«Ակտուալ արվեստ» մշակութային ՀԿ-ն սկսել է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը՝ հրատարակչական գործունեության շարունակականությունն ապահովելու, նոր եւ արդեն հրատարակված, բայց սպառված գրքերը ընթերցողին կրկին հասանելի դարձնելու նպատակով։
Նախագծի իրականացման համար դրամահավաք է մեկնարկել «ռեԱրմենիա» հարթակում։
Զրուցել ենք «Ակտուալ արվեստի» հիմնադիր Մկրտիչ Մաթեւոսյանի եւ թարգմանիչ Սամվել Թավադյանի հետ։
Հրատարակել այն, ինչ պակասում է
Մկրտիչ Մաթեւոսյան. Վերջին շրջանում «Ակտուալը արվեստն» ամեն տարի 20 անուն գիրք է հրատարակել, ինչը, լավ իմաստով, աննորմալ ցուցանիշ է։ Բայց մեր ծրագրերն ու ցանկություններն այս հնարավորություններից շատ ավելի մեծ են։ Կան բազմաթիվ գրքեր, որոնք չենք կարողանում հրատարակել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Այդ պատճառով էլ նախաձեռնեցինք «Ակտուալ ռեստարտը»՝ որոշակի ֆինանսական ռեսուրս ապահովելու եւ ավելի արդյունավետ աշխատելու համար։
Մկրտիչ Մաթեւոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ակտուալ ռեստարտի» շրջանակում նախատեսում ենք հրատարակել նոր գրքեր եւ վերահրատարակել այն գործերը, որոնք այսօր էլ արդիական են եւ շարունակում են հետաքրքրել ժամանակակից ընթերցողին։ Այդ ցանկում կան նաեւ հեղինակներ, որոնք Հայաստանում դեռեւս լայնորեն ճանաչված չեն, բայց մեզ համար կարեւոր են։
Մկրտիչ Մաթեւոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ակտուալ արվեստը» դասական իմաստով հրատարակչություն չէ, ինչը միաժամանակ ե՛ւ լավ է, ե՛ւ վատ։ Մեր հիմնական նպատակը գիրք վաճառելը չէ։ Չեմ ուզում վերամբարձ բառեր օգտագործել, բայց մեր գործունեության մեջ իսկապես ինչ-որ առաքելություն կա։ Եթե մենք այս հեղինակների գրքերը չթարգմանենք եւ չհրատարակենք, շատ դեպքերում դա պարզապես ոչ ոք չի անի։
Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր ընկերները երբեմն կատակում են՝ ասելով, թե կարծես փնտրում եք այն գրքերը, որոնք չեն վաճառվելու, ու հենց դրանք եք հրատարակում։ Իրականում, իհարկե, այդպես չէ։
Ինչպես են ընտրվել գրքերը
Սամվել Թավադյան. Այս նախաձեռնության հիմքում նաեւ նախորդ հաջողված փորձն է։ Մինչեւ «Ակտուալ ռեստարտը» ռեԱրմենիա հարթակի միջոցով իրականացրել էինք «Բորխեսն ակտուալ է» նախագիծը, որը հաջողությամբ ավարտվեց։ Այդ փորձից հետո որոշեցինք, որ այս անգամ եւս կարող ենք դիմել հանրությանը եւ ակնկալել նրա աջակցությունը։
«Ակտուալ ռեստարտի» համար ընտրել ենք հիմնականում 20-րդ դարի ֆրանսիացի հեղինակների։ Դրանց թվում են արդեն հրատարակված, բայց սպառված գրքեր, որոնք ցանկանում ենք վերահրատարակել, ինչպես նաեւ այն գործերը, որոնք թարգմանվել են, սակայն մինչ այժմ չեն հրատարակվել։
Սամվել Թավադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանցից է Ժան-Լուի Ֆուրնիեի «Ո՞ւր ենք գնում, հայրիկ» ինքնակենսագրական վեպը։ Այն հոր հուզիչ ու անկեղծ խոստովանությունն է՝ ուղղված իր երկու հաշմանդամ որդիներին: Գիրքը պատմում է ցավի, հայրական մեղքի զգացման ու անսահման սիրո մասին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ակտուալը» սկզբունքային մոտեցում ունեցող հրատարակչություն է։ Եթե ուսումնասիրեք մեր հրատարակած գրքերը, կտեսնեք, որ այսպես կոչված մոտիվացնող գրքեր եւ բեսթելերներ չենք հրատարակում։
Յուրաքանչյուր գրքի համար փորձում ենք առանձին ֆինանսավորում գտնել, սակայն մեր հիմնական աջակիցը հենց թիմն է։ Թիմի անդամներից ոչ ոք շահույթ չի ստանում. ինչ գումար էլ ստացվում է գրքերի վաճառքից, այն ուղղվում է հաջորդ նախագծերի իրականացմանը։
Գրքերի մի մասն էլ երկլեզու է, այսինքն՝ բացի գեղարվեստական արժեքից, ունի նաեւ կրթական նշանակություն։ Օրինակ՝ Ռիլկեի գիրքը հայերեն-գերմաներեն է, իսկ ֆրանսիական շարքում Բեքեթի գիրքը՝ հայերեն-ֆրանսերեն։
Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Զուգահեռ տեքստը օգտակար է նաեւ ապագա թարգմանիչների համար, քանի որ հնարավորություն է տալիս համեմատել բնագիրն ու հայերեն թարգմանությունը։
«Ակտուալ արվեստը», ամսագիրը եւ աշխատանքը
Մկրտիչ Մաթեւոսյան. Հիմա, երբ հետադարձ հայացքով եմ նայում, մտածում եմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ արդեն 350 գիրք ենք հրատարակել։ 1995 թվականին, երբ սկսեցինք, մշակութային դաշտը բավական մասնատված էր։ Լավ մարդիկ շատ կային, բայց ընդհանուր մշակութային միջավայր ու հարթակ չկար։
«Ակտուալ արվեստ» ամսագրի գաղափարը հենց այդտեղից ծնվեց, թեեւ իրականացվեց տարիներ անց միայն։ Մտածում էինք՝ պետք է լինի մշակութային, գեղարվեստական եւ գրական ամսագիր, որը կօգնի ընդհանուր միջավայր ստեղծել, հնարավորություն կտա երիտասարդներին դրսեւորվել, իսկ մարդկանց՝ շփվել ու մտքեր փոխանակել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամսագրի դեպքում ինձ համար ամենակարեւոր բաներից մեկը շարունակականությունն է։ Տարիների ընթացքում այն ընդմիջումներով ենք հրատարակել, բայց կարողացել ենք պահպանել։ Հայաստանում շատ քիչ են այն օրինակները, երբ մշակութային նախաձեռնությունը երկար տարիներ շարունակվում է՝ առանց իր հիմնական ուղղությունից շեղվելու։
Ճիշտ է, ամսագիրը մեծ տարածում չունի, որովհետեւ ընթերցողների շրջանակը բավական նեղ է, բայց մի անգամ մի երիտասարդ ասաց՝ «Ես մեծացել եմ ձեր ամսագիրը կարդալով»։ Այնքան հուզիչ էր, որ մտածեցի՝ եթե անգամ մեկ մարդու համար այն նշանակություն ունի, ուրեմն արժե շարունակել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիտեմ նաեւ, որ մեր ամսագրի նյութերն օգտագործում են դասերի ժամանակ։ Ամսագիրը ակադեմիական չէ, այն բավական ազատ ձեւաչափ ունի։
Ամսագիրը գլխավոր խմբագիր չունի։ Կատակով ասում ենք՝ «բոլորս գլխավոր խմբագիր ենք»։ Որոշումները կայացնում ենք միասին, եւ յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Եթե խմբի անդամներից մեկը դեմ է, որ որեւէ նյութ հրապարակվի կամ որեւէ թեմայի անդրադառնանք, պարզապես չենք անում դա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր հիմնական եւ մարգինալ էջերի համադրությունը ամսագրի առանձնահատկություններից մեկն է։ Ընթերցողը կարող է հանդիպել հակասական կամ իրարից տարբեր տեսակետների։ Մենք չենք ուզում ասել, որ մեր տեսակետը վերջնական ճշմարտությունն է։ Կարող են լինել տարբեր ճշմարտություններ, եւ ընթերցողն ինքն է ընտրում։
Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ի վերջո, այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված են այս աշխատանքով եւ ուզում են, որ այն շարունակվի։
Սամվել Թավադյան. Մի խոսքով՝ այստեղ ռոմանտիկ մարդիկ են հավաքված (ծիծաղում է-հեղ.)։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply