Իսրայելի ճանաչումը՝ մահավճիռ. Անվար Սադաթի սպանության 45-րդ տարելիցը

Written by

in

45 տարի առաջ՝ 1981 թվականի հոկտեմբերի 6-ին, Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ սպանվեց Եգիպտոսի երրորդ նախագահ Անվար Սադաթը։ Նրա նախագահության տարիներին Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին՝ դրա դիմաց ստանալով միջպետական հարաբերությունների հաստատում։ 1979 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրով Անվար Սադաթը դարձավ արաբական աշխարհի առաջին ղեկավարը, որը ճանաչել էր Իսրայելը որպես պետություն։ Վերջինի համար նա վճարեց կյանքով։  

 

Եգիպտոսի թագավորությունից՝ հանրապետություն 

 

Մուհամմադ Անվար Ալ-Սադաթը ծնվել է 1918 թվականին այդ ժամանակ Եգիպտոսի թագավորության Միթ Աբու Ալ Կում գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Ավարտելով Կահիրեի Թագավորական ռազմական ակադեմիան՝ ծառայության է անցել անգլո-եգիպտական Սուդանի զորքերում։ Այնտեղ նա անդամակցել է Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերի առաջնորդած «Ազատ սպաներ» ռազմական խմբավորմանը, որն էլ 1952 թվականի հուլիսյան հեղափոխությամբ տապալեց Եգիպտոսի միապետությունը։ Այդ շրջանից հետո գրեթե երկու տասնամյակ նա հավատարիմ ծառայել է Նասերին՝ վերջինիս նախագահության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ ընդհուպ մինչեւ փոխնախագահ։ 

Լուսանկարը` ԱՄՆ Զինված ուժերի տեղեկատվական ծառայություն, 1978

1970 թվականին Նասերը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից։ Եգիպտոսի նախագահի պաշտոնում նրան հաջորդեց Անվար Սադաթը։ Այդ շրջանում Եգիպտոսը դեռեւս շարունակում էր մարսել 1967 թվականի 6-օրյա պատերազմի պարտության ծանր հետեւանքները, որի ժամանակ Իսրայելն օկուպացրել էր Սինայի թերակղզին Եգիպտոսի տարածքից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրիայի տարածքից։ Սադաթը որդեգրեց Նասերի վարած քաղաքականությանն ամբողջովին հակառակ ուղղություն՝ խզելով ռազմական կապերը Խորհրդային միության հետ՝ փոխարենը թեքվելով դեպի ԱՄՆ։  

 

Ահեղ դատաստանի օրվա պատերազմը

 

Օկուպացված Սինայի թերակղզու շուրջ դիվանագիտական փակուղին հաղթահարելու եւ եգիպտական ազդեցությունը վերականգնելու նպատակով՝ Սադաթը 1973 թվականի հոկտեմբերի 6-ին, Սիրիայի հետ համատեղ, Իսրայելի դեմ համակարգված անակնկալ հարձակման դիմեց, որը հայտնի է Ահեղ Դատաստանի օրվա պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ անունով։ Այն ավարտվեց ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված հրադադարով։ 

Լուսանկարը` britannica.com

Թեեւ օկուպացված տարածքները Եգիպտոսին ազատագրել չհաջողվեց, եգիպտական բանակի նախնական հաջողությունները որոշակիորեն վերականգնեցին 6-օրյա պատերազմում կորցրած հպարտությունը, եւ Սադաթը հասավ իր քաղաքական նպատակին, այն է՝ ստիպել միջազգային հանրությանը հրատապ կերպով վերսկսել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացը։

 

Խաղաղության որոնումները 

 

1977 թվականի նոյեմբերին Անվար Սադաթը այցելեց Իսրայել։  Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանում) իր ելույթի ժամանակ նա խոսեց Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին։ 

 

«Դուք ցանկանում եք ապրել մեզ հետ աշխարհի այս մասում: Ամենայն անկեղծությամբ ասում եմ ձեզ, մենք ողջունում ենք ձեզ մեր մեջ՝ լիակատար անվտանգության եւ ապահովության պայմաններում: Սա ինքնին հսկայական շրջադարձային կետ է, վճռորոշ պատմական փոփոխության նշաձողերից մեկը»,-պատմական ելույթում նշել էր նա։ 

Լուսանկարը` Central Intelligence Agency, 1979

Անվար Սադաթի այս քայլը ճանապարհ հարթեց 1978 թվականին ԱՄՆ միջնորդությամբ կնքված Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի, այնուհետեւ 1979 թվականին ստորագրված պաշտոնական խաղաղության պայմանագրի համար։ Այն ապահովեց Սինայի թերակղզու ամբողջական վերադարձը Եգիպտոսին, վերջինս պարտավորվեց այն ապառազմականացնել։ Պայմանագրով Եգիպտոսը պարտավորվեց նաեւ ապահովել իսրայելական նավերի անցումը Սուեզի ջրանցքով, երկրները ճանաչեցին փոխադարձ ինքնիշխանությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 

 

Այս ջանքերի համար Սադաթը եւ Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը 1978 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացան:

 

Սպանությունը եւ ժառանգությունը

 

Սադաթի նախաձեռնած խաղաղության գործընթացն Իսրայելի հետ արաբական աշխարհում շատերն ընկալեցին որպես դավաճանություն։ Այն դեմ էր գնում արաբական պետությունների «Երեք ոչ»-երի բանաձեւին՝ ո՛չ Իսրայելի հետ խաղաղությանը, ո՛չ Իսրայելի ճանաչմանը, ո՛չ Իսրայելի հետ բանակցություններին։ 

 

Արաբական պետությունների լիգան կասեցրեց Եգիպտոսի անդամակցությունը (այն վերականգնվեց 1989-ին)։ Երկրի ներսում խաղաղության համաձայնագիրը զայրացրեց արմատական իսլամիստական խմբավորումներին, նաեւ հանրության ավելի լայն զանգվածների, որոնք պայմանագիրն ընկալում էին որպես դավաճանություն Պաղեստինյան դատի եւ ողջ արաբական աշխարհի հանդեպ։

Հոսնի Մուբարաքը եւ Անվար Սադաթը 1981-ի հոկտեմբերի 6-ի շքերթի ժամանակ Հոսնի Մուբարաքը եւ Անվար Սադաթը 1981-ի հոկտեմբերի 6-ի շքերթի ժամանակ

Լուսանկարը` AP

1981 թվականի հոկտեմբերի 6-ին, 1973 թվականի պատերազմի հոբելյանին նվիրված Կահիրեի ռազմական շքերթն ընդունելիս, Անվար Սադաթը եգիպտական հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերում սպանվեց ռազմական շարքեր ներթափանցած ծայրահեղականների կողմից։ 

 

Պետության ղեկավար դարձավ փոխնախագահ Հոսնի Մուբարաքը, որը ներքին քաղաքական ճնշումների գործադրմամբ պահպանեց խաղաղության պայմանագիրը՝ իշխանության մնալով շուրջ 30 տարի՝ մինչեւ «Արաբական գարնան» ծավալումը։ 

 

Չնայած Անվար Սադաթը միջազգային հարթակում հայտնի է որպես խաղաղության ճարտարապետ, նրա ներքին կառավարումն աչքի էր ընկնում քաղաքական բռնաճնշումներով։ Նրա որդեգրած «Բաց դռների» ազատական տնտեսական քաղաքականությունը ավելի ծայրահեղ դարձրեց երկրում սոցիալական անհավասարությունը՝ ծանր հարված հասցնելով աշխատավոր խավին։ Գնաճի եւ հիմնական պարենային ապրանքների պետական սուբսիդիաների կտրուկ կրճատման հետեւանքով 1977 թվականին երկրում բռնկվեցին զանգվածային «Հացի խռովությունները», որոնք Սադաթը ճնշեց ռազմական ուժի կիրառմամբ՝ այդպիսով դնելով արմատավորելով ոստիկանական պետության հիմքերը։

Անվար Սադաթի հուղարկավորությունը Անվար Սադաթի հուղարկավորությունը

Լուսանկարը` AFP

Ճնշումների գագաթնակետ դարձան 1981 թվականի «Սեպտեմբերյան ձերբակալությունները»՝ նախագահի սպանությունից ընդամենը մեկ ամիս առաջ։ Մեկ շաբաթվա ընթացքում պետական անվտանգության ուժերը բանտարկել էին ավելի քան 1500 քաղաքական եւ հասարակական գործիչների։ Ձերբակալությունների թիրախում ոչ միայն ծայրահեղ իսլամիստներն էին, այլեւ եգիպտական քաղաքացիական հասարակության լայն շերտեր՝ աշխարհիկ մտավորականներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, քրիստոնյա առաջնորդներ։ 

 

Այսօր հետահայաց նայելով Սադաթի մահվան հանգամանքներին` կարեւոր է նշել. Եգիպտոսից հետո Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել նաեւ Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն, իսկ Եգիպտոսը ժողովրդավարեցնելու «Արաբական գարնան» փորձերը փաստացի տապալվել են։  

 

Գայանե Ենոքյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *