Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում

Written by

in

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

«Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝

Դավիթ Սանամյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ մինչ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելը Դավիթ Սանամյանը ղեկավարում էր ծառայության ռազմական հակահետախուզության ուղղությունը և ներգրավված էր մի շարք զգայուն գործընթացներում։

2024 թվականին Սանամյանը նշանակվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման համակարգող։ Այդ խումբը ձևավորվել էր այն ժամանակ, երբ Տավուշի մարզում, այդ թվում՝ Կիրանցի հատվածում, իրականացվում էր «սահմանազատման» գործընթացը։

Սանամյանը նաև տարիներ շարունակ ներգրավված է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ աշխատանքում։ 2023-ին անհետ կորած զինծառայողի մայրը հայտնել էր, որ ծնողները ԱԱԾ-ում շուրջ երկուսուկես ժամ հանդիպել են Սանամյանի հետ՝ նրան ներկայացնելով իրենց ունեցած տեղեկություններն ու ապացույցները։

2025-ի հունիսին, երբ անհետ կորած զինծառայողների հարազատները երկու օր փակ էին պահում Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի վերադարձը, Սանամյանը կրկին բանակցություններ էր վարում նրանց հետ։ Նրա հետ հանդիպումից հետո ծնողները որոշեցին բացել պողոտան։

Փաշինյանը Սանամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին։ Նրա պաշտոնանկության մասին հոկտեմբերի 5-ի որոշման մեջ ազատման պատճառ չի նշվում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *