«Սերունդ» ծրագիրը կընդլայնվի AIFA հիմնադրամի աջակցության շնորհիվ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ-AIFA) հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար։

Դրամաշնորհը հիմնադրամին թույլ կտա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական եւս 10 դպրոցներում, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրվել են որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։ 

 

2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների եւ ավելի քան 3,000 ծնողի՝ ձեւավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների եւ մանկապարտեզների ցանց։ 

 

ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ եւ ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության եւ դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։ 

 

«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարեւորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին եւ «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը եւ Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», – նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ 

 

«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության եւ կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների եւ համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին եւ ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», – նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *