Ամուլսարի ծրագրի ազդակիր երեք համայնքներին՝ Ջերմուկին, Վայքին և Սիսիանին, տարեկան 7–9 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրվի։ Բացի այդ, հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 5 միլիոն դոլար կհատկացնի «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը։
Այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողության ժամանակ հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու ազդակիր երեք համայնքները վերջերս հստակեցրել են համայնքային աջակցության ծրագրի իրականացման պայմանները։
«Ոչ միայն հստակեցվեց, որ համայնքներին տարեկան կտրվի 7-ից մինչև 9 միլիոն դոլար գումար, այլ նաև հստակեցվեց ծրագրի մեթոդաբանությունը, ուղղությունները, աշխատանքի ձևաչափը։ Սա, կարծում ենք, անչափ կարևոր է»,- նշել է Սանոսյանը։
Նա կարևորել է մարզպետարանների և համայնքապետարանների ներգրավվածությունը համատեղ աշխատանքներում՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը համայնքների հետագա զարգացման համար։
Անդրադառնալով «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը՝ Սանոսյանը հայտնել է, որ ծրագիրն արդեն որոշակի ընթացք ունի։ Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիայի» նախատեսած 5 միլիոն դոլարի աջակցությունը կուղղվի ազգային պարկի ստեղծմանը և ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացմանը։
Leave a Reply