Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները կարող են ավելի մեծ տնտեսական հաջողությունների հասնել, եթե վերացնեն առևտրային խոչընդոտներն ու ազգային սահմանափակումները։
Այս մասին նա ասել է հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում ԱՊՀ երկրների առաջնորդների նեղ կազմով հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է ևս 19 տոկոսով։
«Կարելի՞ է ավելի արագ առաջ շարժվել։ Հավանաբար՝ կարելի է։ Դրա համար ի՞նչ է պետք անել։ Վերացնել խոչընդոտները։ Մենք ինքներս գիտակցաբար զսպում ենք զարգացման հնարավոր տեմպերը», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների միջև հաշվարկների գրեթե ամբողջ ծավալն իրականացվում է ազգային արժույթներով, իսկ առևտրային գործարքներում դրանց մասնաբաժինը գերազանցել է 90 տոկոսը։ Պուտինի խոսքով՝ նման ֆինանսական ենթակառուցվածքը նպաստում է տնտեսական համագործակցության խորացմանը՝ չնայած արտաքին ազդեցությանը։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ երկրների գործարար շրջանակներն իրականացնում են խոշոր արդյունաբերական և ենթակառուցվածքային ծրագրեր։ Նրա խոսքով՝ ձևավորվում են եվրասիական արտադրական և տրանսպորտային նոր շղթաներ, արդիականացվում են «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային լոգիստիկ միջանցքները։
Պուտինի խոսքով՝ ԱՊՀ երկրները նաև արագացնում են ներմուծման փոխարինման գործընթացն ու ընդլայնում ապրանքների արտադրությունը։
Հանդիպումն անցկացվում է Թուրքմենստանում, որտեղ Պուտինը երկօրյա այցով է գտնվում։ Այցի շրջանակում նախատեսված է նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը։
Leave a Reply