Ինչպես ծնվեց «Բաղրամյանով վերեւ–ներքեւ» գիրքը

Written by

in

2026թ. սեպտեմբերի սկզբին լույս տեսավ Բաղրամյանով վերեւ-ներքեւ (գիրք–խճանկար Երեւանի, կյանքի ու ժամանակի մասին) գիրքս, որը, թվում էր, երբեք ավարտին չեմ հասցնի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տարիներ առաջ որոշեցի սյունակ գրել Բաղրամյան պողոտայի մասին, որտեղ ապրում եմ ամբողջ կյանքս: Ավելի ճիշտ՝ ոչ թե բուն պողոտայի, այլ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնց հետ կապված տարբեր հիշողություններ ունեմ: Դրանք, սակայն, թեեւ սկսվում են Բաղրամյանից, հաճախ դուրս են գալիս Երեւանի եւ Հայաստանի սահմաններից: 

Երբ «հերոսների» ցանկն էի  կազմում, հասկացա, որ մի սյունակում հնարավոր չէ «նրանց» տեղավորել. պետք է շարք դառնա: Այդպես էլ տուժելու էր շարադրանքի ամբողջականությունը: Ի վերջո, ինքս ինձ ասացի՝ սա գիրք է լինելու, անունն էլ՝ «Բաղրամյանով վերեւ–ներքեւ»։


Գծանկարի հեղինակ՝ Արարատ Մինասյան

Երբ կազմում էի այս գրքի գլուխների նախնական ցանկը եւ գրեցի «Ակադեմիա», թվում էր՝ շենքի հետ կապված առանձնապես հուշեր եւ զուգորդումներ չունեմ։ Իսկ հետո հասկացա, որ եթե 1994 թվականիի նոյեմբերին այս շենք չգայի, հետագա լրագրողական կարիերաս եւ կյանքս լրիվ այլ ընթացք կունենային։ Թերեւս հենց Ակադեմիան է ամենակարեւոր կետն ինձ համար Բաղրամյան փողոցում՝ չհաշված «Կլորի հայաթը», որտեղ ծնվել եւ մեծացել եմ: 

2021 թվականի մայիսին որոշել էի գիրքը սկսել գրել հունիսին ու այդ ամռանն էլ ավարտել: Երեւանը ամառային քաղաք է, ու կարծում էի, որ ամառային քաղաքի մասին պետք է ամռանը գրել։ Բայց հիմա ամառները, ցավոք, արագ են անցնում, աննկատ, ոչ մեր մանկության ամառների պես, որ ասես մի ողջ կյանք ձգվեին։ 

Գիրքը սկսելու հաջորդ փորձը 2021 թվականի սեպտեմբերի կեսերին  էր: Բաղրամյան պողոտայի գետնին հայտնվում էին կաղինները, որոնցով սիրում եմ առավոտյան քայլելիս «ֆուտբոլ խաղալ»։ Ժամանակը գնում էր, կաղինները խրթխրթում էին ոտքերիս տակ, սակայն գիրքը համառորեն ընդդիմանում էր: 

Ինչեւէ, ամեն բան ունի իր ժամանակը. Այս տարվա ապրիլի 24-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ի վերջո  ծնվեց «Բաղրամյանով վերեւ–ներքեւ»–ը: Յուրաքանչյուր մայիսին վաղ առավոտյան Բաղրամյանով «իջնելիս», խխունջներ եմ տեսնում. գուցե այս անգամ նրանք օգնեցին գործն ավարտին հասցնել:


Գծանկարի հեղինակ՝ Արարատ Մինասյան

Մի անգամ իմ ընկեր Արամ Մեհրաբյանին բողոքում էի, որ գրքերը շատ ավելի դանդաղ են գրվում, քան ցանկանում եմ: «Ժամանակը, երբ գիրքը «եփվում» է գլխում, եւս ստեղծագործական ընթացք է՝ անտեսանելի արտաքին աշխարհի ու երբեմն նաեւ հեղինակի համար», – ասաց Արամը: 

Գրքում կհանդիպեք ոչ միայն ձեզ հայտնի տեղանքների եւ  շենքերի, այլեւ մարդկանց, որոնցից շատերին գուցե անձնապես գիտեք, շատերին ծանոթ եք հեռուստաէկրաններից, ոմանք էլ ձեզ հետ առաջին անգամ կխոսեն իմ հիշողությունների միջով։ 

«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում եւ Գրողների միության հարեւանությամբ (Բաղրամյան 3) գործող գրքերի կրպակում, ինչպես նաեւ առցանց՝ այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/baghramyan 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *