ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

Written by

in

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանոթյունների դեպքերին մի շարք պնդումներ է արել ինքնասպանությունների լուսաբանման վերաբերյալ։

«Ընկալում ա ձևավորվել, այդ թվում միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների աշխատանքների շնորհիվ, որ սովորական ինքնասպանությունները քաղաքացիական կյանքի չեն լուսաբանվում։ Որովհետև համընդհանուր ընկալումն այն է, որ ինքնասպանությունների լուսաբանումը բերում ա ինքնասպանությունների։ Բայց բանակում ինքնասպանությունները լուսաբանվում են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիան է, և բոլոր համաշխարհային ԶԼՄ-ների հետ աշխատում են, որ ինքնասպանությունների դեպքերը չլուսբանվեն», — ասել է Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՀԿ համապատասխան զեկույցներն ու ուղեցույցները՝ պարզելու Փաշինյանի պնդումների ճշմարտացիությունը։ 

Ի՞նչ է իրականում առաջարկում ԱՀԿ-ն

ԱՀԿ-ն 2023 թվականին թարմացրել է լրատվամիջոցների համար նախատեսված «Կանխելով ինքնասպանությունը․ աղբյուր՝ մեդիաոլորտի մասնագետների համար» («Preventing suicide: a resource for media professionals» (Preventing suicide: a resource for media professionals) ուղեցույցը։ 

Դրանով Կամզակերպությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ոչ թե չլուսաբանել ինքնասպանությունները՝ սահմանելով լռություն նման դեպքերի վերաբերյալ, այլ առաջարկում է լուսաբանել թեման այնպես, որ հնարավոր վնասը հասցվի նվազագույնի կամ բացառվի։

ԱՀԿ-ն հենց ուղեցույցի նկարագրության մեջ նշում է, որ մեդիայի հրապարակումները կարող են ինչպես ուժեղացնել, այնպես էլ թուլացնել ինքնասպանությունների կանխարգելման ջանքերը։ 

Չնայած, Կազմակերպությունն արձանագրում է, որ ինքնասպանության դեպքերի լայն տարածում ստացած լուրերին երբեմն հաջորդում է ինքնասպանությունների աճ,  սակայն օրինակ նման ճգնաժամը հաղթահարած մարդկանց մասին պատմությունները կարող են հակառակը՝ դրական ազդեցություն ունենալ։

Այսինքն՝ ԱՀԿ-ի մոտեցումը չի կառուցվում «լուսաբանել կամ չլուսաբանել» երկընտրանքի վրա, այն բացառապես վերաբերում է «ինչպե՞ս լուսաբանել» հարցին․ պատահական չէ, որ ԱՀԿ-ի փաստաթղթի  հիմնական բաժիններից մեկը կոչվում է «Responsible reporting on suicide»՝ ինքնասպանությունների պատասխանատու լուսաբանում։

Փաստացի, եթե ԱՀԿ-ի հանձնարարականը լիներ պարզապես ինքնասպանությունների մասին չհաղորդելը, պատասխանատու լուսաբանման այս ամբողջ ուղեցույցի կարիքը տրամաբանորեն չէր լինի։

ԱՀԿ-ի կարճ ուղեցույցում խորհուրդները բաժանված են «անել» և «չանել» սկզբունքների։

Էկրանապատկերը՝ զեկույցից, որում ԱՀԿ-ն որոշակի խորհուրդներ է տալիս ԶԼՄ-ներին։ 

Լրագրողներին առաջարկվում է հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե որտեղ կարելի է օգնություն ստանալ, բացատրել ինքնասպանության և դրա կանխարգելման վերաբերյալ փաստերը, պատմել կյանքի դժվարությունները կամ ինքնասպանության մտքերը հաղթահարած մարդկանց փորձի մասին և ընդգծել օգնության դիմելու կարևորությունը։

Այսպիսով,  Փաշինյանի՝ պնդումը, թե «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չլուսաբանել ինքնասպանությունները» սխալ է և չի համապատասխանում իրականությանը։  

Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՀԿ-ն չանել

ԱՀԿ-ն իսկապես զգուշացնում է, որ ինքնասպանության որոշակի ձևով ներկայացումը կարող է վնասել։

Մասնավորապես, կազմակերպությունը խորհուրդ է տալիս՝ չդարձնել ինքնասպանության դեպքը գլխավոր լուր՝ անհարկի կրկնելով ու տարածելով այն, չօգտագործել սենսացիոն վերնագրեր, զգայուն կամ էմոցիոնալ բառապաշար, չռոմանտիզացնել կամ չներկայացնել նման դեպքերը նորմալ՝ մատուցելով այն որպես խնդիրների հնարավոր լուծում, մանրամասն չնկարագրել ինքնասպանության կիրառված մեթոդը, խուսափել համապատասխան լուսանկարների, տեսանյութերի կամ սոցիալական մեդիայի նյութերի տարածումից։

Հատկապես զգուշավոր մոտեցում է առաջարկվում հայտնի մարդկանց ինքնասպանությունների դեպքում․ ԱՀԿ-ն բացատրում է նաև պատճառը՝ խոցելի մարդիկ, օրինակ՝ նախկինում ինքնասպանության փորձ կամ ինքնասպանության մտքեր ունեցած անձինք, որոշակի հրապարակումներից հետո կարող են հայտնվել նման վարք դրսևորելու ավելի բարձր հակում ունենալու վտանգի տակ։

Ըստ կազմակերպության՝ վտանգն ավելի մեծ է, երբ լուսաբանումը ծավալուն է, աչքի ընկնող, սենսացիոն, մանրամասն նկարագրում է մեթոդը կամ ինքնասպանությունը ներկայացնում է որպես նորմալ վարք։

Ինքնասպանության լուսաբանումը ավելացնո՞ւմ դեպքերի թիվը

Ինքնասպանությունների լուսաբանման ու դեպքերի աճի կապի վերաբերյալ համաշխարհային առաջատար տասնյակ մասնագետների հագործակցությամբ ուսումնասիրություն է հրապարկվել 2020 թվականին՝ The BMJ հայտնի գիտական ամսագրում։ 

Հետազոտությունը չի հաստատել, որ ինքնասպանությունների մասին սովորական մեդիա լուսաբանման ծավալի աճն ինքնին ազդում է ինքնասպանությունների աճի վրա։ Սակայն այլ պատկեր է ստացվել հայտնի մարդկանց ինքնասպանությունների դեպքում․ վերլուծության համաձայն՝ հայտնիների ինքնասպանության լուսաբանումից հետո ուսումնասիրված ժամանակահատվածներում դեպքերի թիվն աճել է 13%-ով։ 

Իսկ մեդիայում կիրառված մեթոդի նկարագրությունը կապ է ունեցել նույն մեթոդով ինքնասպանությունների թվի մոտ 30% աճի հետ։

Այսինքն՝ գիտական տվյալներից չի բխում, որ ինքնասպանության մասին հրապարակումը նոր ինքնասպանությունների է դրդում․ դրանք միաժամանակ հաստատում են, որ ռիսկը կապված է լուսաբանման որոշակի ձևերի և բովանդակության հետ։

Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չլուսաբանել ինքնասպանությունները, սխալ է։ Կազմակերպությունն առաջարկում է պատասխանատու լուսաբանման սկզբունքներ։ 

Իսկ «ինքնասպանությունների լուսաբանումը բերում ա ինքնասպանությունների» ձևակերպումը ընդհանուր է, գիտականորեն չհաստատված ու ոչ ամբողջական պատկեր է ներկայացնում, քանի որ գիտական տվյալները հաստատել են միայն ոչ պատասխանատու և լուսաբանման որոշակի ձևերի կապը դեպքերի աճի հետ։  

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *