«Իրական Հայաստան» գաղափարախոսությունը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր գաղափարախոսություն ու, ամենայն հավանականությամբ, իր տեղն է ունենալու նոր սահմանադրության նախաբանում։ Չնայած ժողովրդավարությունը չի ենթադրում պաշտոնական գաղափարախոսության առկայություն, սակայն այստեղ հիմնական խնդիրը ոչ թե գաղափարախոսության պարտադրման հակաժողովրդավարական բնույթն է, այլ հենց ինքը՝ գաղափարախոսությունը:
Ինչու՞։ Քաղաքական գաղափարախոսությունն արժեքների, նպատակների և սկզբունքների համակարգ է, որը բանաձևում է այն որդեգրած ազգի, հանրության, ժողովրդի գործողությունները՝ նրա շարունակական գոյությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Սակայն եթե այդ գաղափարախոսությունը հիմնված է իրականության խեղաթյուրված մեկնաբանման վրա, այն ուղղակի չի կարող ծառայել վերոնշյալ նպատակներին և դառնում է անպետք։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության առանցքային խնդիրն էլ հենց սա է՝ այն հիմնված է իրականության խեղաթյուրված մեկնաբանման վրա։
«Իրական Հայաստան» գաղափարախոսությունը հայ ժողովրդի դատին է ներկայացվում երկու և միմյանց հակադիր մտածողության ձևերի՝ «պատմական» և «իրական» Հայաստանների հակադրության համատեքստում ու հիմնված է երկու հիմնական թեզերի վրա։ Առաջին՝ հայ ժողովրդի մոտ մինչ օրս գերակշռել է «պատմական Հայաստանի» մտածելակերպը, ըստ որի` պատմական հայրենիքի վերականգնումը երազանք և նպատակ է, ու դա ստեղծել է մշտական ռիսկեր հարևանների հետ հարաբերություններում։ Երկրորդ՝ այս մտածողությունը դարձել է անկախ Հայաստանի պետական մտածողության հիմքը՝ երկիրը ներքաշելով հակամարտությունների մեջ և հանգեցնելով ծանր կորուստների։
Առաջին թեզն իր հիմքում որոշակի ճշմարտություն պարունակում է․ պատմական հայրենիքի կորստի հիշողությունն ու վերադառնալու ձգտումը առկա են հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Սակայն դա ո՛չ արտառոց է, ո՛չ էլ դատապարտելի։ Սա բնորոշ է հայրենազրկում ապրած ցանկացած ազգի, ինչպես կույրն է երազում տեսնել, այնպես էլ հայրենազուրկն է երազում վերադառնալ։ Մինչդեռ երկրորդ թեզը՝ պատմական հայրենիքի վերականգնումը որպես անկախ Հայաստանի պետական մտածողության հիմք և հակամարտությունների պատճառ, զուրկ է բավարար փաստական հիմնավորումից։
Հայաստանի Հանրապետությունը չի ստեղծվել պատմական հայրենիքի վերականգնման նպատակով։ Հայաստանի Հանրապետության ձևավորման և պետական քաղաքականության հիմքում եղել է հայ ժողովրդի անվտանգության ապահովման հրամայականը։ Այս տրամաբանությամբ Ղարաբաղի հարցում նպատակը հայ բնակչության անվտանգության ապահովումն էր, այլ ոչ թե պատմական Ղարաբաղի ազատագրումը։ Եթե հիմքում տարածքների ազատագրումը լիներ, ապա Ղարաբաղյան առաջին պատերազմի աշխարհագրությունն անպայմանորեն այլ կլիներ։ Նույն կերպ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը միտված էր հանցագործության կրկնությունը կանխելուն, այլ ոչ թե պատմական տարածքների վերադարձին։ Հայաստանի ոչ մի ղեկավար ցեղասպանության հարցում երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել։ Ուստի հակամարտության և կորուստների պատճառները պետք է փնտրել ոչ թե հայ ժողովրդի մտածողության մեջ, այլ ուրիշ գործոնների մեջ։
Իրականության խեղաթյուրված ներկայացումը թույլ չի տալիս ճշգրիտ գնահատել պետության մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու ազգային շահերը։ Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյատևել ոչ ժողովրդավարական պայմաններում, բայց «Իրական Հայաստան» կեղծ գաղափարախոսության պարտադրանքի ներքո՝ դժվար թե։ Ուստի քննադատությունները պետք է կենտրոնանան, առաջին հերթին, գաղափարախոսության էության վրա, հետո նոր ժողովրդավարության հետ կապված խնդիրների վրա։
Այս հոդվածը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության էության մասին էր։ Իսկ թե ինչպիսի բովանդակություն այն ունի, ինչպիսի մտքեր ու դատողություններ են մեզ պարտադրվելու, կքննարկվի հաջորդ հոդվածներում։
Հակոբ Ղազարյանը քաղաքագիտության մագիստրոս է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Leave a Reply