Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Թեհրանում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին է ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը:
«Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում: Արարատ Միրզոյանը եւ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարեւորությանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
Հայաստանի եւ Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների եւ տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները», – ասված է հաղորդագրության մեջ:
Leave a Reply