Կատարյալ մոր միֆը, «անտեսանելի» ագրեսիան և բռնության շղթան

Written by

in

Վերջերս հայկական մեդիա տիրույթում նորից ալեկոծություն է. մեկը մյուսի հետևից հայտնվում են տեսանյութեր ու պատմություններ այն մասին, թե ինչպես են ուսուցիչները դաս պատրաստելիս կամ դասապրոցեսում հարվածում, նվաստացնում ու ճնշում երեխաներին։ Բայց ամենասարսափելին ոչ միայն ինքնին փաստն էր, այլև հանրային արձագանքը։ Քննադատություններին զուգահեռ լսվում էին նաև արդարացումներ. «Դե ի՞նչ է եղել որ, մամաներն էլ են տանը ծեծում», «մենք էլ ենք ծեծով մեծացել, մարդ ենք դարձել»։ Սոցցանցերում նույնիսկ հիշեցին այն «ժողովրդական» հայտնի տողը, թե «ով մայրական ծեծ չի կերել, նա որբ է մեծացել»։ 

Այս արդարացումները բացահայտում են մեր հասարակության ամենախորը ցավերից մեկը. բռնության նորմալացումն ու ռոմանտիզացիան։ Երբ դաստիարակչական անզորությունն ու ագրեսիան փաթեթավորվում են «մայրական սիրո» կամ «սրտացավության» շղարշով, բռնությունը դառնում է լեգիտիմ։ Եթե մի պահ կանգ առնենք ու ավելի խորը նայենք այս երևույթին, ստիպված ենք լինելու տալ ամենաանհարմար հարցը. որտե՞ղ է ծնվում այս ագրեսիան և ինչո՞ւ է փոքրիկ, անպաշտպան մարդը դառնում մեծահասակի չիրացված կամ չկառավարվող էմոցիաների առաջին թիրախը։ 

«Կատարյալ մամա ես». արտաքին պատկերն ու ներքին փոթորիկը 

Օրերս ընկերուհիս, նայելով, թե ինչպես եմ արձագանքում որդուս՝ Ռալֆի հերթական չարություններին ու «չլսելուն», հիացած ասաց. «Կատարյալ մամա ես, այնքան ներգրավված, շատ հանգիստ ես, ընդհանրապես չես ներվայնանում, չես նեղվում»։ Ես նայեցի իրեն ու ապշեցի։ Որովհետև այդ նույն վայրկյանին ես ներսից ահավոր լարված էի, զայրույթից պայթում էի, իսկ ինքս ինձնից՝ ընդհանրապես գոհ չէի։ Պարզապես ամբողջ ուժով ցույց չէի տալիս, որպեսզի երեխաս չզգա իմ տագնապն ու չնյարդայնանա։ Այդ պահին ես ինձ տվեցի հարցը, որը, թերևս, գոնե մեկ անգամ տվել է յուրաքանչյուր մայր. «Կա՞ մի մամա, որն ինքն իրենից գոհ է որպես մայր»։ 

Հոգեբանության մեջ սա հայտնի է որպես «կատարյալ մայրության միֆ»։ Սոցիումը դարերով կանանց պարտադրել է անթերի, միշտ ժպտացող, անսպառ համբերություն ունեցող մոր կերպարը։ Եվ երբ մայրը բախվում է սեփական հոգնածությանը, հուսահատությանը կամ զայրույթին, նրան պատում է ամենակործանարար զգացմունքներից մեկը՝ մեղքի զգացումը։ Փոքրիկ ունեցող ցանկացած մայր կփաստի, թե ինչ ահավոր է, օրինակ, երեխային մեղմ օրոր երգել, բայց կատաղությունից ու հյուծվածությունից գլուխդ պատեպատ խփելու ցանկություն ունենալ։ Սա հոգեկան անբարոյականություն չէ։ Սա մարդկային ֆիզիոլոգիայի և հոգեբանական սահմանների սահմանագիծն է։ 

Ամենադժվար առերեսումը. սեփական ագրեսիան, իշխանությունը և իրավունքը 

Մայրության (և ընդհանրապես՝ մեծահասակ լինելու) ամենադժվար բանը սեփական ագրեսիայի հետ առերեսվելն է ու էդ ագրեսիան կառավարելու անվերջանալի փորձերը։ Սոցիոլոգիական տեսանկյունից՝ ծնող-երեխա կամ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները դասական անհամաչափ իշխանության օրինակ են։ Մեծահասակն ունի ահռելի, գրեթե բացարձակ իշխանություն փոքրիկի նկատմամբ։ Երեխան կախված է նրանից էմոցիոնալ, ֆիզիկապես, սոցիալապես։ Եվ ահա այստեղ է թաքնված ամենամեծ փորձությունը. այն ուժն ու իշխանությունը, որ դու ունես այդ պուճուրների վրա, երբեք չպիտի աշխատի իրենց դեմ։ 

Իրավական տեսանկյունից երեխայի «հանցագործությունը» կամ «չլսելը» երբեք հիմք չէ նրա ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնմխելիությունը խախտելու համար։ Երեխայի հանդեպ բռնությունը՝ լինի այն դպրոցում, թե ընտանեկան չորս պատերի ներսում, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և իրավական հանցագործություն, որը որևէ «դաստիարակչական» նպատակով չի կարող արդարացվել։ Երբ մենք արդարացնում ենք երեխային հարվածող մեծահասակին՝ «ծեծը դաստիարակության միջոց է» կամ «ծեծ չկերածը որբ է» թեզերով, իրականում սրբագրում ենք մեծահասակի թուլությունը։ Երեխային խփելը, նվաստացնելն ուժի դրսևորում չէ. դա սեփական էմոցիոնալ անկարողության, հյուծվածության և անզորության խոստովանություն է, որը պարպվում է ամենաանպաշտպան թիրախի վրա։ 

Ինչպե՞ս կոտրել շղթան 

Ուսուցչի կամ ծնողի ձեռքը երեխայի վրա բարձրանալը նույն տրավմատիկ շղթայի վերջին օղակն է, որի առաջին օղակում մեր՝ սեփական ագրեսիան չընդունված, լռեցված ու «բարի նպատակներով» արդարացված թողնելն է։ Եթե մենք՝ որպես հասարակություն ուզում ենք վերացնել բռնությունը դպրոցներից, ընտանիքներից ու մեդիահոսքերից, պետք է դադարենք ռոմանտիզացնել «մայրական ծեծը» և սովորենք բաց խոսել ծնողավարության «մութ», անհարմար կողմերի մասին. 

1. Ընդունել, որ ագրեսիան. զայրանալը, հոգնելը, կատաղելը բնական են։ Դրանք մեզ «վատ մայր» կամ «վատ մարդ» չեն դարձնում։ 
2. Չարդարացնել բռնությունը. զայրանալը նորմալ է, բայց այդ զայրույթը երեխայի վրա իշխանական զենք դարձնելն ու դա «սիրով» քողարկելը՝ անընդունելի։ Երեխայի իրավունքը՝ մեծանալու առանց բռնության, անբեկանելի է։ 
3. Հրաժարվել «կատարյալ» լինելու պահանջից. մայրը, որն ընդունում է իր հոգնածությունն ու սահմանները, ավելի պաշտպանված է պայթյուններից, քան նա, որը լռեցնում է իր ցավը՝ հանուն արտաքին «կատարյալ» պատկերի։ 

Ռալֆին նայելիս՝ ես ամեն օր ինձ հիշեցնում եմ. իմ ներսի լարվածությունը իմ պատասխանատվությունն է, ոչ թե իր մեղքը։ Ու, թերևս, իսկական մայրությունը ոչ թե երբեք չզայրանալն է, այլ այդ ահռելի իշխանությունը սիրո, այլ ոչ թե ճնշման վերածելու ամենօրյա, լռելյայն հերոսությունը։

Թեհմինա Հարությունյանը նախկին լրագրող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *