Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակը, ցավոք, դեռեւս շարունակում է անվստահելի լինել շատերի համար: Հատկապես քաղաքային միջավայրում, որտեղ հիվանդանոցները եւ նեղ մասնագիտական ծառայությունները հասանելի են՝ մեծահասակները որեւէ գանգատի դեպքում հաճախ նախընտրում են շրջանցել այն՝ միանգամից դիմելով հիվանդանոցներում աշխատող նեղ մասնագետների: Մինչդեռ խնդիրների մեծ մասը կարող էր լուծվել առաջնային օղակում՝ընտանեկան բժշկի կողմից։ Արդյունավետ աշխատող ընտանեկան բժիշկը կարող է վաղ շրջանում ախտորոշել խնդիրը, կարիքի դեպքում՝ ներգրավել նեղ մասնագետներին, ապահովել բուժման շարունակականությունը։
Առողջության պահպանման առաջնային օղակի նպատակը ոչ միայն հիվանդությունների բուժումն է, այլեւ շատ խնդիրների դեպքում՝ դրանց կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այս տրամաբանությամբ են աշխատում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ները՝ փորձելով ուժեղացնել առաջնային օղակի դերը, վերադարձնել բուժառուների վստահությունն ու Հայաստանում ձեւավորել ընտանեկան բժշկության նոր մշակույթ։
Մեդիամաքսի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը պատմել են այս բարդ, բայց կարեւոր ճանապարհի մասին:
«Առաջնային օղակն առողջապահական համակարգի հիմքն է»
Կարինե Աբելյան, «Ուիգմոր գրուփ»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար
Ցանկացած երկրի առողջապահական համակարգ «եռահարկ» է՝ կազմված առողջության առաջնային պահպանման, երկրորդային եւ երրորդային օղակներից։ Եթե համակարգը կայացած է, բնակչության առողջական խնդիրների մոտ 90 տոկոսը լուծվում է հենց առաջնային օղակում։ Եթե առաջնային օղակի մասնագետները պատրաստված են, կան անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, իսկ պետությունը կանխարգելիչ եւ բուժական միջամտությունների համար բավարար ֆինանսավորում է տրամադրում, ապա այս օղակը կարող է բավարարել բնակչության առողջապահական կարիքների մեծ մասը:
Կարինե Աբելյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Երկրորդ օղակը հիվանդանոցայինն է, որտեղ աշխատում են նեղ մասնագետները, իսկ երրորդ օղակ հասնում են միայն շատ բարդ, առանձնահատուկ մասնագիտական բուժում պահանջող դեպքերը:
Եթե եռահարկ այս «բուրգը» ճիշտ է կառուցված, առաջնային օղակը դառնում է շատ ամուր հիմք ողջ առողջապահական համակարգի համար: Այն իրավիճակում, երբ առաջնային օղակը պատրաստ չէ վերցնել աշխատանքի իր չափաբաժինը, հիվանդանոցային օղակը ստիպված իր վրա է վերցնում ծանրաբեռնվածության մեծ մասը․ մարդը ցանկացած խնդրով միանգամից դիմում է հիվանդանոց՝ նեղ մասնագետին։
Երբ բուժառուն առաջնային օղակը շրջանցելով նեղ մասնագետին է դիմում՝ շատ դեպքերում չի ապահովվում նրա բուժման շարունակականությունն ու հետեւողականությունը։ Հիվանդանոցի բժիշկը պարտավորվածություն չունի հետեւելու ամբուլատոր դիմած բուժառուի հետագա վիճակին, եթե վերջինս նորից ինքնուրույն չորոշի այցելել նույն բժշկին։ Բուժառուն էլ հարցին տալիս է իրավիճակային լուծում՝ «կա գանգատ, գնում եմ մասնագետի մոտ, նա ինձ բուժում է նշանակում, վերջ»:
Յուրաքանչյուր բուժառու պետք է առաջնային օղակում իր հիմնական բժիշկն ունենա՝ մասնագետ, որը տեղյակ է նրա բոլոր առողջական խնդիրներից, համակարգում է նեղ մասնագիտական խորհրդատվություններն ու իրականացված հետազոտությունները եւ բուժառուի հետ միասին պլանավորում է հաջորդ քայլերը։ Ընտանեկան բժշկությունը հենց սրա մասին է․ մարդն ունի բժիշկ, որը կատարում է կանխարգելիչ աշխատանք, տրամադրում է խորհրդատվություն, կարիքի դեպքում ներգրավում նեղ մասնագետի, համադրում բուժառուի տարբեր խնդիրները եւ նրա առողջական խնդիրներին առավել համապարփակ մոտեցում է ցուցաբերում։
«Առաջնային օղակի ուժեղացումը ծախսարդյունավետ է»
Կարինե Աբելյան
Առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքն առողջապահական ռիսկերից բացի նաեւ ֆինանսական խնդիրներ է առաջացնում: Հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածությունը լուրջ ծախս է պետության կամ հենց բուժառուի համար՝ կախված նրանից, թե ով է վճարում։
Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս կողմից, կանխարգելիչ բժշկության զարգացումը տնտեսական լուրջ առավելություններ ունի։ Շատ ավելի արդյունավետ է վաղ հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ, տարիներ շարունակ գրագետ վարելով, կանխել դրա հնարավոր բարդությունները, քան աշխատել զարկերակային գերճնշման բարդությունների բուժման ուղղությամբ՝ սրտի բարդագույն վիրահատություններ կատարել կամ ուղեղի կաթվածը բուժել։
Գաղտնիք չէ, որ այսօր բուժառուների շրջանում կա որոշակի անվստահություն առաջնային օղակի հանդեպ եւ այդ վստահությունը շահելու համար հսկայական ջանքեր են պահանջվելու։ Վստահելի, արդյունավետ գործող, որակյալ ծառայություններ մատուցող առաջնային օղակի կառույցներ ունենալու նպատակով ստեղծվեցին «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնները»:
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը
Լուսանկարը` «Ուիգմոր»
Շարունակաբար բարելավելով ծառայությունները՝ մեր նպատակն է ստեղծել այնպիսի բուժհաստատություններ, որոնք կնպաստեն կանխարգելիչ բժշկության մշակույթի տարածմանը, կիրականացնեն որակյալ եւ ապացուցահեն բժշկություն ու կօգնեն վերարժեվորել առաջնային օղակի դերը։
«Ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝ նորածնից մինչեւ տարեց»
Սոնա Տերմենջյան, ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար
Ընտանեկան բժիշկն ամբուլատոր օղակի այն մասնագետն է, որը բժշկական ծառայություններ է մատուցում ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից եւ սեռից։ Ընտանեկան բժշկի գործառույթներն ու աշխատանքի ծավալը բավականին լայն են։ Ինչպես նշեց գործընկերս, այս մասնագետը տեղյակ է ընտանիքի բոլոր անդամների առողջության պատմությանը, ժառանգականությանը։ Գիտի՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ առավել ուշադրություն է դարձնում այդ ուղղություններին:
Սոնա Տերմենջյանը
Կարեւոր է նաեւ, որ ընտանեկան բժիշկը ծանոթ է ընտանիքում եղած մթնոլորտին, մշակույթին, սովորություններին։ Եթե խոսքն, օրինակ, վնասակար սովորությունների մասին է, գիտի՝ ինչ ռիսկեր կան եւ ինչ կարելի է սպասել։ Այս մասնագետը կարող է նաեւ զրույցների միջոցով ազդել մթնոլորտի, սովորությունների առողջացման վրա՝ խորհուրդ տալով զերծ մնալ վնասակար սովորություններից եւ վարել առողջ ապրելակերպ։ Սա հոգեբանական կարեւոր կետ է, քանի որ ընտանիքի ներքին մթնոլորտն ուղիղ կապ ունի առողջության հետ։
Ստացվում է՝ ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝ նորածնից մինչեւ տարեցներ, զբաղվում է բոլոր հիվանդություններով, որոնք դեռեւս ոչ բարդ փուլում են եւ, ինչն ամենակարեւորն է, փորձում է կանխարգելել դրանց առաջացումը: Կանխարգելումը ներառում է ինչպես անհրաժեշտ սքրինինգների եւ պատվաստումների իրականացումը, այնպես էլ՝ կրթական եւ լուսավորչական աշխատանքը:
«Համակարգը չի նպաստել առաջնային օղակի բժիշկի կարողությունների զարգացմանը»
Կարինե Աբելյան
Տարիներ շարունակ պոլիկլինիկաների թերապեւտներն ու ընտանեկան բժիշկները հաճախ ընկալվել են որպես նեղ մասնագետների այցերի կամ լրացուցիչ հետազոտությունների նպատակով բուժառուներին ուղղորդող մասնագետներ։ Կա գլխացավի խնդիր, ուղղորդում էին նյարդաբանի մոտ, զարկերակային բարձր ճնշում՝ սրտաբանի եւ այդպես շարունակ:
Համակարգը չի խրախուսել առաջնային օղակի բժշկին աշխատել իր վրա, վերապատրաստումներ անցնել եւ նույն գլխացավի կամ զարկերակային ճնշման խնդիրն ինքնուրույն վարել եւ միայն անհրաժեշտության դեպքում ուղղորդել նեղ մասնագիտական խորհրդատվության։ Արդյունքում, մասնագետը, որն ունի շատ լուրջ գործառույթներ, սահմանափակել է իր իսկ հնարավորությունները, քանի որ նրանից այս հարցերի լուծումը չի ակնկալվել։
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Նոր Նորք մասնաճյուղ
Լուսանկարը` «Ուիգմոր»
Իհարկե, այլ գործոններ եւս կան։ Օրինակ, երբեմն պարզագույն հետազոտությունների հնարավորությունը եղել են միայն հիվանդանոցներում եւ կարիքի դեպքում առաջնային օղակի բժիշկը բուժառուին հիվանդանոց է ուղեգրել։
Անշուշտ, չեն եղել առաջնային օղակի բժշկի համար ֆինանսական խրախուսման մեխանիզմներ, որ նրան կմոտիվացնեին կանխարգելիչ հետազոտություններ իրականացնել կամ վարել առավել հաճախ հանդիպող քրոնիկ խնդիրները՝ զարկերակային գերճնշումը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը։
Արդյունքում ստացել ենք փակ շղթա, որը կոտրելու, հաղթահարելու ուղղությամբ էլ հիմա աշխատում ենք:
Ձեւավորել թիմ, որի կենտրոնում բուժառուն է
Սոնա Տերմենջյան
«Փակ շղթան» հաղթահարելու համար «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն-ներում» առաջին հերթին աշխատում ենք կրթական բաղադրիչի, նոր հմտությունների ձեռքբերման ուղղությամբ։ Բուժանձնակազմի համար մշտապես իրականացնում ենք դասընթացներ՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արդեն մի քանի տարի համագործակցում ենք Կանադայի, իսկ առաջիկայում նաեւ Շվեդիայի ընտանեկան բժիշկների հետ, որոնք կիսվում են իրենց փորձով: Երկրների ընտրությունը պատահական չէ, քանի որ այնտեղ ընտանեկան բժշկությունն առավելագույնս կայացած է:
Բացի այդ, իհարկե, պետք է ձեւավորել հստակ գործող համակարգ: Մեր կենտրոններում քիչ-քիչ շարժվելու ենք այն տրամաբանությամբ, ըստ որի՝ ամբուլատոր օղակը համալրված կլինի միայն ընտանեկան բժիշկներով, իսկ նեղ մասնագետները կգործեն հիվանդանոցներում։ Մինչ այդ, ինչպես նշեցի, պետք է ունենանք բազմակողմանի գիտելիքով զինված ընտանեկան բժիշկներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընդ որում, չափազանց կարեւոր է նաեւ բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մշակույթի փոփոխությունը՝ վարվելակերպը, հոգատարությունը: Բժիշկները պետք է աշխատեն որպես միմյանց հետ գործակցող թիմ, որի կենտրոնում բուժառուն է: Շատ կարեւոր է, որ սովորենք իրարից՝ ընտանեկան բժիշկները նեղ մասնագետներից եւ հակառակը։
Կարինե Աբելյան
Բժիշկ-բուժքույր գործառույթների բաշխումը եւս շտկման կարիք ունի։ Օրինակ, բուժքույրերը կարող են իրականացնել բուժառուների կրթումը, եւ բժիշկները ավելի շատ ժամանակ կունենան խնդրի ախտորոշման եւ բուժման վրա կենտրոնանալու համար։ Մյուս կողմից, բուժքույրերն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորություն կստանան:
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ
Լուսանկարը` «Ուիգմոր»
Բուժքույրերի ներգրավվածությունն ավելացնելու նպատակով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներում մշտապես աշխատում ենք նրանց կարողությունների հզորացման ուղղությամբ:
Այսօր մեր բուժքույրերը խորհրդատվություն են տրամադրում տարիքային կանխարգելիչ հետազոտությունների վերաբերյալ եւ իրենք են իրականացնում այդ հետազոտությունների մի մասը՝ անթրոպոմետրիկ չափումներ են կատարում եւ գնահատում արդյունքները, զարկերակային ճնշման սքրինինգ են իրականացնում եւ գերճնշման հայտնաբերման դեպքում՝ տեղեկացնում բժշկին, որն էլ արդեն համապատասխան խորհրդատվություն է տրամադրում։
«Պարբերաբար կանխարգելիչ ստուգումների դեպքում, գանգատին կարող է «հերթ չհասնել»»
Սոնա Տերմենջյան
Ցավոք, կանխարգելիչ մոտեցումը Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է եւ մարդիկ շարունակում են ամբուլատոր բուժհաստատություն գալ միայն հստակ գանգատի առկայության դեպքում: Իհարկե, այս տարվանից գործող համընդհանուր բժշկական ապահովագրությունը դրական է ազդել իրավիճակի վրա, եւ կանխարգելիչ նպատակով հետազոտվող մարդկանց հոսքը միանշանակ ավելացել է:
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Կենտրոն մասնաճյուղ
Լուսանկարը` «Ուիգմոր»
Այնուամենայնիվ, կան նաեւ տեղեկատվական բացեր: Մարդկանց շարունակում է թվալ, որ բոլոր կանխարգելիչ ստուգումները, առավել եւս՝ պատվաստումները, միայն երեխաների համար են: Իրականում դրանք առկա են ամեն տարիքում եւ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։
Չափազանց կարեւոր է ոչ միայն իրականացնել այդ սքրինինգները, այլեւ՝ դրանց մասին տեղեկացնել հանրությանը, բարձրացնել իրազեկվածությունը, մարդուն «բերել» բուժհաստատություն։ Պետք է բուժառուի մոտ ձեւավորել վստահություն, որ առողջական խնդիրների կանխարգելումը միակ ճիշտ մոտեցումն է: Այդ դեպքում առողջական գանգատին, գուցե, նույնիսկ «հերթ չհասնի»:
Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Համընդհանուր ապահովագրության շրջանակում առկա սքրինինգային փաթեթից բացի, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներում առաջարկում ենք նաեւ մեր կողմից մշակված սքրինինգային ծրագրերը։ Այսինքն բուժառուները կարող են լիովին անվճար կատարել մի շարք հետազոտություններ՝ այդպիսով կանխարգելելով հիվանդության առաջացումը կամ առնվազն՝ դրա հայտնաբերումը բարդացած փուլում:
Կանխարգելիչ միջոցառումների թե՛ պետության, թե՛ մեր կողմից մշակված փաթեթները բավականին ընդգրկուն են՝ ներառելով ամենապարզ գործառույթներից մինչեւ տարբեր հետազոտություններ։ Դրանք հասանելի են «Ուիգմոր» պոլիկլինիկաներում կցագրված բոլոր բուժառուներին՝ անկախ համընդհանուր առողջության ապահովագրության համակարգում նրանց ընդգրկված լինելու կարգավիճակից։ 18 տարեկանից սկսած մեր կենտրոններում տրամադրում ենք խորհրդատվություն առողջ ապրելակերպի վերաբերյալ, չափում զարկերակային ճնշումը, որոշում քաշը, հասակը եւ այլն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատում ենք նաեւ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Կանանց դեպքում իրականացվում է մամոգրաֆիկ հետազոտություն, որը հասանելի է 40 տարեկանից բարձր բուժառուներին: Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց համար իրականացնում ենք պապիլոմավիրուսի թեստավորում (HPV): 50-70 տարեկանից սկսած՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ հաստ աղու քաղցկեղի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման նպատակով կատարում ենք կղանքի իմունոքիմիական հետազոտություն։ Տղամարդկանց դեպքում շեշտադրում ենք նաեւ որովայնային աորտայի անեւրիզմայի հայտնաբերման հետազոտությունը՝ Ուիգմորում կցագրված բոլոր 65-75 տարեկան արական սեռի բուժառուներին։
Կրկին որպես հավելյալ սքրինինգ իրականացնում ենք նաեւ հետազոտություններ թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով։ Այս հետազոտության թիրախային խմբերը 15 եւ ավելի տարի ծխողներն են, ընտանիքում թոքերի քաղցկեղ ունեցողները, քիմիական արտադրական նյութերի հետ աշխատողները, թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցողները․ նրանց պարտադիր հրավիրում ենք տարին մեկ անգամ կատարելու ցածր ինտենսիվությամբ թոքերի համակարգչային շերտագրում:
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ
Լուսանկարը` «Ուիգմոր»
Ինչ վերաբերում է պատվաստումներին, այստեղ եւս կան հստակ ցուցումներ։ Օրինակ՝ 26 տարեկանից սկսած՝ 10 տարին մեկ պարբերականությամբ, կատարվում է դիֆթերիայի եւ փայտացման դեմ պատվաստումը: Կարեւոր է նաեւ գրիպի դեմ սեզոնային պատվաստումը, քանի որ հանրության մեջ շատ թեթեւ ընկալվող այս հիվանդությունն իրականում բավականին լուրջ վիրուս է: Կատարում ենք նաեւ պապիլոմավիրուսի դեմ պատվաստում, որը բացի ազգային օրացույցով 13 տարեկան աղջիկների համար նախատեսված խմբից, պետությունն առաջարկում է 15-45 տարեկան կանանց եւ տղամարդկանց: Կանանց դեպքում դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի եւ մի քանի այլ քաղցկեղների կանխարգելումն է։
«Ընտանեկան բժշկության կայացումը բարդ, բայց շնորհակալ գործ է, քանի որ արդյունքն առողջ հասարակությունն է»
Կարինե Աբելյան
Միանշանակ է, որ առողջության առաջնային պահպանման օղակը ողջ առողջապահական համակարգի ողնաշարն է։
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը
Լուսանկարը` «Ուիգմոր»
Այս օղակի կայացումը չափազանց կարեւոր է թե՛ յուրաքանչյուր մարդու առողջության պահպանման, թե՛ մեր բնակչության կյանքի միջին տեւողությունը երկարացնելու, թե՛ կյանքի որակը բարելավելու եւ թե՛ պետության ռեսուրսների արդյունավետ ծախսման տեսանկյունից։
Շեշտը կանխարգելիչ բժշկության վրա դնելով՝ կկարողանանք կանխել սրտանոթային հիվանդություններից եւ որոշ քաղցկեղներից առաջացած վաղաժամ մահերը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Առողջ ապրելակերպի ապացուցահեն մոտեցումների քարոզչությունը կարող է փոխել մեր հանրության վերաբերմունքն իր առողջության հանդեպ, երբ ծխելը, ավելորդ քաշ ունենալը, նստակյաց ապրելակերպն այլեւս տրենդային չեն համարվի։
Հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորս՝ բուժաշխատողները, լրատվամիջոցները, կրթական համակարգը մեկտեղենք մեր ջանքերը։ Այսօր ստեղծվել են բարենպաստ պայմաններ իրավիճակը փոխելու համար։ Սա բարդ, բայց նաեւ շատ շնորհակալ գործ է, որն ի վերջո տալու է իր արդյունքն առավել առողջ հասարակության տեսքով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply