Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian

Written by

in

Ռուսաստանում ծնված, Չիկագոյում գործունեություն ծավալող մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության (Պետդեպարտամենտ) նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ։ Այս կառույցը վերահսկելու է ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումներ Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքում, այդ թվում՝ Հայաստանի ենթակառուցվածքների, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Սոկոլովը Դոնալդ Թրամփի նախագահական արշավի խոշոր դոնորներից է։ Ըստ հրապարակման՝ նա զգալի գումար է նվիրաբերել Թրամփի «պարահանդեսային նախագծին» (ballroom project)՝ ավելի քան 350 միլիոն դոլարի ներդրումների շրջանակում, թեև նվիրատվության ստույգ չափը չի բացահայտվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, ինչը նրան դարձնում է Թրամփի կողմից պետական պաշտոններում նշանակված հովանավորների հերթական ներկայացուցիչը։

«Tripp+» անվանումը կրող հիմնադրամը նպատակաուղղված է աջակցելու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլար բյուջե ունեցող այս հիմնադրամը լիազորված է վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ տրամադրել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում (այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում)՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը։

Չնայած Սոկոլովի հնարավոր շահերի բախման վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ կապված հայաստանյան խոշոր հեռահաղորդակցության օպերատորներից մեկում («Վիվա-Արմենիա») նրա ունեցած բաժնեմասերի հետ, Պետքարտուղարությունը վստահեցրել է, որ հիմնադրամի գործունեությունը ենթարկվելու է անկախ աուդիտի և գործելու է թափանցիկության խիստ կանոնակարգերով։

Հարկ է նշել, որ ԱՄՆ վարչակազմը վերջին շրջանում ակտիվորեն խորացնում է կապերը Հայաստանի հետ, հատկապես՝ 2025 թվականի օգոստոսին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի միջնորդությունից հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *