Փառանձեմի արքայանարնջի այգին եւ Գետահովիտում գտած երազանքը

Written by

in

Հոկտեմբերին, երբ արքայանարնջի բերքը հասունանում է, Փառանձեմի օրը սկսվում է վաղ առավոտյան։ Մինչեւ ժամը 8-ը այգում է: Երեկոյան 6-ից 8-ը կրկին վերադառնում է ծառերին ու բերքին։ Բերքահավաքի եւ չրի պատրաստման շրջանում աշխատանքը երբեմն ձգվում է մինչեւ գիշերվա ժամը 3-ը։

 

Օրվա առաջին գործը, սակայն, այգին չէ։ Փառանձեմը նախ տեղավորում, խնամում է կենդանիներին, եթե կան գյուղմթերքի վաճառքի պատվերներ, պատրաստում դրանք, կազմակերպում առաքումը, հետո անցնում այգուն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմի խոսքով՝ հոկտեմբերին սկսվում է տարվա ամենապատասխանատու շրջաններից մեկը՝ արքայանարնջի բերքահավաքը. «Ժամանակը եկավ՝ պետք է հավաքենք բերքը, կապ չունի արեւ է, անձրեւ է, թե մառախլապատ»:

 

Փառանձեմ Ադամյանն ապրում է Իջեւանի Գետահովիտ համայնքում։ Մասնագիտությամբ ֆիզիկոս ու բուսաբան է, ավարտել է ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետը, հետո՝ մագիստրոսական ծրագիրը շարունակել ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Երազանքներն ու նպատակները միշտ կապել է Տավուշի ու հարազատ գյուղի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երազում էի ունենալ մեծ, շքեղ տուն ու այգի։ Այդպիսի բույս, միրգ, բանջարեղեն չկա, կանաչի հետ կապված այդպիսի բան չկա, որ չպաշտեմ»,- ասում է Փառանձեմը։

 

Երբ ամուսնացան, ամուսինը մեծ այգի ու հողամաս գնեց։ Փառանձեմը հիշում է՝ դեռ այն ժամանակ ինչպես էր նախագծում իրենց ապագա տան ու բակի տեսքը։

 

«Հիշում եմ, որ այս հողամասը գնել էինք, թուղթ ու մատիտը ձեռքիս եկել եմ, իբր նախագիծ եմ գծում: Ամուսիններով վիճում էինք, բայց վերջում ամեն ինչ իմ ուզած ձեւով էինք անում»,- ծիծաղում է նա։

 

Գծագրում ամեն ինչ իր տեղն ուներ՝ ծաղկանոցը, փուռը, լողավազանը, տունը։ Այդ նախագիծը Փառանձեմը մինչեւ հիմա պահում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

2008 թվականից սկսեցին մտածել՝ ինչ ծառ տնկել այգում, որ հետագայում իրենց ընտանիքի բիզնեսի հիմքը դառնա։

 

«Սկզբում սեւ սալոր աճեցրինք։ Տեսանք՝ տեղական շուկայում հնարավոր չէ վաճառելը։ Այդ ժամանակ դեռ նպատակ չունեինք չիր անելու։ Մտածեցինք՝ լավ, Իջեւանում ի՞նչ անենք, որ ե՛ւ ընտանիք պահենք, ե՛ւ մեր երազանքի բնակարանը կառուցենք»,- պատմում է նա։

 

 

Ընտրեցին արքայանարինջը։ Վարկ վերցրին, անասունները շատացրին, որ դրանից ստացած եկամուտով կարողանան այգին ավելի լավը դարձնել: Այգում հիմա ոչ միայն պտղատու ծառեր են աճեցնում, այլեւ դեկորատիվ բույսեր՝ գնդաձեւ ու սրածայր սամշիտներ, ինչպես նաեւ եղեւնիներ։

Փառանձեմ Ադամյանը Փառանձեմ Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին տարիները հեշտ չէին։ Ծառերը չորանում էին, իսկ մենք չէինք հասկանում՝ ինչն է պատճառը: Տավուշի մարզպետարան Անգլիայից այգեգործների վերապատրաստման համար մասնագետների խումբ էր հրավիրել, որդուս հետ գնացի, դասընթացներին մասնակցեցի։ Այդ ժամանակ տղաս 13 տարեկան էր։ Մեկ ամիս մասնակցեցինք դասընթացներին, հետո արդեն Տավուշից այգեգործների հավաքեցինք մեր այգում ու ծառերն էտելու փորձարկումներ արեցինք»,- պատմում է Փառանձեմը։

 

Տարիների փորձը փոխել է նաեւ այգու խնամքի նրանց մոտեցումները։ Սկզբում արքայանարնջի ծառերն էտում էին գարնանը, սակայն հետագայում հասկացան, որ ավելի արդյունավետ է դա անել աշնանը՝ հեռացնելով ավելորդ ճյուղերն ու պահպանելով պտուղ տվողները։

Փառանձեմ Ադամյանը Փառանձեմ Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արքայանարնջի ծառի ճիշտ էտը շատ կարեւոր է։ Կան էտելու տարբեր ձեւեր՝ խաչաձեւ, եռանկյունաձեւ, շրջանաձեւ։ Երբ սկսեցինք աշնանն էտել, արդյունքը միանգամից տեսանելի դարձավ։ Եթե առաջ մեկ կառալյոկը 100-120 գրամ էր կշռում, հիմա հասնում է 300-350 գրամի։ Տեսքն ու որակն էլ լրիվ ուրիշ են»,- պատմում է Փառանձեմը։

 

Այգու աշխատանքը, սակայն, արքայանարնջի սեզոնով չի սահմանափակվում։ Մինչեւ հոկտեմբեր սեւ սալորի չիրն են պատրաստում, հետո՝ թզի, դեղձի, պնդուկի ու ընկույզի հերթն է։ Նոյեմբերից սկսվում է ծառերի էտի շրջանը, իսկ արքայանարնջի բերքահավաքն ու չրի պատրաստումը տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածն են։

 

Հետագայում Փառանձեմն ու ամուսինը մեկ այլ վերապատրաստման են մասնակցել՝ չրի արտադրություն սովորելու համար։ Արդեն երեք տարի է՝ իրենց տանը կից արտադրամասում չիր են պատրաստում։

Փառանձեմ Ադամյանն ամուսնու հետ Փառանձեմ Ադամյանն ամուսնու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չիր արտադրելը մեծ փորձություն էր։ Տավուշի կլիման խոնավ է, մեզ մոտ, օրինակ, այն արեւը չկա, ինչ Սյունիքում է։ Արքայանարնջի չիրը ստացվում է 15 օրում։ Այդ օրերի ընթացքում իր հատուկ տեխնոլոգիաներով պետք է տրորել, կախել, կլպել»,- ասում է նա։

 

Տարիների ընթացքում հմտացել են ու արդեն նպատակ դրել՝ սեփական բրենդն ունենալ եւ դրանով ներկայանալ շուկայում։ Մինչեւ հիմա չիրը մեծ քանակությամբ վաճառում էին խանութներին եւ սուպերմարկետներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմի համար այգին միայն բիզնես չէ։ Այն առօրյա աշխատանքի, ընտանիքի ու իր ընտրած կյանքի մի մասն է։ Ասում է՝ իրենց ընտանիքում «սա կնոջ գործ է, սա տղամարդու» բաժանումը չի եղել։

 

«Ծառ եմ բարձրացել, բերքը քաղել։ Ասում էին՝ կընկնես, ասում էի՝ բա ո՞վ պիտի գա իմ տան բերքը քաղի։ Գյուղում երբեմն այսպիսի պատկերացում կա, թե քաղհանը տղամարդու գործ չէ, բայց ամուսինս չի թողնում՝ ես անեմ։ Հակառակը, ասում է՝ դու եղունգներդ կփչացնես, թող ես անեմ»,- ասում է նա (ծիծաղում է,- հեղ.)։

 

Փառանձեմը դժվարությունների մասին ծանրությամբ չի խոսում։«Ամեն տարի էլ լինում են։ Անցած տարի փոշոտումը լավ չէր եղել, բերքն անորակ էր։ Կարելի է ասել՝ ամեն ծառից հատիկ-հատիկ ենք հավաքել միրգը, որ տեսնենք՝ որն է որակով, որ դրանից պատրաստենք չիրը։ Դա էլ է մի փորձություն, երբ եղանակի հետ կռիվ տալով արտադրանք ես ստեղծում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմը գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող կնոջ դժվարությունը նաեւ շուկայի հետ է կապում։

 

«Կինը պետք է շատ մեծ, ծով համբերություն ունենա, քանի որ կին գործարարին խժռում են, սեփական փորձից եմ ասում։ Հենց լսում են՝ գործի գլուխ կանգնած է կինը, ասում են՝ ինչ է անելու, նրա արտադրածն ինչ պետք է լինի»։

 

Նրա համար այս ճանապարհին ամենակարեւոր բաներից մեկը համառությունն է։

 

«Եթե նպատակ դնես, համառես, կեսից չկոտրվես, դրա հետ մեկտեղ ունենաս աջակցողներ, թեւ տվողներ, կհաջողես։ Իմ դեպքում այդ մարդն ամուսինս է, ով ինձ ուժ է տալիս, թեկուզ իր մեկ խոսքով։ Երբ բերքը լավ չէր լինում, եկամուտ չէր լինում, ամուսինս ասում էր՝ դե ոչինչ, համարենք այս տարի չի եղել, էլի կստեղծենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին հինգ տարում Փառանձեմն ապրում է այն միջավայրում եւ այն կյանքով, որին միշտ ձգտել է։ Բայց այգին նրա միակ աշխատանքը չէ։ Առավոտյան ժամը 9-ին սկսվում է նաեւ մեկ այլ աշխատանքային օր։ Երբ համայնքում հաշվապահի թափուր հաստիք է եղել, որոշել է նոր մասնագիտություն սովորել։ Մասնակցել է դասընթացների ու վերապատրաստումների, լիցենզիա ստացել։

 

«Երեք տարում դարձա այն հաշվապահը, որին եւ կազմակերպությունն էր պահանջում, եւ ես էի ձգտում»,- ասում է Փառանձեմը։

 

Իսկ գյուղատնտեսական աշխատանքի ապագայի մասին խոսելիս նա մի մեծ ցանկություն ունի՝ սեփական արտադրանքով ներկայանալ աշխարհին եւ օրինակ դառնալ հատկապես գյուղաբնակ կանանց համար։

Փառանձեմ Ադամյանը Փառանձեմ Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարող է մեծամիտ հնչի, բայց հետագայի համար երազում եմ աշխարհին ներկայացող կին արտադրող լինել։ Դրան եմ ձգտում։ Ես էլ սովորել եմ ուրիշներից։ Գնացել եմ Սյունիք՝ տեսնելու, թե այնտեղ ինչպես են արքայանարնջի չիր պատրաստում։ Այս ընթացքում շատ իմպրովիզներ, փորձարկումներ եմ արել, ես էլ ուրիշներից եմ օրինակ վերցրել։ Միգուցե ինձնից էլ օրինակ վերցնեն ուրիշ կանայք, հատկապես՝ գյուղաբնակ, որ մտածեն՝ իրենք էլ կարող են»։

 

Հոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։ 

 

 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի եւ ՄԱԲՀ-ի տեսակետները:

 

Արփի Ջիլավյան 

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 

 

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *