Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել

Written by

in





Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ աջ թոքի մի հատվածի հեռացման վիրահատությունից հետո ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա։ Վիրահատությունը կատարվել է երեքշաբթի օրը, իսկ հեռացված հյուսվածքների հետազոտության արդյունքները հաստատել են բժիշկների նախկին կասկածները։ Այս մասին, հղում անելով Վատիկանին, հաղորդում է Reuters-ը։

71-ամյա պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր Հռոմի Ջեմելի հիվանդանոցում՝ հեռացնելու նորագոյացությունը, որը հայտնաբերվել էր պլանային բժշկական զննման ընթացքում։

 Պապի վիրահատող բժիշկ Ստեֆանո Մարգարիտորան և անձնական բժիշկ Լուիջի Կարբոնեն հայտնել են, որ վիրահատությունը տևել է շուրջ 90 րոպե և անցել հաջողությամբ՝ առանց բարդությունների։ Քաղցկեղային հյուսվածքը հեռացնելու համար բժիշկները կիրառել են տեսաօժանդակ վիրաբուժական մեթոդ։ Վիրահատության ընթացքում հեռացվել է աջ թոքի ստորին բլթը։

 Բժշկական տեղեկագրի համաձայն՝ պապի մոտ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի տարածված տեսակներից մեկը։

Միևնույն ժամանակ, առայժմ հայտնի չէ, թե հիվանդությունն ինչ փուլում է, և արդյոք քաղցկեղային բջիջները տարածվել են ավշային հանգույցներում։ Այս տվյալները կարևոր նշանակություն ունեն հիվանդության ընթացքի կանխատեսման և հետագա բուժման մարտավարության որոշման համար։

«Թեև մենք արդեն ունենք ախտորոշում, առայժմ տեղեկություններ չունենք հիվանդության փուլի մասին։ Սա չափազանց կարևոր է ինչպես կանխատեսման, այնպես էլ բուժման համար»,- նշել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի թոքերի քաղցկեղի մասնագետ Սթիվեն Լյուն։

Նրա խոսքով՝ եթե ուռուցքը փոքր է և չի տարածվել ավշային հանգույցներում, հնարավոր է, որ վիրահատությունը բավարար լինի բուժման համար։ Իսկ եթե վերջնական հետազոտությունների արդյունքները ցույց տան, որ քաղցկեղն ավելի լայն տարածում է ստացել, հիվանդության կանխատեսումը կարող է ավելի անբարենպաստ լինել։




դիտվել է 144 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *