Գյումրու Բարեկամության այգու զարգացմամբ կզբաղվի «Ազնավուր» հիմնադրամը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Գյումրու Բարեկամության այգու վերականգնման եւ զարգացման ծրագրի հետագա իրականացումը կստանձնի «Ազնավուր» հիմնադրամը՝ հավատարիմ մնալով նախաձեռնության սկզբնական տեսլականին։

Բարեկամության այգու վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ իրականացվում էր նրա IDeA հիմնադրամի կողմից: 

 

Ռուբեն Վարդանյանը նաեւ եղել է խոշորագույն նվիրատուն՝ ներդնելով 5,4 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն էր ստեղծել Գյումրու համար երկարաժամկետ սոցիալական եւ քաղաքաշինական նշանակություն ունեցող հանրային տարածք, որը կդառնար քաղաքի բնակիչների առօրյայի անբաժանելի մասը։

 

Ծրագրի մեկնարկի վաղ փուլում «Ազնավուր» հիմնադրամն իր աջակցությունն էր հայտնել նախաձեռնությանը՝ որպես գործընկեր մասնակցելով առաջին հիմնարար աշխատանքների իրականացմանը:

 

«Գյումրին առանձնահատուկ դեր ունի «Ազնավուր» հիմնադրամի համար։ Շառլ Ազնավուրի անունը սերտորեն կապված է երկրաշարժից հետո քաղաքի վերականգնմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունների հետ, եւ մեզ համար մեծ պատիվ է շարունակել այս կարեւոր ծրագրի զարգացումը։

 

Մենք բարձր ենք գնահատում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ IDeA հիմնադրամի ջանքերով կատարված ծավալուն աշխատանքը։ Այսուհետ «Ազնավուր» հիմնադրամը նույն պատասխանատվությամբ եւ նույն արժեքների հիման վրա կշարունակի Բարեկամության այգու զարգացումը՝ պահպանելով դրա սկզբնական տեսլականը եւ ապահովելով, որ այն շարունակի ծառայել Գյումրու բնակիչներին ու քաղաքի հյուրերին որպես ժամանակակից, ներառական եւ կենդանի հանրային տարածք:

 

Այգու նախագծի շրջանակում Հիմնադրամի լավ ընկեր եւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Հարությունյանի ուղղորդմամբ ու աջակցությամբ շարունակելու ենք այս աշխատանքը եւ վստահ ենք, որ կհասնենք բոլոր նախանշած նպատակներին, որոնց մասին կպատմենք առաջիկայում»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

 

«Այսօր մեզ համար ամենակարեւորը գործնականում տեսնելն է, թե ինչպես է այգին գնալով ավելի մեծ նշանակություն ձեռք բերում քաղաքի եւ նրա բնակիչների համար։ Երբ երեխաներն իրենց տատիկների ու պապիկների հետ ոչ միայն գալիս են այստեղ ժամանակ անցկացնելու, այլեւ միասին տնկում են իրենց ծառը, իսկ հետո անպայման վերադառնում՝ այն խնամելու, դա, թերեւս, մեր աշխատանքի ամենակարեւոր արդյունքն է։ Հենց սա է Ռուբենը միշտ ցանկացել, որ այս ծրագիրը դառնա ընդհանուր, քանի որ մասնակից լինելու զգացողությունն այն հարազատ է դարձնում յուրաքանչյուր բնակչի համար եւ առանձնահատուկ կապ ստեղծում քաղաքի հետ։ Հենց Ռուբենի այս տեսլականն էլ հնարավորություն տվեց, որ այդքան ընկերներ եւ գործընկերներ համախմբվեն մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք ուրախ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամը շարունակելու է այգու վերակառուցումն ու զարգացումն այն նույն հայեցակարգով, որը դրված է այգու զարգացման հիմքում»,- նշել է IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Ազնավուր» հիմնադրամն առաջիկայում կներկայացնի Բարեկամության այգու հետ կապված հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ շարունակելով զարգացնել այն որպես Գյումրու հանրային կյանքի, մշակութային եւ ընտանեկան ժամանցի կարեւոր կենտրոն։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *