Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեք բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկության մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Ակորդայի (նախագահի աշխատակազմի) մամուլի ծառայությանը։
Մասնավորապես, զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ղազախստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կանիշ Աբուբակիրովը։ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին հրաժեշտ է տվել նաև Ալմազ Ջումակեևը։
Իր պաշտոնը լքել է նաև Ղազախստանի ԶՈՒ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։
Կադրային այս փոփոխությունները հաջորդել են Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգությանը։ Սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում վարժանքների ժամանակ ջուրը քշել-տարել էր 17 զինծառայողի։ Նրանցից միայն երեքին է հաջողվել փրկել, մնացած 14-ը զոհվել են։ Անհետ կորած համարվող վերջին երկու զինվորականի մարմինները հայտնաբերվել էին սեպտեմբերի 25-ի առավոտյան։
Փրկվածներից մեկը՝ 19-ամյա Ակժոլ Տեմիրալիևը, ծանր վնասվածքներով հոսպիտալացվել էր։ Ավելի ուշ նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են թերապևտիկ բաժանմունք. երիտասարդին նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում։
Զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում։ Իրավապահները պարզում են՝ արդյոք պահպանվել են անվտանգության կանոնները, հաշվի առնվել են եղանակային պայմաններն ու ինչպես են կազմակերպվել փրկարարական աշխատանքները։ Զինված ուժերի հինգ պաշտոնյա ձերբակալվել է և ներգրավվել որպես կասկածյալ։
Ողբերգության պատճառները բացահայտելու նպատակով կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել։ Իսկ սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարվել էր համազգային սգո օր։
Ավելի վաղ Տոկաևը Դաուրեն Կոսանովին ազատել էր պաշտպանության նախարարի պաշտոնից։ Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար էր նշանակվել Այդոս Միրզախմետովը։
Ընդ որում, Աբուբակիրովի, Ջումակեևի և Նիյազբեկովի պաշտոնանկության վերաբերյալ հրապարակված հրամանագրերում կադրային նման որոշումների հստակ պատճառները նշված չեն։
դիտվել է 128 անգամ
Leave a Reply