Ներկայացնում ենք Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Աբդուլահ Գյուլ
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցնցեցին աշխարհը՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին եւ սպանելով երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիին։ Իրանը համարժեք պատասխան տվեց՝ թիրախավորելով Իսրայելն ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, ինչպես նաեւ արգելափակելով Հորմուզի նեղուցով իրականացվող ծովային փոխադրումները։
Իրանի դեմ իրականացված միակողմանի ագրեսիան զուրկ էր միջազգային լեգիտիմությունից եւ ապակայունացրեց ողջ Մերձավոր Արեւելքը։ Արաբական երկրները, ամերիկյան ռազմակայաններ հյուրընկալելու պատճառով, ենթարկվեցին Իրանի պատասխան հարվածներին, իսկ աշխարհի տարբեր երկրներ էներգակիրների գների կտրուկ աճի հետեւանքով լուրջ տնտեսական կորուստներ կրեցին։
Ապրիլի 7-ին The New York Times-ը պատմեց այն մասին, թե ինչպես է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարձակվել Իրանի վրա՝ մի որոշում, որն այժմ պետք է դիտարկել երկու տեսանկյունից։
Նախ՝ այն ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող է ԱՄՆ-ը ներքաշվել պատերազմի մեջ։ Անշուշտ, միջուկային զենք ունեցող գերտերությունը պետք է որոշումների կայացման չափազանց ամուր մեխանիզմներ ունենա, երբ խոսքը պատերազմի եւ խաղաղության հարցերին է վերաբերում։
Երկրորդ՝ թվում է, թե Վենեսուելայում ամերիկյան հաղթանակը չափից ավելի ինքնավստահություն առաջացրեց, որն իր ազդեցությունն ունեցավ Իրանի հետ կապված իրավիճակի վրա։ Թրամփի վարչակազմը կարծում էր, որ ռազմական ուժի կիրառմամբ իրեն հնարավոր չէ կանգնեցնել, սակայն Իրանի պարագայում իրավիճակը շատ ավելի բարդ եւ դժվարին դարձավ։ Երբ ամերիկացիները գիտակցեցին, որ այդ երկու երկրների միակ նմանությունը նավթային պաշարներն են, արդեն ուշ էր։ Այն պատկերը, որում Ամերիկան խրված է Իրանի հետ հակամարտության մեջ, լուրջ վնաս է հասցնում նրա հեղինակությանը։ Եթե նախկինում ԱՄՆ-ի հակառակորդները այլ գերտերություններ էին՝ ինչպես Չինաստանն ու Ռուսաստանը, ապա այժմ դրանց շարքին է միացել նաեւ Իրանը։
Ծոցի երկրները տուժել են ամերիկյան գործողությունների հետեւանքով։ Վստահությունն արդեն իսկ խաթարվել էր 2019 թվականին, երբ ԱՄՆ-ը չկարողացավ կատարել անվտանգության երաշխավորի իր պարտականությունները` Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո։ Այժմ Ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներն ու միջոցները անվտանգության աղբյուր լինելու փոխարեն խոցելիության գործոն են դարձել։ ԱՄՆ-ն այլեւս չի դիտարկվում որպես հուսալի գործընկեր անվտանգության ոլորտում։
Լուսանկարը` REUTERS
Ծոցի երկրներն կձգտեն դիվերսիֆիկացնել իրենց գործընկերային կապերը՝ ոչ միայն պաշտպանության, այլեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ինչը կարող է էլ ավելի թուլացնել ԱՄՆ-ի գերիշխող դիրքը տարածաշրջանում։ Ամենայն հավանականությամբ, գլխավոր շահառուն կլինի Չինաստանը, հատկապես հաշվի առնելով 2023 թվականի նրա դերակատարությունը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի մերձեցման գործում։
Չնայած բոլոր կորուստներին՝ Իրանն ապացուցեց, որ ի վիճակի է պատասխան հարված հասցնել եւ դիմակայել ամերիկյան ու իսրայելական հարձակումներին։ Արեւմուտքում շատերի կողմից ակնկալվող ներքին անկարգություններն ու վարչակարգի փոփոխությունը տեղի չունեցան։ Ընդհակառակը՝ Իրանը դիմակայեց, իսկ ժողովուրդը համախմբվեց արտաքին ագրեսիայի դեմ։
Այդուհանդերձ, Իրանը պետք է զգուշավորություն ցուցաբերի։ Այն չպետք է կարճաժամկետ առավելությունները շփոթի երկարաժամկետ ձեռքբերումների հետ։ Ավելի հզոր հակառակորդներին մարտահրավեր նետելուց բխող հպարտությունը կարող է դրդել Իրանի ղեկավարությանը իր պահանջները ներկայացնելիս առավելապաշտական մոտեցում որդեգրել։ Դա հակաարդյունավետ կլինի։
Լուսանկարը` REUTERS
Փոխարենը՝ Իրանի ղեկավարությունը պետք է օգտվի ստեղծված հնարավորությունից եւ առավելագույն օգուտ քաղի արդեն իսկ ձեռք բերված արդյունքներից։
Երկու հիմնական խնդիր ուշադիր ուսումնասիրության կարիք ունեն՝ Իրանի ներքին քաղաքական կարգն ու բնակչության բարեկեցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային ավելի լայն կարգը, որը փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում։
Նույնիսկ եթե թվում է, թե Իրանը կարող է շատ ավելի երկար շարունակել այս հակամարտությունը, իրանցի ղեկավարները պետք է հաշվի առնեն դրա գինը։ Ցանկացած կառավարության գլխավոր պարտականությունը երկրի բնակչության բարեկեցությունն ապահովելն է։ Երբ եւ՛ պետությունը, եւ՛ ժողովուրդը ծանր կորուստներ են կրում, առաջնահերթ խնդիրը պետք է լինի պատժամիջոցների մեղմացման հասնելը եւ իրանցիների կենսապայմանների բարելավումը։ Բացի այդ, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ձեռք բերած ռազմավարական առավելությունը մշտական չէ, քանի որ արդեն մշակվում են այլընտրանքային երթուղիներ։
Իրանի ղեկավարները պետք է նաեւ հաշվի առնեն Ծոցի երկրների հետ ապագա հարաբերությունները։ Իսրայելը երկար ժամանակ փորձել է դրդել Սաուդյան Արաբիային՝ միանալու ԱՄՆ-ին Իրանի դեմ հակադրության հարցում, սակայն թագավորությունը ողջամտորեն զերծ է մնացել դրանից։ Իրանի ղեկավարները պետք է գիտակցեն այս հանգամանքը։ Նրանք պետք է նաեւ հասկանան, որ տարածաշրջանային վստահված ուժերի վրա հենվելը չի ծառայել Իրանի շահերին. այն պարզապես արաբական պետություններին մղել է դեպի Իրանի հակառակորդները։
Լուսանկարը` REUTERS
Այն պայմաններում, երբ Ծոցի երկրները վերանայում են իրենց կախվածությունը ԱՄՆ-ից, նրանց դեմ թշնամական գործողությունների շարունակումը միայն վտանգի տակ կդնի Իրանի ռազմավարական ձեռքբերումները։ Տարածաշրջանում նոր հավասարակշռություն հաստատելու համար Իրանը եւ Սաուդյան Արաբիան պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։ Դա զգալի քայլ կլինի առաջընթացի ուղղությամբ, քանի որ թույլ կտա նրանց դադարել միմյանց որպես մշտական սպառնալիք դիտարկել։
Ավելին՝ մահմեդական երկրների միջեւ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորումն իր հերթին հնարավորություն կտար առաջընթաց արձանագրել պաղեստինյան հարցում։ Այս համատեքստում Իրանը պետք է գնահատի սեփական գործելակերպի արդյունքները։ Արդյո՞ք այն կարո՞ղ է անկեղծորեն պնդել, որ Պաղեստինի հարցում որդեգրած մոտեցումն օգտակար է եղել։ Ընդհակառակը՝ իրանական հռետորաբանությունը Իսրայելի համար ծառայել է որպես պատրվակ՝ գործելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անսահմանափակ ռազմական աջակցությամբ։
Իրանը պետք է հրաժարվի առավելապաշտական դիրքորոշումից։ Այն կարող է հասնել պատժամիջոցների մեղմմանը, շրջափակման վերացմանն ու միջազգային հանրությանը ինտեգրվելու ուղղությամբ առաջընթացի՝ առանց կապիտուլյացիայի ենթարկվելու։ Սակայն հնարավորությունների պատուհանը փակվում է։ Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Թրամփի վարչակազմի համար գործարք կնքելու հրատապությունը կնվազի։ Ավելին՝ այդ վարչակազմը կարող է նույնիսկ վրեժխնդիր լինել՝ ընտրություններում հանրապետականների հավանական պարտության համար։
Մյուս կողմերն էլ պետք է հաշվի առնեն Իրանի մտահոգություններն ու սպառնալիքների վերաբերյալ ընկալումները։ Երկրի նկատմամբ տասնամյակներ շարունակվող թշնամանքը միայն կոշտացրել է նրա դիրքորոշումը։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
Leave a Reply