Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

Written by

in

Չորրորդ անգամ Կապանը հյուրընկալեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության փառատոնը։ Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում հոկտեմբերի 8-ին սերբական ծագումով, Նորվեգիայում բնակվող և միջազգային բեմերում համբավ ունեցող երգեհոնահարուհի և դաշնակահարուհի Միլկիցա Ռադովանովիչն էր։ Մինչև համերգը սկսելը Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը նշեց, որ հայաստանյան երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Կապանում։

Ներկայացնելով երգեհոնահարուհուն, նա նշեց, որ Ռադովանովիչը շատ արագ սիրահարվեց հայկական երգեհոնային երաժշտությանը և իր երկացանկում ընդգրկեց հայ հոգևոր երաժշտության մի քանի նմուշ։ Ավելին, նա արդեն հասցրել է այդ ստեղծագործությունները կատարել Նորվեգիայում, իր ապրած քաղաքի եկեղեցում՝ հարուցելով ներկաների զարմանքն ու հիացմունքը։

Երգեհոնահարուհին կապանյան բեմում հնչեցրեց Բախի, Ալբինոնիի, Մենդելսոնի, Կոմիտասի հայ և արտասահմանցի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգն եզրափակվեց նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երեք ստեղծագործության կատարմամբ՝ «Առավոտյան տրամադրություն», «Նորվեգական պար թիվ 2», «Լեռների արքայի քարանձավում»։

Միլկիցա Ռադովանովիչը «Սյունյաց երկրին» հայտնեց, որ տպավորված էր այն բանով, որ Կապանի տարբեր հատվածներում իր համերգի ազդագրերն էին փակցված։ Մարդիկ նրան փողոցում ճանաչում և ողջունում էին, ինչից նա անչափ շոյված էր․․․

 

Վահրամ Օրբելյան

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *