Ուզում եմ ծածկվել նախկին կյանքիս վերմակով

Written by

in

Ամեն ընտանիք ունի իր փոքրիկ ավանդապատումները կարևոր ու թանկ պահերի մասին։ Մեր ընտանիքի այդպիսի պատմություններից մեկն իմ ծննդյան օրվա հետ է կապված։ Ըստ այդ պատմության՝ ես պետք է ծնվեի 1991 թվականի սեպտեմբերին. ընտանիքն անհամբեր սպասում էր առաջին զավակի ու թոռան ծննդին, գուշակություններ անում, հորաքույրս նույնիսկ կանխատեսում էր, որ իր ծննդյան օրը կծնվեմ՝ սեպտեմբերի 22-ին։ Սակայն ես ծնվեցի հոկտեմբերի 8-ին։ Երեխաներիս կատակով ասում էի, որ ուզում էի համոզված լինել, որ Հայաստանն անկախացել է, նոր ծնվեի։ 

Տարբեր աստիճանի ուրախություն էր այդ օրն իր հետ բերում ինձ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը։ 

Մինչ այդ պատերազմն արդեն սկսվել էր։ Ու ես երևի երբեք չեմ մոռանա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ արթնացա կիրակնօրյա մեր քնած բնակարանում՝ ուռած աչքերով ու ծանր գլխով (պապիկի մահվան յոթերորդ օրն էր), բացեցի ֆեյսբուքը՝ մտքերը ցրելու համար ու տեսա այն, ինչ տեսա։ 

Շարունակելով կիսակատակ լեգենդների ու միստիկայի թեման՝ հիմարաբար երազում էի, որ ծննդյանս օրը պատերազմը վերջապես կավարտվի։ Միտքը սևեռուն էր դարձել ու կպչուն. անհամբեր սպասում էի այդ օրվան։ Ինձ նույնիսկ չէր սթափեցնում այն, որ «Էրեբունի» հիվանդանոցի վեցերորդ հարկի մեր բաժանմունքի պատուհանը նայում էր բժշկական ուղղաթիռի վայրէջքի հարթակին։ Ամեն օր առավոտից լսում ու հետևում էինք ուղղաթիռին՝ մոտավոր պատկերացում կազմելով երեկոյան հեռուստաէկրաններից լսվող զոհերի ու վիրավորների թվի մասին։

Հոկտեմբերի 8-ը սովորական աշխատանքային օր պետք է լիներ. որքանով սովորական կարող են լինել բժշկի աշխատանքային օրերը համաժամանակյա ընթացող  պատերազմի և կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Ես ամեն դեպքում փորձում էի բարձր տրամադրության տպավորություն ստեղծել։ Ու դա ինձ մոտ վատ չէր ստացվում մինչև այն պահը, երբ ամուսինս զանգեց ու խեղդված ձայնով ասաց, որ Վահեն այլևս չկա։ Վիրավորումը ստացել էր զինվորներ տեղափոխելիս, եղբորը հասցրել էր գրել՝  «չպիտի կոտրվենք»։ 

Բայց ես կոտրվեցի։ Ու պատերազմն այդպես էլ չավարտվեց: Համենայն դեպս, չավարտվեց այդ նույն տարվա նոյեմբերի 7-ին, ոչ էլ երեք տարի անց՝ սեպտեմբերին, ոչ էլ հիմա՝ վեց տարի անց։

Կյանքը, իհարկե, շարունակվեց, մեր կյանքը։ 

Մնաց երկարաձգված մի վիշտ, ինչպես կբնութագրեին հոգեբանները։ Մնաց չլավացող մի վերք, որը նորոգվում է ամեն սեպտեմբերին ու դանդաղ արյունահոսում մինչև հունվարի ավարտ, երբ գալիս է անհասկանալի մի օր, որը հայտարարվել է իբրև հիշատակի օր, սակայն ոչ մի հիշատակի հետ աղերս չունի։ Բայց դա մեզ պաշտոնապես թույլատրված միակ օրն է՝ սգալու ու հիշելու համար։

Ու երբ ինձ հարցնում են, թե ինչ կուզեմ ստանալ իբրև նվեր ծննդյանս օրը, ես պատասխանում եմ՝ ոչինչ։ Այն, ինչ որ ուզում եմ, անհնար է ստանալ։ Ուզում եմ ծածկվել նախկին կյանքիս վերմակով (որը, ինչպես պարզվեց, անհոգ էր ու գույնզգույն) ու քնել երկար, անխռով քնով։ Ուզում եմ արթնանալ վերջապես թարմացած, թեթև տագնապով կիսաբաց անել աչքերս ու գիտակցել, որ այն ինչ մտաբերում եմ հիմա, ընդամենը գիշերային մղձավանջ է եղել, ոչ ավելին։ Ուզում եմ այլևս չզգալ այդ կոգնիտիվ դիսոնանսը, թե ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էր այդքան բան ԼԻՆԵՐ կյանքում, այդքան արժեք ու նշանակություն ունենար ու փոշիանար, հօդս ցնդեր։

Իբրև վերջաբան՝ այսօր մխիթարական ոչինչ չունեմ ասելու ո՛չ ձեզ, ո՛չ էլ ինձ։ Դրա համար կրկին կեզրափակեմ Իոսիֆ Բրոդսկու խոսքերով․

Когда-нибудь, когда не станет нас,
точнее – после нас, на нашем месте
возникнет тоже что-нибудь такое,
чему любой, кто знал нас, ужаснется.
Но знавших нас не будет слишком много.

Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝  նյարդաբան, հոգեբույժ։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *