Կարսի պայմանագիրը 105-ամյակը – Mediamax.am

Written by

in

2026 թվականի հոկտեմբերի 13-ին լրանում է Կարսի պայմանագրի 105-ամյակը: Այս փաստաթղթով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթներն ու սահմանվեցին Թուրքիայի ժամանակակից սահմանները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ 

 

Պայմանագրին նախորդող իրավիճակը

 

Կարսի պայմանագրի ստորագրմանը նախորդող շրջանը բնորոշվում էր 1920 թ. աշնանը սկսված հայ-թուրքական պատերազմում Հայաստանի ծանր պարտությամբ, երբ թուրքական զորքը գտնվում էր Գյումրիում։ Պատերազմը դադարեցվել էր 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, որի ստորագրման պահին հայկական պատվիրակության ներկայացուցիչներն այլեւս լիազորություններ չունեին. Հայաստանը խորհրդայնացվել էր։ 

 

Այդ շրջանի ռազմաքաղաքական իրադարձություններում մեծ դեր ունեցան Ռուսաստանի եւ Թուրքիայի հեղափոխական առաջնորդների աշխարհաքաղաքական շահերի համընկնումները։ 1921թ. փետրվարին Մոսկվայում սկսվեցին ռուս-թուրքական բանակցությունները, որում քննարկվում էր նաեւ հայ-թուրքական սահմանի հարցը՝ առանց հայկական պատվիրակության մասնակցության։ 

 

1921 թ. մարտի 16-ին (18-ին) Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ քեմալական Թուրքիայի ներկայացուցիչները կնքեցին «Եղբայրության եւ բարեկամության պայմանագիր»-ը՝ արձանագրելով երկուսի միջեւ առկա՝ իմպերիալիզմի դեմ պայքարի սոլիդարությունը։ 

 

Այդ պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի եւ Սուրմալուի շրջանները՝ հայերին զրկելով ազգային խորհրդանիշ Արարատ լեռից։ Թուրքիային էր անցնում նաեւ Բաթումի շրջանի մի մասը, իսկ Նախիջեւանի շրջանին Ադրբեջանի խնամակալության ներքո տրվում էր ինքնավար կարգավիճակ՝ ցամաքային կապ ստանալով Թուրքիայի հետ:

 

Պայմանագրի կնքումից հետո միայն տեղեկանալով դրա դրույթների մասին, հայկական պատվիրակությունը՝ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, բողոք ներկայացրեց հայկական տարածքների վերաբերյալ, սակայն այն որեւէ նշանակություն չունեցավ։ 

 

Մոսկվայի պայմանագրին իրավական ուժ տալու համար ձեւակերպվեց 15-րդ հոդվածը, որով Ռուսաստանը պարտավորվում էր Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ ձեռնարկել քայլեր, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում պարտադիր կերպով ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի՝ իրենց վերաբերող հոդվածները։ 

 

ՌՍՖԽՀ Կենտգործկոմը (Ռուսաստանը) պայմանագիրը վավերացրեց ստորագրումից անմիջապես հետո՝ 1921 թ. մարտի 20-ին, մինչդեռ Թուրքիայում չորս ամիս շարունակ վավերացումը ձգձգվում էր՝ Արեւմուտքի հետ տարվող քննարկումներում շահեկան դիրքերի համար։ 

Լուսանկարը` Yonca Evren

Թուրքական օկուպացիայի վեց ամիսներին միայն Ալեքսանդրապոլի (Գյումրի) գավառում ոչնչացվել էր 140 հայկական գյուղ, գողացվել էր հարյուր հազարավոր անասուն եւ հացահատիկ։ Պայմանագրի դրույթի կատարման, այն է՝ թուրքական զորքերի՝ Ալեքսանդրապոլից դուրսբերման ուղղությամբ ռուսական կողմը ճնշում գործադրեց միայն 1921 թ. ապրիլին, երբ Կարմիր բանակը հաստատվեց Երեւանում։ 

 

Հայերի չարդարացված հույսերը

 

Կարսի պայմանագիրը ստորագրվեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային կառավարությունների միջեւ։ Չնայած հայկական կողմը հույս ուներ գոնե աննշան տարածքային զիջումների հասնել (մասնավորապես՝ Անիի ավերակների եւ Կողբի աղահանքերի հարցում), թուրքերը կտրականապես մերժեցին բոլոր առաջարկությունները։ Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ՝ իբրեւ հավելված-կրկնություն, վերահաստատեց Մոսկվայի պայմանագիրը։

 

Պայմանագրի 1-ին հոդվածով կողմերը չեղյալ էին հայտարարում նախկինում կնքված բոլոր միջազգային պայմանագրերը (բացի Մոսկվայի պայմանագրից)։ Հայաստանի տարածքային կորուստներն ահռելի էին. Թուրքիային անցան Կարսի մարզը (մոտ 17,250 քառ. կմ) եւ Սուրմալուի գավառը (3,450 քառ. կմ)։ Ընդհանուր առմամբ Հայաստանը կորցրեց ավելի քան 20,700 քառ. կմ տարածք։ Ավելին, որպեսզի Թուրքիան անմիջական ցամաքային կապ ունենա Նախիջեւանի հետ, նրան հանձնվեց նաեւ Արաքսի աջ ափին գտնվող Երեւանի գավառից որոշակի հատված։

 

Պայմանագրի խնդրահարույց կողմերը

 

Կարսի պայմանագիրը խիստ խոցելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։ 

 

Միջազգային պայմանագրի վավերականությունը ենթադրում է կողմերի ինքնիշխանություն եւ կամքի ազատ արտահայտում, մինչդեռ Հայաստանի պատվիրակությունը շղթայված էր Խորհրդային Ռուսաստանից կախվածությամբ եւ կուսակցական հրահանգներով. նրանք իրավասու չէին շեղվել Մոսկվայի պայմանագրի գծած սահմաններից։

 

Նոր սահմաններով Հայաստանի պաշտպանունակությունը դարձավ էլ ավելի բարդ. երկրի երկու գլխավոր կենտրոնները՝ Երեւանը եւ Ալեքսանդրապոլը, վերածվեցին խոցելի սահմանային քաղաքների։

 

Իոսիֆ Ստալինը 1920 թ. վերջին պարծենում էր, թե խորհրդային իշխանությունը լուծեց հայկական հարցը, որի վրա ապարդյուն գլուխ էին կոտրում «իմպերիալիստական գայլերը»։ Ընդամենը ամիսներ անց՝ 1922 թ. գարնանը, Մուստաֆա Քեմալը բառացիորեն կրկնեց այդ միտքը՝ հայտարարելով, որ այսպես կոչված հայկական հարցը «գտավ իր ամենաճիշտ լուծումը Կարսի պայմանագրում»։ 

 

105 տարի անց կարելի է վիճել պայմանագրերի իրավական եւ բարոյական կողմերի մասին, սակայն հայ-թուրքական փաստացի սահմանը՝ դրանից այն կողմ գերի մնացած Արարատ լեռով, փաստացի հիշեցում է պատմությունից դասեր քաղելու հրամայականը։ 

 

Ստորագրված պայմանագրերի արժեքը լավագույնս գնահատել է Գարեգին Նժդեհը. 

 

«Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը եւ հարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից, սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ մի ուրիշի թղթե բարեկամությունը իրենց ավելի շահավետ թվաց, նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղությանը։ Այս է իրերի առարկայական դրությունը, այս է իրական աշխարհը եւ ոչ այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրորվել եւ օրորվում է մեր զգացմունքային ազգը»։ 

 

Գայանե Ենոքյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *