Եկեղեցու դեմ իշխանությունը կարմիր գծեր չունի, հանձնաժողովի անդամներին կարող է սպառնալ քրեական հետապնդում, շատ բան կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից

Written by

in

Եկեղեցու դեմ իշխանությունը կարմիր գծեր չունի, հանձնաժողովի անդամներին կարող է սպառնալ քրեական հետապնդում, շատ բան կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումիցHayacq.com-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում մի շարք մտահոգություններ է արձանագրել: Ինչո՞ւ այս զեկույցը հրապարակվեց հենց այս պահին։

 

-Կարծում եմ՝ այս զեկույցը պետք է դիտարկել նաև Փաշինյան–Պուտին սպասվող հանդիպման համատեքստում։ ԵԽԽՎ-ն Փաշինյանին մեսիջ է ուղարկում՝ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ, և եթե Պուտինի հետ հանդիպման ընթացքում որոշակի զիջումների գնաս, հետագա զեկույցները կարող են ավելի խիստ լինել։

Այս զեկույցի վերջում դեռ նշվում է, որ արձանագրված խնդիրները չեն խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, բայց հաջորդ զեկույցն այդպես կարող է չավարտվել։

Բայց պետք է նշենք, որ նման զեկույցներ միշտ էլ եղել են: 1990-ականներից սկսած՝ ԵԽԽՎ-ն բազմաթիվ զեկույցներ է հրապարակել, որոնցում Հայաստանի իշխանությունների նկատմամբ ավելի խիստ քննադատություններ են եղել։ Բայց հաճախ վերջնական գնահատականում նշվել է, որ արձանագրված խախտումները չեն խոչընդոտել ընտրությունների ժողովրդավարական բնույթին։

 

-Իսկ ԵԽԽՎ-ի արձանագրած խնդիրները կարո՞ղ են ազդել իշխանությունների հետագա գործողությունների վրա։

 

-Ես մեծ ազդեցություն չեմ ակնկալում։ ԵԽԽՎ-ն տարիներ շարունակ Հայաստանի վերաբերյալ տարբեր զեկույցներ է հրապարակել, այդ թվում՝ իշխանությունների նկատմամբ խիստ քննադատություններով։ Բայց կարևոր է նաև այն, թե ինչ է գրված զեկույցի վերջնական գնահատականում։

Այս դեպքում ևս պետք է հաշվի առնել ոչ միայն արձանագրված խնդիրները, այլև զեկույցի քաղաքական համատեքստը։

Եվրոպական կառույցները շատ լավ պատկերացնում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Նրանք նաև հասկանում են, որ Հայաստանի դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում այս պահին բավական բարդ են, և Փաշինյան–Պուտին հանդիպման ընթացքում կարող են առաջանալ հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ։

 

-Ի՞նչ հարցերի շուրջ կարող են լինել այդ հնարավոր զիջումները։

-Ռուսական կողմը կարող է պահանջել վերանայել կամ չեղարկել որոշ նախաձեռնություններ։ Առաջին հերթին՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման հետ կապված։ Հայաստան–ԵՄ 44 կետանոց հռչակագրի և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների, երկաթուղու և 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցերը։

Ռուսաստանը նաև տնտեսական ճնշման գործիքներ ունի։ Գազի գնի բարձրացման մասին արդեն ակնարկներ են հնչել։ Հայաստանի համար սա կարող է բավական լուրջ խնդիրներ ստեղծել։

Ռուսաստանը բավական լուրջ է տրամադրված, և Հայաստանի իշխանությունները պետք է դա հաշվի առնեն։

 

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որքա՞ն հեռու կարող է գնալ այս գործընթացը։

 

-Իշխանությունները այս հարցում կարմիր գծեր չունեն, և դա նրանց քաղաքական առավելություն է տալիս ընդդիմության նկատմամբ։

Իհարկե, կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ արդյո՞ք պետական իշխանությունը կարող է միջամտել պետությունից անջատ գործող կրոնական կազմակերպության ներքին գործերին և փորձել փոփոխություններ իրականացնել այդ կառույցում։ Այդ հանձնաժողովի անդամները հետագայում կարող են ենթարկվել քրեական հետապնդման՝ որպես «սահմանադրական կարգի տապալման փորձի» հանցակիցներ։

Իրավաբանները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները իրավունք չունեն քննելու պետությունից անջատ գործող կրոնական կազմակերպության ներքին խնդիրները և այդ կառույցում իշխանափոխություն իրականացնել։

Դա նույնն է, ինչ Ազգային ժողովը հանձնաժողով ստեղծի որևէ կուսակցության ներքին գործունեությունը ուսումնասիրելու և հետո որոշելու համար, թե ով պետք է ղեկավարի այդ կուսակցությունը։ Պետական իշխանության կողմից նման միջամտությունը լուրջ իրավական խնդիրներ է առաջացնում։

 

-Ձեր գնահատմամբ ինչո՞ւ է Եկեղեցու հարցը հատկապես կարևոր դարձել այս ընդհանուր քաղաքական համատեքստում։

 

-Որովհետև Եկեղեցու դիրքորոշումները մի շարք հարցերում չեն համընկնում իշխանության օրակարգի հետ։ Մասնավորապես, Եկեղեցին շարունակում է բարձրաձայնել Արցախի հարցը և պահպանել այդ թեմայի ու հիշողության կարևորությունը։ Սա կարող է հակասության մեջ մտնել իշխանության քաղաքական օրակարգի և տարածաշրջանում եվրոպական երկրների վարած քաղաքականության հետ։

Այս հարցի հանգուցալուծումը կախված է նաև հայ-ռուսական հարաբերությունների վերափոխումից, ինչպես նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքներից։

 

Եթե ՀՀ և ՌԴ իշխանությունները փոխադարձ համաձայնության գան շատ հարցերի շուրջ, Եկեղեցու դեմ ձեռնարկված գործողությունները կարող են կարգավորվել, և քրեական հետապնդումները կդադարեցվեն:

Եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան, և ՌԴ-ն մինչև վերջ գնա ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ իր համակարգային պայքարում, ապա Հայաստանում կարող են նոր վերափոխումներ լինել, և ՀԱԵ-ի դեմ մղվող այս պայքարը կարող է անգամ առաջնահերթություն չլինել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *