրջ մտահոգությունը միահյուսվում են։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր-Պետրոսյանը հեռացավ նախագահի պաշտոնից, բայց ոչ քաղաքականությունից։ Նրա գլխավոր մտահոգությունը մնաց պետության կայունությունն ու Արցախի անվտանգությունը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերջին հաշվով վճարելու է Արցախը»։ Ֆիլմի վերջին կադրերին ուղեկցող այս միտքը թողնում է չավարտված երկխոսության զգացում՝ մի մարդու, պետության եւ հասարակության միջեւ, որոնք այդպես էլ չկարողացան ընդհանուր պատասխան գտնել իրենց առջեւ կանգնած ճակատագրական հարցին։ Ինչպես եզրափակում է Տիգրան Պասկեւիչյանը՝ «Նրա խոսքը հնչեց, բայց, ցավոք, մնաց անարձագանք»։

 

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *