Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում

Written by

in

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2026 թվականի «Գլոբալ ինովացիոն ինդեքսի»*՝ Հայաստանին վերաբերող տվյալները։

 «Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը` պահպանելով նախորդ տարվա դիրքը։ 2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էր 2025 թվականին»,-գրել է նախարարը: 


Արտապատկերումը՝ նախարարի ֆեյսբուքյան էջից

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է WIPO-ի 2020–2026 թվականների տվյալները՝ հասկանալու, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի դիրքը ոչ միայն նախորդ տարվա, այլև վերջին տարիների կտրվածքով։ Ստուգել ենք նաև հարևան երկրների համեմատական տվյալները։

Վեց տարում՝ 61-րդից 59-րդ տեղ

WIPO-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» զբաղեցնում էր 61-րդ տեղը, իսկ 2026-ին՝ 59-րդը։ Այսպիսով, վեց տարվա ընթացքում Հայաստանի վարկանիշային դիրքը բարելավվել է ընդամենը 2 հորիզոնականով։ Ընդ որում, 2020-ից հետո երկրի դիրքերը նախ վատթարացել են, ապա՝ սկսել աստիճանաբար բարելավվել՝ 2025-ին հասնելով 59-ի։ 2026 թ.-ին Հայաստանի դիրքը չի փոխվել՝ երկիրը երկու տարի անընդմեջ զբաղեցնում է 59-րդ տեղը։

Այսինքն՝ 2020–2026 թվականների վերջնակետերը համեմատելիս Հայաստանի դիրքի բարելավումը 2 հորիզոնական է, իսկ վերջին երկու տարիներին վարկանիշային առաջընթաց չի գրանցվել։


2025-ից՝ բարելավում, 2020-ից՝ հետընթաց

Գ. Պապոյանը նաև մատնանշել է. «2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էր 2025 թվականին»։

Նախարարի շեշտադրումը 2025–2026 թվականների համեմատության դեպքում ճիշտ է, սակայն վերջին տարիների՝ ավելի երկարաժամկետ համեմատության համատեքստում պատկերը մի փոքր այլ է։

2020-ի համեմատ բարելավվել է միայն «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշը՝ 83-րդից հասնելով 77-րդ տեղ՝ 6 հորիզոնականով։ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով, սակայն, Հայաստանը 2020-ի 47-րդ տեղից 2026-ին նահանջել է 52-րդ տեղ՝ 5 հորիզոնականով։

Արտապատկերումը՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) էջից։ 

2020-2026-ին Հայաստանը 7 հենասյուներից միայն 2-ում է բարելավվել իր դիրքերը  

Նախարարի հաջորդ պնդումը՝ կապված ոլորտային 4 հենասյուների ցուցանիշների բարելավման հետ, ևս քննարկման ենթակա է դառնում երկարաժամկետ համեմատության համատեքստում։

«2025 թվականի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ստեղծարար արդյունք», «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք», «Ենթակառուցվածքներ» և «Շուկայի զարգացվածություն» հենասյուներում»,- գրել է նա։

Մինչդեռ 6 տարվա համեմատությամբ Պապոյանի նշած 4 հենասյուներից միայն երկուսում է Հայաստանի դիրքը 2020 թվականի համեմատ բարելավվել՝ 2026-ին «Ենթակառուցվածքներ» հենասյունում՝ 90-րդից 70-րդ, և «Ստեղծարար արդյունք» հենասյունում՝ 56-րդից 45-րդ տեղ։ Մյուս երկուսում դիրքը վատացել է․ «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք» հենասյունում՝ 45-րդից 60-րդ, «Շուկայի զարգացվածություն» հենասյունում՝ 68-րդից 80-րդ տեղ։

Ընդհանուր առմամբ, ինդեքսի 7 հենասյուներից 5-ում Հայաստանի դիրքը 2020-ի համեմատ վատացել է և միայն 2-ում՝ բարելավվել։ Միևնույն ժամանակ, Գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանի ընդհանուր դիրքը 2020–2026 թվականներին բարելավվել է 2 հորիզոնականով՝ 61-րդից հասնելով 59-րդի։

Հարևանների հետ 6 տարվա համեմատությամբ՝ հետընթաց

2020 թվականին Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» զբաղեցնում էր 61-րդ տեղը և չորս հարևան երկրների համեմատ ուներ երկրորդ ամենաբարձր դիրքը՝ զիջելով միայն Թուրքիային։ Այդ տարի Թուրքիան 51-րդն էր, Վրաստանը՝ 63-րդը, Իրանը՝ 67-րդը, Ադրբեջանը՝ 82-րդը։

2026 թվականին պատկերը փոխվել է․ Թուրքիան զբաղեցնում է 45-րդ, Վրաստանը՝ 57-րդ, Հայաստանը՝ 59-րդ, Իրանը՝ 81-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ տեղը։ Վրաստանի դեպքում WIPO-ի պաշտոնական շարքը ցույց է տալիս, որ այն 2020-ի 63-րդ տեղից հասել է 57-րդի։

Արդյունքում 2020–2026 թվականներին Հայաստանը բարելավել է դիրքը 2 հորիզոնականով, Թուրքիան և Վրաստանը՝ 6-ական հորիզոնականով։ Արդյունքում Հայաստանը հարևան 4 երկրների համեմատ երկրորդ հորիզոնականից անցել է երրորդ հորիզոնական։ 

Այսպիսով, Պապոյանի ներկայացրած տվյալները թեև համապատասխանում են իրականությանը 2025–2026 թվականների համեմատությամբ, սակայն ավելի երկարաժամկետ՝ 2020–2026 թվականների կտրվածքով, պատկերը այլ է․ 7 հենասյուներից միայն 2-ում է Հայաստանի դիրքը բարելավվել 2020-ի համեմատ, իսկ 5-ում արձանագրվել է նահանջ։ Միաժամանակ, Գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանի ընդհանուր դիրքը վեց տարում բարելավվել է ընդամենը 2 հորիզոնականով, իսկ հարևան հինգ երկրների շարքում Հայաստանը 2020-ի երկրորդ տեղից 2026-ին անցել է երրորդ՝ զիջելով Թուրքիային և Վրաստանին։ 

*«Գլոբալ ինովացիոն ինդեքսի» 19-րդ թողարկումը 2026 թվականին դասակարգում է աշխարհի ամենաինովացիոն տնտեսությունները՝ 139 տնտեսությունների շարքում, և ցույց է տալիս, թե որտեղ են տեղակայված ինովացիոն կլաստերները։ 16-րդ տարին անընդմեջ Շվեյցարիան 2026 թվականին աշխարհի ամենաինովացիոն տնտեսությունն է, որին հաջորդում են Շվեդիան և Միացյալ Նահանգները։ 

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *