Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։ 2018 թվականից հետո է, որ Հայաստանում կանայք նաև համայնքներ են ղեկավարում»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պնդումը և պարզել, որ մինչև 2018 թվականը Հայաստանում եղել են կին համայնքի ղեկավարներ, այդ թվում՝ խոշորացված համայնքում։ 

«Համայնքի ղեկավար» հասկացության պարզաբանումը 

Օրենքի՝ մինչև 2017 թվականի փոփոխությունը գործող խմբագրության 3-րդ հոդվածում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանվում էին այսպես․ «համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ՝ քաղաքային համայնքում, գյուղապետ՝ գյուղական համայնքում»։

2017 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված օրենքով այս դրույթը վերաշարադրվել է՝ պահպանելով «համայնքի ղեկավար» ընդհանուր ձևակերպումը և հանելով քաղաքապետի ու գյուղապետի մասին հստակեցումը։

Այսպիսով, գյուղական համայնքները ղեկավարած կանայք ևս եղել են համայնքի ղեկավարներ, և նրանց ընտրվելու փաստերն արձանագրված են դեռևս մինչև 2018 թվականը։

Կին համայնքապետեր ընտրվել են նաև 2008, 2012 և 2016 թվականներին

2016 թվականի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Արևաշատ և Արտամետ համայնքներում վերընտրվել են կանայք։ Արևաշատում Սուսաննա Գևորգյանը ստացել է 363 ձայն՝ հաղթելով երկու տղամարդ մրցակիցների, իսկ Արտամետում միակ թեկնածու Անահիտ Դավթյանը վերընտրվել է 95 կողմ և 12 դեմ ձայներով։

Անահիտ Դավթյանը համայնքի ղեկավար էր ընտրվել նաև 2008 ու 2012 թթ․-ի ՏԻՄ ընտրություններում։ 

2016-ի հոկտեմբերին Լոռու մարզի Բազում համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ Սրբուհի Հարությունյանը։ 

Վերջինս հաղթող էր ճանաչվել նաև 2012 թվականի ընտրություններում՝ մրցակցելով երեք տղամարդ թեկնածուների հետ։

Խոշորացված Ամասիան կին ղեկավար է ունեցել դեռևս 2016-ին 

2016 թվականի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի 16 կին թեկնածուներից ընտրվել են յոթը, որոնցից հինգը վերընտրվել են։ Կանայք հաղթել են Նոր Երզնկա, Բազում, Պաղաղբյուր, Հացավան, Շիկահող, Շրվենանց և խոշորացված Ամասիա համայնքներում։

Խոշորացված Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրապայքարին մասնակցած երեք թեկնածուներից երկուսը կանայք էին։ Նրանցից Ջեմմա Հարությունյանը հաղթել է՝ ստանալով 1732 ձայն, և ընտրվել համայնքի ղեկավար։

*Ամասիա համայնքը խոշորացվել է 2016 թվականի հունիսի 17-ին ընդունված օրենքով՝ ընդգրկելով 10 բնակավայր։ 

2018-ին ընտրված առաջին կին քաղաքապետը պաշտոնավարել է մինչև 2025 թվականը

2018 թվականի հոկտեմբերի 21-ի ընտրություններում Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը՝ դառնալով Հայաստանի առաջին կին քաղաքապետը։ Սակայն սա վերաբերում է քաղաքապետի պաշտոնին․ մինչ այդ կանայք արդեն ղեկավարել են գյուղական համայնքներ, այդ թվում՝ խոշորացված Ամասիան։

2025 թվականի մայիսին Դ․ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։  

Այժմ կանայք ղեկավարում են երեք համայնք

Ըստ ուսումնասիրության՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի 79 համայնքներից երեքը՝ 3.8%-ը, ղեկավարել են կանայք՝ Վաղարշապատը, Ամասիան և Վերին Դվինը։

Այդ երեք ղեկավարներից շարունակում են պաշտոնավարել Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը և Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան։

2022 թվականի նոյեմբերի 10-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Աստղիկ Հակոբյանը՝ ավագանու քվեարկությամբ։

Փաստացի, հասանելի վերջին տվյալներով՝ Հայաստանում կանայք ղեկավարում են երեք համայնք՝ Ամասիան, Վերին Դվինը և Բերդը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե մինչև 2018 թվականը Հայաստանում համայնքի կին ղեկավար չի եղել, սխալ է։ Կանայք համայնքի ղեկավար են ընտրվել դեռևս 2008 և 2012 թվականներին, իսկ 2016-ին կին ղեկավար է ընտրվել նաև խոշորացված Ամասիայում։ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, ընտրվել է Հայաստանի առաջին կին քաղաքապետը։ 

Գայանե Մարկոսյան 

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *