Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը

Written by

in





Երեկ՝ հուլիսի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Գարեգին Նժդեհ փողոցի 23/3 հասցեի նորակառույց շենքի և հարևան նորակառույցի բնակիչները, անելանելի վիճակից դրդված, դուրս էին եկել փողոց և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ լուծել իրենց շենքերը սպասարկող կոյուղատարի խնդիրը, որը, նրանց խոսքով, սպառնում է վերածվել սանիտարահամաճարակային աղետի։
Բնակիչների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ, նրանց պնդմամբ, հարակից մասնավոր հողամասի սեփականատերը դիտավորյալ բետոնապատել և քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել է կոյուղու դիտահորը։ Չնայած այն հանգամանքին, որ շենքերը նորակառույց են և սահմանված կարգով հանձնվել են շահագործման, կոյուղաջրերի բնականոն հեռացումն այլևս անհնար է դարձել։

Լարվածությունն ու դժգոհությունն ավելի են մեծացել, քանի որ նույն դիտահորով են անցնում նաև հարևան շենքի կոյուղաջրերը, և այժմ երկու բազմաբնակարան շենքերն էլ հայտնվել են ծանր իրավիճակում։ Բնակիչների խոսքով՝ կեղտաջրերը լցվում են նկուղներ և նույնիսկ որոշ բնակարաններ՝ առաջացնելով գարշահոտություն և հակասանիտարական պայմաններ։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ շենքի շահագործման ընդունման ակտով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն այժմ, նրանց պնդմամբ, հրաժարվում է սպասարկել կոյուղու այդ հատվածը։

Եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, ապա այժմ, ամբողջական բետոնապատումից հետո, նույնիսկ տեխնիկան անզոր է։ Արդյունքում երկու շենքերի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ։

Բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով քաղաքապետարանի իրավասու մարմինների անհապաղ արձագանքն ու այցը դեպքի վայր՝ պարզելու դիտահորը բետոնապատած անձի գործողությունների օրինականությունը, նրան պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պարտավորեցնելու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կատարել իր պարտավորությունները և սպասարկել երկու շենքերի կոյուղատար համակարգը։

Բնակիչները շեշտում են, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հարևանների միջև ծագած վեճի շրջանակից։ Նրանց խոսքով՝ վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների և մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը, իսկ եթե քաղաքապետարանը շուտափույթ և արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։




դիտվել է 142 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *