«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ»:

«Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման եւ կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։

 

Ցավոք, երբեմն եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երեւույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլեւս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

 

Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տեւած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ եւ հետեւողականություն կպահանջվեն։

 

Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր եւ համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլեւս անհնար է։

 

Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ եւ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասել ենք անհնարինի, եւ մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին, պահպանել այն, որովհետեւ այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլեւ համագործակցության եւ բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա», – ասել է Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *