Հոկտեմբերի 25-ին Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքում…
«Սյունյաց երկիրը» հոկտեմբերի 8-ին Մեղրիում էր՝ նպատակ հետապնդելով հանդիպելու առաջադրված չորս քաղաքական ուժի նախընտրական ցուցակները գլխավորող անձանց հետ, շոշափելու նրանց տրամադրությունը, իմանալու քարոզարշավի ընթացքի մասին։
Հանգամանքների բերումով առաջինը հանդիպեցինք Վարդանիձորի նախկին վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանին. համայնքի ղեկավարի 65-ամյա թեկնածուն գլխավորում է «Հայաստանի շնորհապետական կուսակցության» ցուցակը։
Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի ընտրություններում՝ ի տարբերություն համապետական ընտրությունների, գործում է խնամի-ծանոթ-բարեկամ եռամիասնությունը։ Ինքը, օրինակ, դժվարություններ է ունեցել ավագանու կազմը ձևավորելու խնդրում, քանզի այն համոզմունքն ունի, որ ավագանու անդամը պետք է լինի գրագետ, պատրաստված, փորձառու, արժանապատվությամբ լի։ Բայց չի կարողացել հավաքագրել նման մարդկանց, քանզի շատերի մեջ վախ կա՝ աշխատանքը կորցնելու, աշխատավարձից զրկվելու, ինչ-որ ճնշումների ենթարկվելու։ Նա բերեց իր և Մեղրու համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Զաքարյանի օրինակը։ Նրանք Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չսատարելու համար, ընտրություններից հետո՝ հունիսի 11-ին, զրկվեցին իրենց աշխատանքից։
«Գիտեի, որ մի քանի ամիս հետո լինելու են ՏԻՄ ընտրություններ, այդ ժամանակ որոշում կայացրի, որ պիտի մասնակցեմ այդ ընտրություններին, որովհետև տեսնում էի, որ Մեղրիի վիճակը խայտառակ է», – եզրակացնում է մեր զրուցակիցը և հավելում, որ առաջիկա հինգ տարում լուրջ խնդիրներ ունի լուծելու Մեղրիի նորընտիր համայնքապետը… Դեռ այսքանից հետո միջամտում են Մեղրիի ՏԻՄ ընտրություններին․ «Երկու օր առաջ ականատես էի, թե ինչպես Սյունիքի մարզպետը Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և էլի պաշտոնյաներ գյուղական բնակավայրերում շրջում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սերգո Գալստյանի հետ։ Դա նշան է այն բանի, որ վարչական ռեսուրսն աշխատում է իշխող ուժի թեկնածուի օգտին։ Բայց երեք թեկնածուներս մարտականորեն ենք տրամադրված և հույս ունենք, որ մեր թեկնածուներիցս մեկը հաստատ կանցնի։ Այսինքն՝ Մեղրի կունենա այնպիսի ղեկավար, ով ազնիվ է, հայրենասեր, Մեղրիի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծմանը հետամուտ»։
Համայնքապետի ղեկավարի թեկնածուն նաև մի երևույթ է նկատել, ընտրատեղամասի հանձնաժողովներում ընդգրկվել են մարդիկ, ովքեր Կապանից կամ Քաջարանից են։ «Շուտով Կապանում էլ են լինելու ՏԻՄ ընտրություններ, արդյո՞ք, մեղրեցիներին տանելու են այդ ընտրություններին։ Մեղրիում կան ընտրություններում թրծված, հավաստագիր ունեցող մարդիկ, ովքեր միշտ ներգրավվել են ընտրական հանձնաժողովներում, բայց հիմա դրսից են մարդիկ ներմուծում։ Մի՞թե սա նորմալ է, մի՞թե տեղացիների հանդեպ վստահություն չկա»։
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ընտրատեղամասերում ունենալու են լիազորված անձինք։ «Անպատճառ, մեր վստահված մարդիկ լինելու են ընտրատեղամասերում, հետևելու են ընտրությունների ընթացքին, յուրաքանչյուր խախտման օպերատիվորեն արձագանքելու ենք։ Ընտրությունների արդյունքից հետո կորոշենք մեր անելիքները։ Մինչև ընտրությունները չավարտվեն՝ միավորվելու և դաշինք կազմելու խոսակցությունները վաղաժամ են»։
Վլադիկ Գևորգյանը մեր զրույցի ավարտին նշեց, որ իր գործելակերպը, որպես թեկնածուի, ոչ մեկին նման չէ։ Ինքը չի ընդունում «շտաբ» հասկացությունը։ Հնարավոր է՝ ինքը շտաբ չունենա էլ։ Մարդկանց հանդիպելիս մի հարց է ուղղում՝ ակնկալե՞լ նրանց աջակցությունը, թե՞ ոչ։ Եվ անկեղծորեն բավարարված է լինում, որ մարդիկ իրեն չեն խաբում, այլ ասում են, թե որ թեկնածուի օգտին պիտի քվեարկեն։
Պատրաստեց Վահրամ Օրբելյանը
Leave a Reply