Բնության պահպանության ֆինանսավորում, միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված գործուն քայլեր ու նոր հնարավորություններ Հայաստանի համար. այս թեմաների շուրջ արդյունավետ երկխոսություն ունենալու համար հոկտեմբերի 7-ին Երեւանի Մարիոթ հյուրանոցում պետական ու մասնավոր ոլորտների, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին էր համախմբել «Բնապահպանական ֆինանսներ եւ Cali հիմնադրամ. համաշխարհային հանձնառություններից անցում գործնական քայլերի» (անգլ.՝ «Nature Finance and the Cali Fund: Turning Global Commitments into Action») խորագրով միջոցառումը:
Այն կազմակերպել էր Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ SYSAAA-ի՝ Շեֆիլդի, Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների հայաստանյան շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ:
Շրջանավարտների ակտիվությունը՝ ծրագրի հաջողության ապացույց
Շուրջ տասը տարի Հայաստանում իրականացվող Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի առաջնային նպատակներից է Հայաստանում բարձր որակավորմամբ, մրցունակ ու երկրի զարգացումն առաջ մղող մասնագետների պատրաստումը: Կազմակերպված միջոցառումը մեծ հպարտության առիթ է ծրագրի ներկայացուցիչների համար, քանի որ ի ցույց է դնում դրա հաջողությունը:
«Շուրջ 500 անդամից բաղկացած մեր շրջանավարտների համայնքը, որն ակտիվ մասնակցում է երկրում բոլոր բնագավառների կյանքին, այսօր համալսարանի հետ համատեղ կազմակերպել է այս միջոցառումը՝ օգտագործելով տարիների ընթացքում ստեղծված մասնագիտական ցանցի ներուժը, ներգրավվելով հենց մեր շրջանավարտներին, որոնք այսօր երկրի զարգացման համար կարեւոր ոլորտներում կառավարչի պաշտոններ են զբաղեցնում: Սա լավագույն գնահատականն է մեր տարիների աշխատանքի»,- նշել է նա:
Իրականացված աշխատանք ու շարունակական ջանքեր
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը: Նա ընդգծել է, որ ներկայիս գլոբալ ջանքերը չեն բավարարում 2030 թվականի թիրախներին հասնելու համար, ինչը պահանջում է պետական եւ մասնավոր կապիտալի հրատապ մոբիլիզացում՝ կենսաբազմազանության ֆինանսավորման տարեկան 942 միլիարդ դոլար կազմող համաշխարհային ճեղքվածքը փակելու համար։
«Ֆինանսների նախարարության հետ մենք այժմ նախապատրաստում ենք կենսաբազմազանության ֆինանսավորման մեր առաջին ազգային հիմնադրամը։ Բայց միայն պետական միջոցները բավարար չեն լինի։ Այսօր այստեղ ներկա բանկերին, ներդրողներին եւ ընկերություններին ուզում եմ ասել՝ բնությունը ծախս չէ, այլ երկարաժամկետ ակտիվ։ Երբ շրջակա միջավայրը վատթարանում է, վատթարանում է նաեւ վարկերի ու բիզնեսների դրությունը»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ մեկ տարի անց COP17-ի հաջողությունը կչափվի նրանով, թե որքանով է կենսաբազմազանությունն ինտեգրվել ինչպես պետական բյուջեում, այնպես էլ հայկական բանկերի հաշվեկշիռներում։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ուրախությամբ ընդգծել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում նկատել է հայաստանյան պետական ու հանրային կառույցների, նաեւ համալսարանների ու մասնավոր կազմակերպությունների շրջանում կենսաբազմազանության հանդեպ հանձնառության եւ իրազեկվածության շարունակական աճ: Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ կենսաբազմազանության պահպանման համար ստեղծված Cali հիմնադրամով մեկուկես տարվա ընթացքում հավաքագրված միջոցները՝ շուրջ 6000 ԱՄՆ դոլար, բավարար չեն նման միջազգային հարթակի համար, ուստի ֆինանսների հավաքագրման մեխանիզմը լուրջ փոփոխությունների կարիք ունի:
«Հարկ է նշել, որ Cali հիմնադրամի մեխանիզմը ոչ թե փոխարինում է պետական սուբսիդիաներն ու ներդրումները, այլ գալիս է դրանք լրացնելու: Այն միջոց է մասնավոր հատվածի համար՝ լինելու անմիջականորեն ներգրավված, անմիջականորեն հաշվետու եւ բոլորիս հետ կիսելու բնության պահպանման ու վերականգնման պատասխանատվությունը։ Կարծում եմ, որ սա COP17-ի շրջանակում արծարծվելիք նշանակալի թեմաներից մեկը կլինի»,- նշել է Ֆրանսուազ Ժակոբը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր ելույթը սկսել է հայերենով եւ ընդգծել. «Կարծում եմ՝ շատ խոսելը լավ է, բայց քայլերն ավելի կարեւոր են»:
Նրա խոսքով՝ ՄԹ վերջին գնահատումը բնության անվտանգության ոլորտում հստակ ցույց է տալիս՝ կենսաբազմազանության կորուստը շատ ավելին է, քան զուտ բնապահպանական մտահոգություն, այն ազգային անվտանգության հիմնախնդրի կարեւոր բաղադրիչ է:
«Թուլացող էկոհամակարգերը վտանգում են պարենային եւ ջրային անվտանգությունը։ Դրանք ապակայունացնում են մատակարարման շղթաները եւ, որպես հետեւանք, խարխլում տնտեսական աճը։ Ուստի, ըստ էության, սա գոյաբանական հարց է բոլորիս համար»,- ընդգծել է նա:
Դեսպանը կարեւորել է նմանատիպ բազմաշահառու միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ ֆինանսական հատվածի, բիզնեսի եւ կառավարության համախմբումը կենսական նշանակություն ունի COP17-ի կենսաբազմազանության գլոբալ հանձնառությունը հստակ քայլերի վերածելու գործում:
Բնության ֆինանսավորման մեխանիզմներ
Միջոցառման առաջին պանելային քննարկումը նվիրված էր կենսաբազմազանության ֆինանսավորման հարցերին, Cali հիմնադրամին եւ BIOFIN նախաձեռնությանը: Դրան մասնակցում էին պետական ու հանրային ոլորտի հայաստանյան ու օտարերկրյա գործիչներ:
Քննարկումը համակարգում էր Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնես դպրոցի դեկան, Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի տնօրեն Լեսլի Սզամոզին:
«Այժմ պետք է շատ հստակ խոսենք ու հարթենք առաջ շարժվելու ուղին: Հետադարձ հայացք գցելով՝ հիշում եմ մեր զրույցներն առ այն, որ պետք է գործել, այլապես շատ վատ կետի կհասնենք: Հիմա մենք հասել ենք այդ կետին, ուստի ժամանակն է առաջ շարժվել»,-նշել է նա:
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են կենսաբազմազանության ֆինանսավորման ճեղքվածքի հաղթահարման հրատապ անհրաժեշտությանը, կենսաբազմազանության ազգային գործողությունների ծրագրերի գործնական իրականացմանը։ Պանելի առանցքում էր նաեւ այն, որ առաջադրված նպատակներին հասնելու համար պահանջվում է մեկուսացված մոտեցումներից անցում կատարել կառավարության, գիտության եւ մասնավոր հատվածի միջեւ բազմաշահառու համագործակցության:
Cali հիմնադրամի ժամանակավոր քարտուղարության ղեկավար Շառլոտ Ժերմեն Օբրեյնը նշել է, որ օգուտների արդար եւ հավասարազոր բաշխումը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի երրորդ նպատակն է, իսկ Cali հիմնադրամը հանդիսանում է գենետիկական ռեսուրսների թվայնացված տեղեկատվության (DSI) օգտագործումից ստացված օգուտների արդար եւ հավասարազոր բաշխման բազմակողմ մեխանիզմի ֆինանսական թեւը:
«Ներդրումների մեխանիզմը հետեւյալն է. խոշոր ընկերություններից ակնկալվում է տրամադրել իրենց շահույթի 1%-ը կամ եկամտի 0,1%-ը։ Մենք ունենք նախանշված ոլորտներ, բայց իրականում ակնկալվում է, որ DSI-ի բոլոր օգտատերերն իրենց ներդրումը կունենան Cali հիմնադրամում։ Ավելի փոքր կամ թվայնացված տեղեկատվությունը չօգտագործող ընկերություններին եւս հրավիրում ենք ներդրում ունենալու հիմնադրամում՝ որպես կենսաբազմազանության պահպանման գործում իրենց ավանդն ունենալու միջոց»,- նշել է նա:
Ներկայացնելով մասնավոր հատվածի տեսանկյունը՝ Մեծ Բրիտանիայի Prozomix Limited ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, պրոֆեսոր Սայմոն Ջ. Չարնոքը նշել է.
«Մենք տարակուսանքով հայտնաբերեցինք, որ աշխարհում առաջին ընկերությունն էինք, որը ներդրում է կատարել Cali հիմնադրամում։ Մենք ուրախ էինք անել այդ, որովհետեւ մեր աշխատանքում մեծածավալ թվայնացված տեղեկատվություն ենք օգտագործում: Կարծում ենք՝ շատ այլ կազմակերպություններ կան աշխարհում, որ նույնը կանեն՝ իրազեկվածության բարձրացման պարագայում»:
Անդրադառնալով ՄԱԶԾ-ի BIOFIN նախաձեռնությանը, որի միջոցով այն աջակցում է 138 երկրների՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ազգային քաղաքականությունների արդիականացմանը, BIOFIN-ում տեխնիկական խորհրդատու Թրեյսի Քամինգն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում անհատական մոտեցում են ցուցաբերում՝ համապատասխանեցնելով ծրագիրը տվյալ երկրի կարիքներին:
«Մենք դիտարկում ենք երկրի ամբողջ տնտեսական էկոհամակարգը եւ փորձում գտնել ուղիներ՝ նվազեցնելու վնասակար ծախսերը կամ վերահղելու դրանք դրական ծախսերի ավելացմանը, որպեսզի այդ գումարը մնա երկրի ներսում»:
Կենտրոնանալով ներքին քաղաքականության իրագործման վրա՝ BIOFIN-ի ազգային համակարգող Արտակ Ոսկանյանն էլ հավելել է, որ հրատապ ջանքերը պետք է ուղղվեն առկա պետական եւ մասնավոր ծախսերի արդյունավետության ու հաշվետվողականության բարելավմանը։
Երկխոսություն մասնավորի հետ
Երկրորդ պանելային քննարկումը բնության ֆինանսավորման գործնական հնարավորությունների, ֆինանսական համակարգի ու բիզնեսի դերի շուրջ էր:
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Աշոտ Պետրոսյանը ներկայացրել է ԿԲ-ի կողմից իրականացված քայլերը՝ ֆինանսական հատվածում հնարավորինս ներառելու կլիմայական գործոնները:
«Բնապահպանական ոլորտում Կենտրոնական բանկի գլխավոր օրակարգն է անել ամեն ինչ՝ համոզվելու, որ ֆինանսական ոլորտը կարող է պատշաճ կերպով կառավարել կլիմայական եւ ջերմոցային գազերի արտանետումների ռիսկերը»,-ընդգծել է նա:
ISSD հասարակական կազմակերպության համահիմնադիր Իրինա Մկրտչյանն էլ անդրադարձել է ոլորտի բարդ տերմինաբանությունն իրական քայլերի վերածելու խնդրին.
«Մենք ունենք բազմաթիվ ազդեցիկ որոշում կայացնողներ, որոնք աջակցում են պետությանը ավելի «կանաչ» լուծումների գնալու հարցում, սակայն պետք է համոզվենք, որ այդ ամենը պատշաճ կերպով հասնում է գործնական դաշտ եւ մարդիկ հասկանում են՝ ինչպես կիրառել»:
Կլիմայի փոփոխության եւ բնության պահպանության ոլորտում ներդրողների միջազգային տեսանկյունը ներկայացրել է Կլիմայի փոփոխությանն ուղղված ներդրողների խմբի (IIGCC) բնության ծրագրի ավագ ղեկավար Նիկոլաս Բրուսկին՝ ընդգծելով երկրում ինտեգրված եւ ամրապնդված շուկաների, քաղաքականությունների եւ կարգավորումների առկայության կարեւորությունը ներդրողների համար:
«Դրանք ներդրողներին տալիս են որոշակի ապահովություն եւ հստակություն, օգնում են հասկանալ, որ շրջակա միջավայրը մի ոլորտ է, որտեղ կարելի է ներդրումներ կատարել: Մեկ այլ կարեւոր հարց է պետական մարմինների ու ներդրողների միջեւ բնապահպանական ստանդարտների վերաբերյալ տվյալների փոխանակումը: Ներդրողները հաշվետու են նաեւ իրենց բաժնետերերին ու պետք է կարողանան հստակ ցույց տալ իրենց գործունեության վրա բնության ուղիղ ազդեցությունները, այլապես հնարավոր չի լինի առաջ շարժվել դեպի որոշումների կայացում»:
Բանախոսների ելույթներից ու դահլիճի հետ հարցուպատասխանից հետո՝ քննարկումների համակարգող Լեսլի Սզամոզին ընդգծել է.
«COP17-ը հիանալի հնարավորություն է Հայաստանի համար՝ դառնալու օրինակ, թե ինչպես կարելի է բոլորով միասին համակարգված գործել: Այս նախաձեռնությունը կբերի արդյունքներ այնքանով, որքանով որ մենք կգործենք այդ արդյունքների համար»:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Leave a Reply