Էդգար Մկրտչյանն ընդունել է Ստեֆանի Գիլին և Ֆաբրիցիո Ձարկոնեին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի էներգետիկայի ոլորտի ղեկավար Ստեֆանի Գիլին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ դիմակայունության ամրապնդմանն ուղղված ռազմավարական պլանավորման հարցերը՝ մասնավորապես անդրադառնալով էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացմանը, շուկայական հնարավոր տատանումների ազդեցությունը մեղմելուն ուղղված հրատապ արձագանքման մեխանիզմներին և միջնաժամկետ հատվածի կառուցվածքային առաջնահերթություններին։
Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ էներգետիկ ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Այս համատեքստում քննարկվել են մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման, առևտրային բանկերի միջոցով վարկային գծերի տրամադրման և խառը ֆինանսավորման մեխանիզմների կիրառման հնարավորությունները՝ տնային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումներն առավել մատչելի և խթանող դարձնելու նպատակով։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև էներգաարդյունավետության բարձրացման և ֆինանսավորման մեխանիզմների զարգացման ուղղությամբ միջազգային հաջողված փորձի կիրառման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ փորձագիտական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ նշված ուղղություններով համագործակցությունն առաջ մղելու նպատակով:
Leave a Reply