Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել

Written by

in



Հասարակություն





Տարիների լռությունից հետո «Եվրոմեդիա24» հեռուստաընկերության և տարբեր լրատվամիջոցների բարձրաձայնման և հետևողականության արդյունքում իրավապահ համակարգը ստիպված եղավ գործել․ Երևանի սրտում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն ծավալող «Շառլոտ» գիշերային ակումբի գործունեությունը դադարեցվել է։

Բաղրամյան պողոտայում ՝ բնակելի շենքի կողքին գործող «Շառլոտ» ակումբի շուրջ բարձրաձայնված խնդիրները վերջապես ստացել են իրավական ընթացք․ Դատախազությունից «Եվրոմեդիա24»-ին հայտնում են, որ ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դրա առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք «Շառլոտի» գործունեության մասին, դիմել տարբեր պետական կառույցների, բարձրաձայնել հնարավոր ապօրինությունների մասին, սակայն, երկար ժամանակ որևէ էական արձագանք չենք ստացել։

Այդ ժամանակ որոշեցինք հարցը հասցնել ամենաբարձր մակարդակի։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անմիջապես դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով «Շառլոտի» շուրջ առկա խնդիրները։ Խոսեցինք ոչ միայն ակումբի՝ բնակելի տարածքի հարևանությամբ գործունեության օրինականության, այլ նաև ակնհայտ հովանավորչության մասին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է  տարիներ շարունակ Երևանի կենտրոնում բազմաթիվ խախտումներով գործել ակումբ և պատասխանատվության չենթարկվել, եթե այստեղ չկա հովանավորչություն։

Բարձրաձայնել էինք նաև այնտեղ աշխատակիցների հնարավոր շահագործման և թրաֆիքինգի մասին ահազանգերի վերաբերյալ։

Եվ սա պարզապես լրագրողական ենթադրություն չէր։

Ապրիլի 8-ին ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ակումբի տնօրենը 40-ամյա աշխատակցուհուն ստիպել էր գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ։ Դեպքի մասով քրեական վարույթ էր հարուցվել։ Մենք այս ամենը ներկայացրինք վարչապետին։

Հենց այդ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը զբաղվել հարցով՝ նշելով, որ բարձրաձայնածը հաղորդում է հանցագործության մասին։ Եվ դրանից հետո արդեն պետական մարմինների արձագանքը եղավ։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Շառլոտ» ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը։

Այսպիսով, տարիներ շարունակ բարձրաձայնված խնդիրը, որի վերաբերյալ տարբեր պետական կառույցների դիմումները արդյունք չէին տվել, սակայն վարչապետին հասցված մեր հարցից հետո ստացավ կոնկրետ իրավական ընթացք։

Եվ սա փաստ է․ մեր բարձրաձայնումից հետո «Շառլոտի» գործունեությունը դադարեցվել է։

Հիմա հերթը իրավապահներինն է՝ պարզելու, թե տարիներ շարունակ ինչ է տեղի ունեցել այդ ակումբում, ովքե՞ր են պատասխանատու եղել և ինչո՞ւ այս հարցին պետական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել ավելի վաղ։

Մենք էլ շարունակելու ենք հետևել քրեական վարույթի ընթացքին։



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *