Քննարկվել են Եկեղեցու իրավունքների պաշտպանության իրավական ուղիները

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների եւ սահմանադրագետների հետ:

 

Մայր Աթոռից հայտնել են, որ քննարկման առարկա են դարձել Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները եւ Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում «ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարեւորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում»:

 

Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական եւ փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

 

«Ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման եւ կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն եւ խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվել է նաեւ, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաեւ կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Հանդիպմանը ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաեւ Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգեւոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել եւ գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարեւորել է ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, եւ հայցել Տիրոջ զորակցությունը արդարության եւ ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *