Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են

Written by

in





Երեկվանից սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է, որ Աբովյան քաղաքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նկարներով պաստառները հեռացվել են, իսկ դրանց փոխարեն տեղադրվել են երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները։

 

Aysor.am-ի հետ զրույցում Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը պնդում է՝ իրենք ազատ գովազդային վահանակներ են վարձակալել։

«Շատ կոպիտ ապատեղեկատվություն է, թե Աբովյանի համայնքապետարանը զինվորների լուսանկարները իջեցրել է։ Համայնքապետարանը գովազդային վահանակներ է վարձակալում «Բիգ Բորդ» ընկերությունից, իսկ տվյալ դեպքում խոսքը եղել է ազատ գովազդային վահանակների մասին։ Վահանակների վարձակալությունը վաղուց է կատարվել։ Քաղաքի տոնի օրը վաղուց ֆիքսված էր, հետևաբար՝ վերջին րոպեներին զինծառայողների լուսանկարներ չեն իջեցրել գովազդային վահանակներից»,- ասում է մամուլի քարտուղարը։

Նալթակյանի խոսքով՝ համայնքապետարանը չի որոշում, թե տվյալ պահին մասնավոր ընկերությունը գովազդային վահանակի վրա ինչ նկար տեղադրի։

«Մենք դիմում ենք ընկերությանը, և վարձակալության դեպքում մեզ տրամադրվում են վահանակները։ Այս տեղեկատվությունը շրջանառվեց նաև զոհված զինծառայողների ընտանիքների շրջանակում և նրանց մոտ էլ ինչ-որ տեղ զայրույթ կար, բայց իրենք էլ հերքել են, որ իրենց երեխաների նկարները ժամանակից շուտ իջեցվել են»,-նշում է նա։

Հարցին, թե զինծառայողների լուսանկարներով պաստառները համայնքապետարանի պատվերո՞վ էին տեղադրվել, թե՞ այլ անձանց նախաձեռնությամբ, Նալթակյանը պատասխանել է, որ պաստառները սովորաբար տեղադրում են զոհված զինծառայողների ընտանիքները։

«Բիգ Բորդ» ընկերությունն էլ իր հերթին է պարզաբանում տարածել՝ նշելով, թե զոհված զինծառայողների նկարներով պաստառները ընկերության կողմից չեն հեռացվել և թե Արման Հովհաննիսյանի համերգի և քաղաքի տոնին նվիրված պաստառները տեղադրվել են արդեն ազատ գովազդային վահանակների վրա։




դիտվել է 500 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *